

ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանի բնակիչները, ի տարբերություն տեղի ադմինիստրացիայի, չեն ցանկանում իրենց առողջարանային և զբոսաշրջային քաղաքը զոհ տալ հանքարդյունաբերությանը: «Ամենակարևոր հարցերից մեկը պայքարն է Ամուլսարի հանքի դեմ», - ասացին ջերմուկցիները:
Հիշեցնենք, որ բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Lydian International LLC» ընկերությունը` ի դեմս իր դուստր «Գեոթիմ» ընկերության, Ջերմուկ զբոսաշրջային և առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա պատրաստվում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքը և վերամշակել ոսկու հանքաքարը ցիանային եղանակով:
Պահանջում են Ջերմուկը ճանաչել ազդակիր համայնք
Եվ «Lydian»-ը, և Հայաստանի պատկան մարմիններն այդպես էլ չճանաչեցին Ջերմուկը որպես Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնք: Դեռևս 2013 թվականին Ջերմուկի բնակչուհի Վիկտորյա Գրիգորյանը դատի էր տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին` դատարանից պահանջելով պատասխանողներին պարտավորեցնել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչությանը, որոնց թվում եւ հայցվորին ճանաչել որպես Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդակիր համայնք: Սակայն ՀՀ եւ վարչական, եւ վերաքննիչ, եւ վճռաբեկ դատարանները մերժեցին Ջերմուկի բնակչի հայցադիմումը:
Դեռևս 2012 թվականին հանքի շահագործմանը դեմ բնակիչներին աջակցում էր Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով անգամ նամակ էր հղել «Գեոթիմ» ընկերությանը, որում, մասնավորապես, նշված էր. «2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշմամբ արդեն իսկ ուրվագծել է իր զարգացման ուղին, և քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը «Ջերմուկ» բրենդի վրա չի կարող որևէ ազդեցություն չթողնել: Քաղաքն այժմ ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն, ի լուր աշխարհի հայտնում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունն ընտրել է առաջին տարբերակը»:
Ընդամենը մեկ տարի անց նույն ինքը՝ Վարդան Հովհաննիսյանը, հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը չի խանգարի Ջերմուկի զարգացմանը:
«Բոլորս էլ հասկանում ենք՝ ոնց դա եղավ...Մեր քաղաքապետն ասում է, որ հանքարդյունաբերությունը կարող է զուգընթաց գնալ տուրիզմի հետ...«Գեոթիմ»-ն էլ ասում է՝ փոշին 100 մետրից ավել չի գնալու, երևի մոմլաթ են քաշելու երկնքում... Գործարարներ պետք է պայքարեն, այստեղ բիզնես ունեն՝ գործարաններ, առողջարաններ...Իսկ ես 2 սենյականոց բնակարան ունեմ, դուռս կփակեմ, կգնամ», - ասացին Ջերմուկի բնակիչները:
Ինչ կմնա՞ Ջերմուկից Ամուլսարից հետո
«Ամբողջ քաղաքը հեչա լինելու, ամբողջ Հայաստանն է հեչ լինելու... «Գեոթիմ»-ը ամեն ինչ արել, վերջացրել է, նոր եկել՝ կարծիք է հարցնում: Իրենց ասելով՝ Ջերմուկին ոչ մի վնաս չի հասցվելու: Ինչքան մարդ պետք է տգետ լինի, որ չհասկանա՝ ինչ վնասներ է պատճառելու հանքը Ջերմուկին», - ասում են Ջերմուկի բնակիչները:
Հոկտեմբեր 12, 2015 at 12:10