ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը կասեցրել է Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքից:
Ըստ ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորող հանձնաժողովի` օգոստոսի 26-ի նիստի եզրակացության, «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի թվով 18 պահնորդները հունիսի 28-ից Ամուլսարի տարածքում ծառայություն են իրականացրել առանց համապատասխան որակավորման ստուգում անցնելը հավաստող փաստաթղթի:
«Պահնորդները ունեցել են միայն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատություններից ստացած մասնագիտական ուսուցում անցնելու և պահնորդի որակավորում ստանալու վկայականներ, սակայն չեն դիմել ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի կողմից պահնորդի որակավորման փաստը հավաստելու ստուգմանը մասնակցելու համար և չէր ստացվել համապատասխան վկայականներ»,- նշված է եզրակացության մեջ:
Հանձնաժողովը կասեցրել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի գործունեության իրականացումը Ամուլսարի տարածքում մինչև համապատասխան որակավորման ստուգում անցած պահնորդներ ապահովելը:
Լուսանկարը՝ Հայկական բնապահպանական ճակատի
Սեպտեմբեր 03, 2020 at 13:25