

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը օգոստոսի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մամուլի ասուլիսին նաև եկել էին մասնակցելու Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը և մի քանի բնակիչներ:
«Գնդեվազի 210 բնակիչներ բողոք են ուղղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC): Բողոքը վարույթ է ընդունվել, քանի որ հիմնավորված է», - ասաց Թեհմինե Ենոքյանը:
Անդրադառնալով օգոստոսի 25-ին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Գնդեվազում անցկացված հանրային լսումներին, նա ասաց. «Սարավանի, Գորայքի և Գնդեվազի «Գեոթիմ» ընկերության աշխատակիցներն առավոտյան արդեն իսկ զբաղեցրել էին դահլիճը և Գնդեվազ համայնքը մնացել էր ոտքի վրա: Բնակիչները բոյկոտեցին և դուրս եկան… 210 բնակչի բողոքի նամակի վերաբերյալ հնչեց կարծիք, որ ստորագրությունները կեղծված են, իսկ ես նշեցի՝ ով կասկածում է, կարող է դիմել դատարան…Գնդեվազի մի շարք գյուղացիներ անձամբ ինձ ահազանգ են հնչեցրել, որ իրենց նկատմամբ կան սպառնալիքներ՝ եթե դուք դեմ եք ստորագրել, ապա ձեզանով կզբաղվի ԿԳԲ-ն (Ազգային անվտանգության ծառայություն): Սակայն երեկվա լսումներից հետո ստորագրողների ցուցակը մեծանում է, քանի որ մարդիկ հասկանում են, թե ինչ վտանգներ է պարունակում Ամուլսարի նախագիծը Գնդեվազի համար: Մարդիկ նշում են, որ Ամուլսարի տարածքի անասնակերն իրենց անասունները չեն ուտում, ծիրանը չի սպառվում շուկայում, որովհետև ասում են՝ ձեզ մոտ ցիանային ֆաբրիկա է կառուցվելու, ձեզ մոտ հանք է շահագործվելու, դուք մաքուր տնտեսություն չունեք… Գնդեվազ համայնքում այս պահին ընթանում է հասարակական լսումների այլընտրանքային արձանագրություն կազմելու գործընթաց: Համայնքն ունի տարբեր դիրքորոշումներ: Ես պետք է մի շատ կարևոր նկատառում անեմ՝ կառավարությունը որպես այդպիսին «թռած է ման գալիս» հանրային լսումներից: Ստեղծում են այնպիսի իրավիճակ, երբ 4 համայնք կարող են վիճել միմյանց հետ և անգամ հասնել ծեծկռտուքի: Իսկ կառավարությունն ասում է՝ ես կապ չունեմ: Արդյունքում կառավարությունը լվանում է իր փողերը, ընկերությունն իր փողերով փորձում է կառավարության հետ իր հարցերը լուծել, իսկ մնում են 4 համայնքների բնակիչներ, ովքեր միմյանց հետ ունեն շահերի լուրջ բախում»:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշեց պատճառները, համաձայն որոնց Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի: «Ամուլսարի հանքավայրը ոչ մի նորմալ երկրում չէր շահագործվի, որովհետև այն կլիներ տնտեսապես ոչ շահավետ: Դու ունես ցիանային արտադրության թափոններ, որոնք առաջին կարգի վտանգավոր թափոններ են: Հայաստանում այդ թափոնները չեն հարկվում, քանի որ համարվում են ոչ թե թափոններ, այլ տեխնածին հանքավայր: Այսինքն, կազմակերպությունը ոչ մի դրամ չի վճարի այդ թափոնների համար ժողովրդին, և դա արդեն բավարար է, որ այդ հանքավայրը չշահագործվի:
Երկրորդը՝ հանքավայրը չէր շահագործվի, քանի որ հանքանյութը պարունակում է շատ ցածր քանակությամբ ոսկի՝ 0.8-0.9 գրամ 1 տոննա հանքաքարում: Այս ամենը համաշխարհային բիրժայի խաղ է, որպեսզի մի քանի մարդ փող աշխատի, ինչպես Հայաստանում, այդպես էլ միջազգային հանքարդյունաբերական մաֆիայում: Լսումներին պարզվեց, որ Հայաստանից արտագաղթի հիմնական մեղավորները բնապահպաններն են և հասարակական կազմակերպությունները, որովհետև իրենք աշխատատեղ չեն ստեղծում այդ գյուղերում: Համայնքների ղեկավարները և ընկերության աշխատողները մոռացել են, որ ՀՀ-ում աշխատատեղեր պարտավոր է ստեղծել ՀՀ կառավարությունը: Երբ այդ կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները՝ հենց իրեն է պետք դիմել:
Նորմալ երկրում այսպիսի հանքավայրը չէր կարող շահագործվել, քանի որ շահագործողը 70 տոկոս հարկ պետք է վճարեր պետությանը: Իսկ մեզ մոտ ընկերությունը վճարում է մոտ 27 տոկոս հարկ, այսինք այնքան, որքան մենք և մեր նմանները վճարում ենք պետությանը՝ չպատճառելով ոչ մի վնաս շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը, ոչ էլ վերցնում են ընդերքի հարստությունը, որը մեր բոլորի և մեր սերունդների սեփականությունն է:
Հանքավայրը շահագործվում է Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում: Իհարկե, ընկերությունը պնդում է, որ այդ ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չի լինելու, պայթեցնելու ժամանակ փոշին տարածվելու է մինչև 100 մետր: Գնացեք ցանկացած տեղ փոշու հետևից և տեսեք՝ որքան տարածության վրա է տարածվում: Ընդ որում, Ամուլսարը Հայաստանի ամենաուժեղ քամիների տարածքներից մեկն է:
Այսպիսով, մարդկանց գցում են թյուրիմացության մեջ: Բայց ես չեմ մեղադրում Գեոթիմին և Լիդիանին, որովհետև իրենք հանգիստ օգտվում են մեր բոլորի անտարբերությունից, մենք թույլ ենք տվել կառավարության և Ազգային ժողովի հետ միասին մեր օրենքներով, որպեսզի այլ երկրների «հանքարդյունաբերողները» օգտագործեն մեզ:
Հաջորդը՝ ըստ Ամուլսարի նախագծի, ոչ մի խնդիր չի առաջանալու Արփա-Սևան և Որոտան-Սևան թունելների հետ: Բացի «Գեոթիմ»-ի աշխատակիցներից, Հայաստանից դեռևս ոչ մի մասնագետ չի ստորագրել, որ այդ թունելներին վտանգ չի սպառնում: Ռիսկերի կառավարումը ՇՄԱԳ-ում գրելը շատ հեշտ է, բայց իրականում շատ դժվար է: Դրա մասին վկայում են վերջերս տեղի ունեցած 2 խոշոր վթարները Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսում: Մի տեղում պոչամբարն է պայթել և տարածվել ամբողջ գետային համակարգում, իսկ մյուսում եղել է ցիանի արտահոսք, որի հետևանքով այսօր 100 դպրոց փակել են, որովհետև չգիտեն` ինչ վիճակում են ջրային ռեսուրսները: Իսկ Հայաստանում 9-10 բալանոց սեյսմիկ գոտում ասում են, որ ռիսկերը կառավարելի են:
Հաջորդը՝ գնահատված չէ, թե որքան տնտեսական երկարաժամկետ վնաս է հասցնելու Ամուլսարի նախագիծը: ՀՀ կառավարությունը չի պահանջում նման գնահատում, մոտ 600 հա հողատարածք դուրս են գալիս ՀՀ ֆոնդից, որովհետև այդ հողերն այլևս չեն կարող օգտագործել, եթե հաշվենք երկարաժամկետ, որքան օգուտ էին բերելու այդ հողերը: Ո՞վ է արել այդ հաշվարկը և համեմատել օգուտների հետ, օրինակ աշխատատեղերի, որի մասին խոսում է ընկերությունը: Հանքավայրը ստեղծում է աշխատատեղ 10-15 տարով, որից հետո այդ տարածքները դառնում են ոչ պիտանի, որտեղ մարդիկ չեն կարող աշխատել և զբաղվել որևէ գործունեությամբ», - ասաց Լևոն Գալստյանը:
«Գնահատված չեն հիմնական ռիսկերը: Ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ տոքսիկ և ծանր մետաղներ պետք է դուրս գան ոսկու հետ միասին: Ընկերությունը ասում է միայն անօրգանական փոշու մասին, բայց այդ փոշու մեջ կան առաջին կարգի տոքսիկ նյութեր՝ կադմիում, բերիլիում, մկնդեղ և այլն: Ոչինչ ասված չէ, թե նախագիծը ինչ ձևով է ազդելու շրջակա միջավայրի և մարդկանց վրա: Ընկերությունը պարտավոր է ապահովել ֆոնդ, ըստ որի պետք է փակի վնասաբեր բացասական ազդեցությունը: Նրանք այդ ֆոնդը չունեն և ոչ մի տեղ գրված չէ, որ նրանք այդ ֆոնդը պետք է ստեղծեն», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանը հարց ուղղեց. «Ինչպե՞ս կարող է դրսում ապրող մարդը ստորագրի (բողոք IFC-ին), որ ինքը հանքին դեմ է»:
«Մենք ստացել ենք նամակ Կրասնոդարի հայկական համայնքից, որտեղ մարդիկ ասում են, որ ունեն տարածքներ և չեն պատրաստվում վաճառել: Կապ չունի մարդը ՀՀ-ում է ապրում, թե դրսում: Ես անձամբ ունեմ Գնդեվազում իմ ծիրանի այգին, և, որպես սեփականատեր, ես դեմ եմ իմ մաքուր այգին ոչնչացնելուն», - պատասխանեց Թեհմինե Ենոքյանը:
«Ում տարածքները չի ընկնում տարրալվացման հողի առքուվաճառքի մեջ, դժգոհողները էդ մարդիկ են», - ասաց Գնդեվազի մեկ այլ բնակիչ:
«Ես ունեմ 1 հեկտար այգի: 304 հազար դրամ առաջարկում են 1 տնկու համար», - ասաց Վահան Մկրտչյանը:
«Զապիս արեք…դուք երեկ ամբիոնում նստած, ղեկավարությունն էր, թե ով էր, ձեզ հարց տվեց ցիանիդի մասին: Նրանք ասեցին՝ դուք կարող եք ասել էդ տոկոսը, իսկ դուք ոչինչ չկարողացաք ասել: Մեր հանրությունը այնտեղ նստած էր, իսկ որպես ԷկոԼուր դուք չուզեցիք, որ մենք իմանանք: Հիմա ասեք՝ քանի՞ տոկոսն է թույլատրելի», - հարց ուղղեց Գնդեվազի բնակիչը Ինգա Զարաֆյանին:
«Լսումների ժամանակ ծրագիրը ներկայացնում է ընկերությունը, և այդ հարցին պարտավոր է պատասխանել ոչ թե հասարակական լսումների մասնակիցը, այլ լիազորված ընկերությունը, որը պատրաստել է այդ նախագիծը: Ես իմ հարցով ուզեցել եմ իմանալ ընկերությունից՝ ինչպես են իրենք համապատասխանեցնում իրենց ՇՄԱԳ-ը միջազգային պահանջներին, երբ պետք է մինիմիզացվի ցիանային տոկոսայնությունը: Եվ այդ պատասխանը ես չստացա: Ձեր հարցին ոչ թե ես պետք է պատասխանեմ, այլ ընկերությունը», - պատասխանեց Ինգա Զարաֆյանը:
Օգոստոս 27, 2014 at 12:25