ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը Ամուլսարի խնդրի մասին. «Որոշումների կայացման փուլում ենք»

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը Ամուլսարի խնդրի մասին. «Որոշումների կայացման փուլում ենք»

Ամուլսարի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է․ կառավարությունը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Այս մասին ս․թ․ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքում Ամուլսարի շուրջ ընթացող վերջին իրադարձություններին։ 

«Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կար տարբեր մարմիններում, մասնավորապես, քննչական մարմիններում գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս։ Դուք գիտեք, որ օրենքի շրջանակներում և ընդհանրապես իրավական դաշտը հանքարդյունաբերության ոլորտում, ըստ էության, կարելի է արձանագրել, որ գոյություն չունի, և դրանով է նաև այդ թվում պայմանավորված որոշումների կայացման զգուշավորությունը կառավարության կողմից, որովհետև մենք գիտենք, որ ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի համար, այլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի համատեքստում։ Ըստ այդմ, այդ որոշումների կայացման փուլում ենք մենք։ Մենք ունեցել ենք խորհրդակցություն վերջերս տվյալ թեմայի վերաբերյալ»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց, որ ներկայում տեսչական մարմինների համակարգման գրասենյակը օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, որով բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում այս ոլորտի վերաբերվյալ․ «Դրանք տեսչական մարմնին հստակ հիմքեր կտան կոնկրետ գործողություններ իրականացնելու կոնկրետ իրավիճակներից ելնելով, որոնց հնարավորությունը, որ ներկայիս օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն։ Ինչպես նաև, բնականաբար, շրջակա միջավայրի նախարարությունը՝նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ մենք կունենանք, և համապատասխանաբար կներկայացնենք հանրությանը»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք Կառավարությանը մտահոգում է այն, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը արձագանքեց․  «Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը: Եվ միակ գործոնը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ շահերն են»։

Սեպտեմբեր 04, 2020 at 15:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր