

ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում իրարանցում է՝ կապված «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ին հողեր վաճառելու հետ: Այս հողերի վրա ընկերությունը նախատեսում է կառուցել ցիանային ֆաբրիկա և ոսկի կորզել Ամուլսարի հանքավայրի հանքաքարից: Հիշեցնենք, որ դեռևս անցյալ 2014 թվականին «Գեոթիմ» ընկերությունը բնակիչներին ներկայացրեց պայմաններ, որոնցով ինքը մտադիր է գնել հողերը: Հիմնականում տարածքները զբաղեցված են մրգատու այգիներով և անասունների համար նախատեսված խոտով: Յուրաքանչյուր առանձին դեպքում գնահատվել է տարածքի չափը, մրգատու ծառերի տարիքը կամ ապագա բերքի արժեքը:
ԷկոԼուրի խումբը այցելեց Գնդեվազ համայնք և պարզեց հետևյալը:
Հողերի համար ստացված գումարները շատ մեծ են: Կարճ ժամանակահատվածում համայնքի որոշ բնակիչներ ընկերությունից ստացել են 1-ից մինչև հարյուրավոր միլիոն դրամ (օրինակ, նշում են նման թվեր՝ 450.000 դոլար, որը փոխանցվել է մեկ հոգու): Մեզ հաջողվեց ծանոթանալ պայմանագրի հետ, որի համաձայն, 0.1779 հեկտար տարածքով մրգատու այգու համար պետք է վճարվի 1 338 690 դրամ (մոտ 2.800 դոլար): Մենք փորձեցինք ամենամեծ գումարները ստացած բնակիչներից իմանալ վճարումների հստակ չափը: Սակայն նրանք հրաժարվեցին նշել դրանք: Բայց ասացին, որ, հավանաբար, կհեռանան, քանի որ գյուղում անհնար կլինի ապրել ցիանային ֆաբրիկայի ռիսկերի պատճառով: Ամուլսարի ծրագրի զարգացման հետ հողեր վաճառողներից քչերն են Գնդեվազում հույսեր կապում ապագայի համար: Այսպիսով, առաջինը ինչ արեցին գյուղացի «միլիոնատերերը», գնեցին մեքենաներ, իսկ ամենահարուստները՝ բնակարան Երևանում:
«Գյուղում կա 320 տնտեսություն, որից 130-ը համաձայնել է գործարքի, մեկը շատ, մեկը քիչ փող է ստացել: Բայց դա չի նշանակում, որ եթե մեկը գործարք արեց, առք ու վաճառք արեց, բնականոն ինքը ստորագրում է, որ համաձայն է Ամուլսարի հանքի գործունեությանը: Դրանով ինձ է գցում կրակը, հարևանին, մյուսին: Ինքը հաշվի չի առնում, որ իր ստորագրությամբ ինձ էլ է գցել կրակը, իմ երեխաներին էլ չէ՞, ինքը արդեն համաձայնվել է: Այսինքն, սխալ է: Գործարքի սխալը որտեղից է գալիս. պետք է համընդհանուր հարցում արվի՝ համաձայն եք, համաձայն չեք, ծախում եք, չեք ծախում: Եթե տարհանում է, թող բոլորին տարհանի», - վրդովվում է Գնդեվազ համայնքի բնակիչ Արմեն Համբարձումյանը:
Հողերի վաճառքի գործընթացը ուշագրավ է նրանով, որ հարուստները դարձան ավելի հարուստ, իսկ աղքատները, վաճառելով փոքրիկ տարածքը, զրկվեցին իրենց մի կտոր հացից: ԷկոԼուրի հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում վաճառեցիք, բնակիչները պատասխանեցին. «Ընկերությունը մի անգամ եկել է էստեղ, բայց մեր գյուղից երևի 5 հոգի մարդ է եղել էդ ժողովին: Մենք էլ ամբողջ գյուղով վեր կացանք, էդ ժողովին չմասնակցեցինք: Ըտենց էլ առաց մեզ սաղ ծախեցին, առան, դրին... Ախ ստիպված ենք վաճառել, ուրիշ ճար չկար: Կողքի մեծ հողակտորները որ տվեցին, էն մանրները ինքնահոս կերպով դուրս են գալիս: Վաղը կդնի, կցանկապատի, ջուրն էլ կկտրի: Ի՞նչ պետք է անենք: Չես կարողանա 2 մեշոկ կարտոշկա հանես... Ով ունի՝ կթողնի կգնա, ով էլ չունի, այ էսպես կտառապի...»:
Բայց ոչ բոլոր գնդեվազցիներն են հետևում այդ հոգեբանությանը: Սամվել Պողոսյանը հրաժարվեց հողերի վաճառքից, և այսպես հիմնավորեց իր որոշումը. «Ինձ ամենաշատը ջղայնացնում է՝ ինչ է լինելու այն պարագայում, եթե ես հրաժարվեմ վաճառել իմ հողամասը: Օրենքը հնարավորություն է ընձեռում անլուծելի տարաձայնությունները հաղթահարել հողամասերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու ճանապարհով: Եթե այդ կարգի բան կարող է ասել կառավարությունը կամ կառավարության ղեկավարը, կառավարության ներկայացուցիչը, ինչո՞ւ մի հատ ինչ-որ կղզիաբնակ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության ենթակա Հայաստանում ստեղծված կազմակերպությունը ինձ վախեցնում է, որ գերակա շահ կճանաչեն: Ասեցի՝ էդ ո՞վա գերակա շահ ճանաչողը, ասեց ՝կառավարությունը, ասեցի էդ թուղթը տուր՝ ես ստորագրում եմ... Գերակա շահը, չգիտես ինչի, համարում են բոբո, վախեցնում են, բայց գերակա շահ չի նշանակում, որ ինձնից հողը պետք է խլեն»:
Գնդեվազի բնակիչների միջև շահերի բախումը սրանում է: Հարց է մնում՝ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չեն ստացել փոխհատուցում: Իրենք ոչ մի տեղ չեն կարող հեռանալ ցիանային ռիսկերից և հանքարդյունաբերությունից, և իրենք կունենան գյուղատնտեսական արտադրանքի կորուստ:
Սևակ Մկրտչյան` Գնդեվազի բնակիչ. «Ես էս գյուղի բնակիչ, էդ գործերը սկսելուց հետո ես այդ տարածքից խոտ էի հնձում, բերում: Մի քանի տարի առաջ բերեցինք էդ խոտը, անասունը չկերավ էդ խոտը, ու իմացանք՝ թունավոր է: Իրենք ասում են՝ թունավոր չի, բայց անասունը որ անասուն էր, էդ դեղին խոտհարքի էդ տեղի խոտը չկերավ: Իրանք ասում են՝ վնաս չի, բայց դե վնասա: Ես անհանգստանում եմ իմ առողջության համար, իմ երեխուս առողջության համար...»:
Ալիկ Մնացականյան` Գնդեվազի բնակիչ. «Մի 3 հեկտար ծիրանի այգի էլ ներքևնա, առնող էլ չկա, առնում են ի՞նչ անեն: Ում որ պետք էր առան էլի: Մարդիկ ծախեցին, կգնան քաղաքում տուն կառնեն, ով հնարավորություն ունի առնելու, ով էլ չունի, ինչ իմանամ, ինչ կլինի վերջը: Լավ բան չի ստացվում»:
Բնակիչներ. «Մի կարծեք, թե մի քանի հոգի համաձայնվել է դրա հետ, ժողովուրդը ամբողջությամբ կողմ է, չէ, շատ-շատերն են դեմ: Փողն էր` բոլորի վրա ազդեց, որոշումն անկախ իրանցից է»:
Հունիս 17, 2015 at 14:18