«Գեոթիմ»-ի պատասխանը Ամուլսարի վերաբերյալ Սյունիքի ՀԿ-ի հարցերին

«Գեոթիմ»-ի պատասխանը Ամուլսարի վերաբերյալ Սյունիքի ՀԿ-ի հարցերին

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ հանքը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերությանը:

Նամակում Արթուր Ղազարյանը հարցնում է.

«1. Ի՞նչ իրավական հիմքերով և ինչպիսի՞ ընթացակարգերով է որոշվել Ամուլսարի հանքավայրի ազդեցության գոտում գտնվող համայնքների (ազդակիր համայնքներ) ցանկը

2. ի՞նչ մեթոդաբանական ձեռնարկներով է առաջնորդվել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը Ամուլսարի հանքավայրի նախագծի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննությունն իրականացնելու համար,

3. մասնավորապես շրջակա  միջավայրի ո՞ր բաղադրիչներն են փորձաքննության ենթարկվել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից (մակերեսային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցություն, կենսաբազմազանության՝ այդ թվում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա ազդեցություն, Ջերմուկ քաղաքի և հարակից համայնքների տնտեսական գործունեության վրա բացասական ազդեցություն և այլն),

4. ինչպիսի՞ ելակետային տվյալներից է օգտվել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փորձաքննություն իրականացնելիս: Կից խնդրում եմ տրամադրել ստորգետնյա ջրերի, դրանց քիմիական բաղադրության վերաբերյալ ելակետային տվյալները և դրանց վրա ազդեցության փորձաքննական եզրակացության տվյալները,

5. Ամուլսարի հանքավայրի ազդեցության անմիջական գոտում գտնվող Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների գետավազանների հատակային սուբստրատների մորֆոլոգիական և էկոքիմիական հետազոտությունների տվյալները և ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության տվյալները դրանց վրա ազդեցության վերաբերյալ,

6. մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննական եզրակացության տվյալները,

7. Ամուլսարի հանքավայրի արդյունահանման ազդեցության գոտում գտնվող տարածքներում մշակաբույսերի  և բնակչության կողմից օգտագործվող վայրի պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի քիմիական բաղադրության հետազոտություններն ու գնահատականները, ինչպես նաև բնապահպանական փորձաքննական եզրակացության տվյալները՝ այդ բույսերի բերքի որակի և քանակի վրա ազդեցության վերաբերյալ»:

Նամակին պատասխանել է Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալումյանը: Պատասխանում ասված է. «Այժմ «Գեոթիմ» ընկերության կայքում ՇՄԱԳ-ից բացի հասանելի է նաեւ միջազգային Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ), որը 8 հատորից բաղկացած անկախ հետազոտություն է: Այն ներառում է Ձեր կողմից վերհանվող հարցերի պատասխանները, եւ տալիս է Ամուլսարի շահագործման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի և դրանց կանխման և կառավարման մեխանիզմների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Միջազգային ԲՍԱԳ հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Ամուլսարի ԲՍԱԳ-ի մշակմանը մասնակցել են տասնյակ միջազգային հեղինակավոր փորձագետներ:

ԲՍԱԳ-ը մատչելի է այստեղ` http://geoteam.am/publications.html»:

Հունիս 09, 2015 at 18:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր