Ամուլսարում հանքարդյունաբերության շահերը բախվում են կենսաբազմազանության եւ գյուղատնտեսության շահերի հետ

Ամուլսարում հանքարդյունաբերության շահերը բախվում են կենսաբազմազանության եւ գյուղատնտեսության շահերի հետ

ԷկոԼուր

Ամուլսարի տարածքի մասին հաճախ ասվել է, որ այն զերծ է բուսականությունից: Կենդանական եւ բուսական աշխարհի մասին որեւէ խոսք չկա նույնիսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի Տիգրանես տեղամասի շահագործման նախագծում: 2009թ. Նախագիծը ստացել ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննության դրական եզրակացություն:

 Իրականում Ամուլսարի շրջակայքը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով: Տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Այստեղ ապրում են 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 12 տեսակի սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակի ձկներ:

Այստեղ այցելում են նաեւ զբոսաշրջիկներ: «Պարսիկ զբոսաշրջիկները հիացել են տեղի հարուստ բնությամբ եւ իրենց համար տարածքից դեղաբույսեր են հավաքել»,- «Էկոլուր»-ին պատմեցին տեղացիները:

Ամուլսարի ստորոտի մարգագետիններում արածում են տեղի համայնքների նախիրներն ու հոտերը: Տեղացիները կաթը հանձնում են կաթի գործարան, որը կաթնամթերք է մատակարարում Ջերմուկ առողջարանին, Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներին:

Նշենք նաեւ, որ բացի արոտավայրերից տարածքում կան  նաեւ ծիրանի այգիներ, մշակված հողատարածություններ:

Երբ կսկսվի հանքի շահագործումը, այս ողջ տարածքը կգտնվի հանքի ազդեցության տակ` հատկապես պայթեցումներից առաջացած փոշու եւ լցակույտերի ազդեցության տակ, որոնք պարունակում են ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր:

Մյուս խնդիրը, որը կառաջանա հանքի շահագործումից ջրերի աղտոտումն է:  Հանքավայրի երկու կողմերում գտնվում են Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները: Ընդ որում Սպանդարյանի ջրամբարը Հայաստանի երկրորդ ամենամեծ ջրամբարն է` 257մլն խմ տարողությամբ, եւ տեղակայված է Գոր Հայք գյուղի մոտակայքում, որը մտնում է հանքավայրի ազդեցության գոտում: Սպանդարյանի ջրամբարից Արփա-Որոտան թունելով ջուրը հոսում է Կեչուտի  ջրամբար, որտեղից էլ Արփա-Սեւան թունելով` Սեւանա լիճ: Այստեղով հոսում է նաեւ Որոտան գետը:

Հիշեցնենք, որ այս հանքավայրի բաց եղանակով շահագործման արտոնագիրը «Lydian International» ընկերությանն է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ֆինանսավորումն իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից, իսկ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (EBRD) «Lydian International» ընկերության բաժնետերն է:


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 20, 2011 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր