Մեկնաբանություններ Հայաստանին առնչվող EBRD-ի նոր Ռազմավարության վերաբերյալ

Մեկնաբանություններ Հայաստանին առնչվող EBRD-ի նոր Ռազմավարության վերաբերյալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է որոշ մեկնաբանություններ՝ կապված Հայաստանի վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նոր Ռազմավարության հետ: EBRD-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսին ուղղված նամակում մասնավորապես ասված է.

«Հայաստանի համար EBRD-ի ինչպես նոր, այդպես էլ հին ռազմավարության մեջ բացակայում է EBRD-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վերաբերյալ պարտադիր գնահատման պահանջը ոչ միայն կապիտալի ներդրման չափի մասով, այլ նաև սոցիալ-տնտեսական-էկոլոգիական չափանիշների, որոնք արտացոլում են իրավիճակը շահագրգիռ խմբերում` տեղի բնակչություն, քաղաքացիական հասարակություն, բիզնես ոլորտ: Որպես կանոն, նախագծերի մոնիտորինգն անցկացվում է կողմերի ներսում, ովքեր ուղղակի կերպով հետաքրքրված են տվյալ վարկով: Եվ հենց նրանց կարծիքն է գերիշխում: Սա հատկապես վերաբերում է նախագծի սոցիալական և էկոլոգիական ազդեցության գնահատմանը:

Փաստորեն, բանկի կողմից ընդունված սոցիալական պատասխանատվության քաղաքականությունն ոչ մի կերպ արտացոլված և գնահատված չէ: Անհրաժեշտ է մշակել իրականացվող նախագծերի մոնիտորինգի և արդյունավետության գնահատման մեխանիզմներ, ընդ որում, ներառել քաղաքացիական հասարակությանն ինչպես առաջարկությունների պատրաստման, այդպես էլ նախագծերի արդյունավետության մոնիտորինգի գործընթացում:

Հարկավոր է վերանայել Ռազմավարության առաջնահերթությունները, որոնք ներկայացված են՝ ելնելով բացառապես բանկի և նրա հետ անմիջական կապ ունեցող պաշտոնյաների շահերից:

Ռազմավարության առաջնահերթությունների հարցում բացակայում է քաղաքացիական հասարակության կարծիքը, որը բազմիցս այն հայտնել է ոչ միայն բանկի ղեկավարներին, այլ նաև տարբեր հանրային հարթակներում, մամուլում: Նախ և առաջ խոսքը վերաբերում է Ամուլսարի նախագծին: Առաջարկվող ռազմավարության մեջ Ամուլսարի նախագիծը դիտարկվում է որպես «պատասխանատու» հանքարդյունաբերության օրինակ: Ընդ որում, Ռազմավարության մեջ ոչ մի խոսք չկա անկախ մասնագետների այն բազմաթիվ գնահատականների մասին, ովքեր Ամուլսարի նախագիծը տնտեսական տեսանկյունից գնահատում են որպես չկայացած և ծայրահեղ վտանգավոր սոցիալական և էկոլոգիական տեսանկյունից: Օբյեկտիվությունը պահանջում է ներկայացնել Ռազմավարության մեջ նաև հնչեցրած բացասական գնահատականները և միայն դրանից հետո դիտարկել Ամուլսարի նախագիծն առաջնահերթությունների տեսանկյունից:

Հայաստանի համար նոր Ռազմավարության նախագծի կետերից մեկը նվիրված է հասարակական սեկտորին: Այնտեղ ասված է. «Քաղաքացիական հասարակությունը, զանգվածային լրատվության միջոցները բազմակողմանի են եւ ակտիվ, ոչ ֆորմալ խմբերի մասնակցությամբ առավել զգալի դեր են խաղում քաղաքային միջին խավի քաղաքացիական ակտիվության մոբիլիզացիայի հարցում...Իշխանությունները համբերատարություն են ցուցաբերում քննադատող ռեպորտաժների նկատմամբ: Համացանցում ազատությունը հարգում են: Միաժամանակ, հասարակության վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ մնում է ցածր, ինչը հանգեցնում է քաղաքական գործընթացների մեջ մասնակցության ցածր մակարդակի...»:

Սակայն, Ռազմավարության բոլոր ներկայացված որոշումներում հասարակական սեկտորի դերը արհամարհված է: Սա արտացոլում է նաև բանկի ներկայիս քաղաքականությունը, համենայն դեպս՝ Հայաստանում: Վերջին երկու տարվա ընթացքում EBRD-ի երևանյան գրասենյակը չի նախաձեռնել ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ հանդիպում այն հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ շարժումների հետ, որոնք ցուցաբերել են ակտիվություն EBRD-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի մոնիտորինգում:

Ավելին, Բողոքների դիտարկման գրասենյակը (PCM), որը պետք է անկախ լինի որոշումների կայացման հարցում, առանց հիմնավորման մերժել է «Lydian International» ընկերության կողմից  իրականացվող Ամուլսարի նախագծի վերաբերյալ ստացած բողոքները: EBRD-ին է պատկանում «Lydian International» ընկերության բաժնետոմսերի 7.3 տոկոսը: Հաշվի առնելով ունեցած փորձը և հետագա տարաձայնություններից խուսափելու համար` հարկավոր է նախագծերի գնահատականի մեջ ներառել  Էկոլոգիական եւ սոցիալական ազդեցության գնահատականի  (ESIA) այլընտրանքային գնահատականը և դիտարկել այն սեփական գնահատականի հետ հավասար մակարդակի վրա»:

Նոյեմբեր 03, 2015 at 13:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր