Մասնագետներ` Ամուլսարը նոր հայտնաբերված հանքավայր չէ

Մասնագետներ` Ամուլսարը նոր հայտնաբերված հանքավայր չէ

ԷկոԼուր

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ Ամուլսարը նոր հանքավայր է, որը ընկերությունն ուսումնասիրել է 2006 թ-ից եւ հայտնաբերել է  «միջազգային չափանիշներին համապատասխանող հաքարդյունահանվող պաշարներ»: Ըստ «Լիդիան»-ի` Ամուլսարի պաշարների գնահատականը հետևյալն է. 60 տոննա ոսկի` 0,77 գրամ ոսկի տոննայում, 273 տոննա արծաթ` 3.6 գրամ արծաթ տոննայում:  Ամուլսարի` որպես նոր հանքավայրի պաշարների հետազոտությունների համար Լիդիանը ծախսել է 42 միլիոն դոլլար, որից  Վերակառուցման եւ ցարգացման բանկը (EBRD)`14,5 միլիոն դոլլար եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)` 17.3 միլիոն դոլլար:

Ամուլսարի ծրագրով կորզվելու է միայն ոսկին և արծաթը:

Այս գնահատականը մեկնաբանում են մասնագետները: Այսպես, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության մեջ գրում է. «…Ամուլսարի, այսպես կոչված, ոսկու «հանքավայրը», բայց իրականում Կաքավասարի ոսկի-բազմամետաղային հանքավայր-հանքերևակման վերին` Ամուլսարի գագաթային մասը զբաղեցնող տեղամասը, Կաքավասարի հանքաերևակունից բաժանվել է արհեստականորեն: Կաքավասարի ոսկի-բազմամետաղային կազմության հանքաերևակումը զբաղեցնում է Ամուլսարի արևմտյան-հյուսիսարևմտյան լանջերը և ձգվում է մինչև Ամուլսարի գագաթային մասի մոտակայքը, իսկ Ամուլսարի ոսկու «հանքավայրը» զբաղեցնում է Ամուլսարի գագաթային մասը… Ամուլսարի «հանքավայրի» հանքաքարերում հաշվարկված ու հաստատված են միայն ոսկու պաշարները, սակայն չենք կարծում, որ այդ տեղամասում այլ օգտակար տարրեր չկան: Քանի որ Ամուլսարի «հանքավայրը» հանդիսանում է Կաքավասարի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման վերին հորիզոնը, որը մենք չենք դիտում որպես նոր հանքավայր և դա այդպես էլ կա, ուրեմն այս` Ամուլսարի տեղամասում էլ պարտադիր պետք է լինեն նաև արծաթ ու կապար, այն մետաղները, որոնք Կաքավասարի տեղամասում ունեն շատ բարձր պարունակություններ և որոնք շատ ավելի շարժունակ են ջրաջերմային լուծույթների հետ, քան ոսկին (258)…Ամուլսարի ոսկու «հանքավայրում» ոսկու հետ հարակից տարածված են արծաթ, մկնդեղ, բերիլիում, բիսմուտ (քիչ քանակությամբ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ երկաթ (հիմնականում պիրիտ հանքանյութի հետ կապված), գալիում, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում (համեմատաբար բարձր պարունակությամբ), տիտան, ուրան (ցածր պարունակությամբ), վանադիում, ցինկ և սնդիկ» (էջ 260):

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մովսիսյանն էլ CEE Bankwatch NetWork-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին»  օրենքով  ընդերքը եւ նրանում պարփակված հանքային ռեսուրսները  շրջակա միջավայրի բաղկացուցիչ մասն են: Եւ ընդերքում պարփակված օգտակար հանածոները, նրանց քանակությունը, կորզումը, կորզման վերաբերյալ ցուցանիշները, նույնպես ենթակա են փորձաքննության նույն օրենքով: … Ներկայումս, ըստ ներկայացված նախագծի (Ամուլսարի) եւ արդեն իսկ կնքված պայմանագրի, հանքավայրում կորզվելու է ոսկին եւ դրան զուգահեռ արծաթը: Փորձաքննության ներկայացված նախագծում պետք է հիմնովին կամ բացառվեր այլ տարրերի առկայությունը, բնականաբար, ուսումնասիրություններ պետք է արվեին այդ ուղղությամբ, կամ տրվեր դրանց հնարավոր առկայության մասին տեղեկություններ: Բնականաբար, եթե կային այլ ուղեկից տարրեր, դրանք պետք է կորզվեին տարրալվացման ընթացքում, կամ եթե կորզում չէր ապահովվում, պետք է համարվեին որպես կորուստներ,  եւ այդ կորուստների համար նույնպես պետք է հաշվարկվեին բնօգտագործման եւ բնապահպանության օրենքով սահմանված կարգերով: Սա բաց հարց է, որը ներկայացված նախագծում չի քննարկվում, եւ փորձաքննությունը սրա վրա ուշադրություն չի դարձրել»:

Հարություն Մովսիսյանն Ամուլսարի ծրագրի բացերից նաեւ նշեց հետեւյալը. «Ընկերությունը նշում է, որ պետք է ապահովեն 10-11 PH-ի թթվայնության սահմանը: Եւ դրան հասնելու համար պետք է օգտագործեն կրի համապատասխան քանակություն: Սակայն գնահատաված չէ, թե դա որտեղից են վերցնելու, եւ կոնկրետ ինչ քանակություն է իրենց անհրաժեշտ: Չկա նաեւ  հստակ տեղեկություն, թե ապարների որ հատվածներն են օքսիդացված, եւ որ հատվածը սուլֆիդային վիճակում: Եվ տարրալվացման տեխնոլոգիան, որն իրենք կիրառելու են, նշում են, որ անցել է համապատասխան տեխնոլոգիական փորձ, բայց համապատասխան ակտ ներկայացված չէ, եւ չգիտենք, թե որքանով է դա իրականությանը մոտ… Մյուսը հանքաստիճանների  պատերի թեքությունների մասին:   Նրանք ներկայացրել են, որոշակի թեքություններ, որոնք անցել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Հետագայում հայտարարություն տարածվեց, որ օրենքում համապատասխան փոփոխությունից հետո նրանք պատրաստվում ենք թեքությունների անկյուններն ավելի կտրուկ սարքել, սա արդեն ենթադրում է նոր լրացուցիչ փորձաքննություն: Եթե նրանք նախագծում փոփոխություն մտցնեն, պետք է պարտադիր անցնեն փորձաքննություն»:

Անդրադառնալով թանկարժեք մետաղների կորզման ցուցանիշներին` Հարություն Մովսիսյանը նաեւ ընդգծեց, որ Ամուսարի ՇՄԱԳ-ում 10 տոկոսով նվազեցված են կորզման ցուցանիշները, քան նշված է եղել ընդերքաբանական փորձաքննության մեջ: « ՇՄԱԳ նախագծում կորզման ցուցանիշները մոտ 10 տոկոսով նվազել են, եթե չեմ սխալվում 95-ից մինչեւ 84 տոկոսի սահմաններում: Այսինքն, իրենք պետք է ապահովեին 95 տոկոս կորզում տարրալվացման եղանակով, բայց նրանց աշխատանքային նախագծով նշված է 80-85 տոկոս մաքսիմում: Մնացածը գնալու է պոչերին…»:

Նոյեմբեր 11, 2015 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր