

ԷկոԼուր
«Lydian International» ընկերությունը կազմակերպում է մի շարք հասարակական քննարկումներ Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթի վերաբերյալ:
Հուլիսի 23-ին միջոցառումը տեղի ունեցավ Երևանում:
Հիմնական նպատակը, ինչպես նշված է պաշտոնական հրավերում, Ամուլսարի ծրագրի հիմնական դոնորներից` Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ֆինանսավորում ստանալն է, որոնք պարտավոր են է հետևել էկվատորյան սկզբունքներին:
Այդ սկզբունքները նախատեսված են` բացահայտելու, գնահատելու եւ կառավարելու սոցիալական եւ էկոլոգիական ռիսկերը եւ ազդեցությունները` կանխելու առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը այն ծրագրերից, որոնք ստանում են ֆինանսական զարգացման ինստիտուտների աջակցությունը:
ԲՍԱԳ-ի ամբողջ քննարկման գործընթացը իմիտացիոն բնույթ է կրում: Քննարկման ներկայացված ծավալուն փաստաթղթերում չկան Ամուլսարի ծրագրի իրական ռիսկերի նկարագրությունը եւ գնահատումը: Չկան ապացույցներ, որ այդ ռիսկերը կառավարելի են: Առաջին հերթին խոսքը ռազմավարական ջրային ռեսուրսների` Արփա եւ Որոտան գետերի ավազանների, Սևանա լճի, Կեչուտ և Սպանդարյան երկու ջրամբարների հնարավոր աղտոտման է:
Հաջորդը, «Ջերմուկ» հանքային ջրերի համար անդառնալի ռիսկերն են բարձր սեյսմիկ գոտում Ամուլսարի հանքավայրի հնարավոր պայթեցումների հետեւանքով եւ եւ Ջերմուկ առողջարանի բրենդի կորուստը:
Հաջորդը` ռիսկեր կարմիր գրքում գրանցված տեսակների համար, որոնք բնակվում են Ամուլսարի ծրագիրի ամբողջ ենթակառուցվածքում: Հաջորդը, հողի աղտոտումը, որը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրության անկման և էկոլոգիական միգրացիայի:
Այսպիսով, փաստաթղթում ամբողջությամբ անտեսվում են բնապահպանական օրենսդրության խախտումները, որոնք բազմիցս հրապարակայնորեն ներկայացված են եղել իրավաբան-բնապահպանների կողմից (հղումներ): Թվարկենք խախտումները հոդված առ հոդված:
Խախտվել են`
- «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը` «Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»:
- ՀՀ Հողային օրենսգրքի 21-րդ հոդվածը` առողջարանների տարածքներում սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ, որտեղ արգելված են պայթեցումներ կատարել եւ ծավալել շրջակա միջավայրը աղտոտող ցանկացած տնտեսական գործունեություն:
- ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածը` ՀՀ ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության, և սահմանված են հատուկ պահանջներ դրանք պահպանելու համար:
- ՀՀ Ջրային օրենսգրքի 108-րդ հոդվածը` արգելվում է ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը:
- ՀՀ Ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածը` կեղտաջրերը ընդունելու համար արգելվում է օգտագործել այն ռեսուրսը, որը պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ, գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում, առողջարանների հարևանությամբ, ինչպես նաև հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման, արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
- 18.09.2008թ. «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» հ.1064-Ն որոշումը. «4. Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի»:
- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը` արգելվում է բնակավայրերում հանքակույտերի, լցակույտերի տեղադրումը, մթնոլորտային օդը փոշով, վնասակար նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը:
- ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածը` արգելվում է ընդերքի օգտագործումը, եթե այդ տարածքներում կան գերեզմաններ, բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ, ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիները:
- ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը` պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո:
- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածները` ՀՀ կենդանական աշխարհի և բուսական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության:
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` գնահատում ու փորձաքննություն կատարելիս, պետք է առաջնորդվեն առողջության, բնականոն ապրելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և կենդանական ու բուսական աշխարհի պահպանման անհրաժեշտությունից, հաշվի առնելով ներկա և ապագա սերունդների շահերը:
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը` շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:
- ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:
- ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի նորմը` պետությունը պարտավոր է ապահովել «Շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
- ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը` չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»:
Այս ԲՍԱԳ փաստաթղթում, որը ստեղծվել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացություն ստանալուց 6 ամիս հետո, չկա ոչինչ եզրակացության մեջ ներկայացվածդ 6 պահանջներից որեւէ մեկի կատարման մասին:
Հասարակությունը բազմիցս դիմել է IFC-ի եւ EBRD-ի ֆինանսական հաստատություններ` մանրամասն նկարագրելով ռիսկերը, ներկայացրել է անկախ փորձագետների, գիտնականների կարծիքները, սակայն ստացել է պատասխան, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման որոշումը դեռ կայացված չէ:
Մենք կոչ ենք անում ներդրողներին սկզբունքային լինել իրենց կայացրած սոցիալական եւ բնապահպանական քաղաքականության մեջ, հաշվի առնել նախկինում ներկայացված Ամուլսարի ծրագրի անկառավարելի ռիսկերի բոլոր ապացույցները և նախագիծը բերել Ա կատեգորիայի` ամենավտանգավոր կատեգորիայի մակարդակի, ճանաչել օրենսդրական էական խախտումները, ընդունել Ամուլսարի նախագծի տնտեսական անկարողությունը և հրաժարվել Lydian-ի հիմնադիր կապիտալի բաժնետոմսերից:
Հուլիս 24, 2015 at 17:47