«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հրաժարվեց մասնակցել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի առաջարկած քննարկմանը

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հրաժարվեց մասնակցել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի առաջարկած քննարկմանը

ԷկոԼուր

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 30-ին Երեւանում կազմակերպում է կլոր սեղան Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային արտադրության կառուցման նախագծի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» շրջանակներում: Քննարկմանը մասնակցելու հրավերին ի պատասխան «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն մտահոգություն է հայտնել, որ «Գեոթիմ» ընկերությունը օգտագործում է այս իրականացվող ծրագիրը սեփական վարկանիշի ձեւավորման համար եւ հրաժարվել է քննարկմանը մասնակցել:

«Հարգելի ԿՏԲԿ աշխատակազմ:

Մեր քննարկումների ժամանակ Դուք բացառեցիք որևէ կերպ հանքարդյունաբերության բացասական ազդեցության ներառումը ծրագրում՝ պայմանավորված ներկայումս հանքաշահագործման չիրականացմամբ: Արդեն իսկ հանքահետախուզական աշխատանքների ընթացքում հանքարդյունաբերության առկայության մասին լուրը բացասական է ազդում տուրիզմի ներհոսքի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր խոշոր ներդրումների ծավալի վրա: Մասնավորապես, դադարեցվեցին <<Ջերմուկ>> ազգային պարկի ստեղծման մասին քննարկումները, իսկ այժմ, Գեոթիմ ընկերության ֆինանսական աջակցությամբ ստեղծվելիք ազգային պարկի սահմանները, բնականաբար, չեն կարող ընդգրկել Ամուլսարը, որն ըստ WWF Armenia-ի համարվում է կարմիր գրքում գրանցված մուֆլոնների միգրացիոն ուղի:

Արդեն իսկ այսօր իրագործման որևէ տեսական հիմք չունի շվեյցարական  <> խորհրդատվական ընկերության կողմից մշակված նախագիծը, քանի որ ներդրողները չեն կարող հաշվի չառնել առողջարանային քաղաքում իրենց բիզնես հետաքրքրությունների վրա հանքարդյունաբերության առկայության բացասական ազդեցությունը մարկետինգի տեսանկյունից: 

Այս ամենին ի լրացում՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը իր բացասական մասնագիտական եզրակացության մեջ <<Վտանգներ, կապված հիդրոբանական և հիդրոերկրաբանական ռեժիմի հետ>> մասում նշել է՝ <<Շրջակա միջավայրը մակերևութային ջրերով աղտոտման տեսանկետից հանքավայրի աշխարհագրական տեղադիրքը խիստ անբարենպաստ է, քանի որ նրա ողջ տարածքը, ներառյալ հանքաքարի արդյունահանման, նրա ջարդման, տեղափոխման և կուտակման տեղամասերը, գտնվում է Որոտան գետի աջ վտակների ակունքներում՝ դրանց ջրահավաք ավազանների սահմաններում:>> Երբ մեկնաբանում ենք Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ Սևանա լճի ջրահավաք ավազանի նկարագրության մասին, 8-րդ հոդվածը՝ Անմիջական ազդեցության գոտու ընդգրկվածության մասին և 10-րդ հոդվածը՝ Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում գործունեության իրականացման մասին, ապա 10-րդ հոդվածի 1-ին ենթակետով արդեն իսկ արգելվում է հանքարդյունահանման աշխատանքների իրականացումը տվյալ տարածքում:

Չցանկանալով ծանրաբեռնել նամակս հպանցիկ կնշեմ, որ Գեոթիմ ընկերության կողմից/պատվերով իրականացված բազմաթիվ հետազոտությունների մասին քաղաքացիական հանրությունն ու ՀԿ-ները ներկայացրել են մի շարք հակասություններ ու բացթողումներ, փաստեր ընտրանքային հետազոտությունների իրականացման վերաբերյալ, որոնց լրացման դեպքում էական ազդեցություն կարող են ունենալ ներկայացված արդյունքների և գնահատականների վրա: 

2012թ-ից մինչ այժմ շարունակվող հանդիպումների և քննարկումների շարքը, մինչ այժմ անպատասխան մնացած հարցերն այլևս սպառել են իրենց, քանի որ նեղ մասնագիտական և բաց քննարկումների ֆորմատից կազմակերպությունն անցել է անհատական՝ փակ, հանրային՝ շատ լայն լսարանով հարցուպատասխանների, ԱՄՆ և Մեծ Բրիտանաիայի դեսպանական լծակների կիրառմանը, ուստի, Գեոթիմն առավելապես կենտրոնացած է PR գործողությունների վրա և բավական մեծ միջոցներ է ծախսում սոցիալական ծրագրերի իրականացման և հատկապես դրանց լուսաբանման վրա: 
Դրական իմիջ ստեղծելը որևէ կերպ չի նվազեցնում կազմակերպության կողմից ստեղծվելիք ռիսկերի չափն ու հավանականությունը: 

Հայտնում ենք մեր մտավախությունն առ այն, որ Ձեր կազմակերպության կողմից իրականացվելիք ծրագիրը Գեոթիմ ընկերությունն օգտագործում է սեփական իմիջի ձևավորման, բարձրացման համար: 

Հաշվի առնելով վերոնշյալը, <<Ջերմուկի զարգացման կենտրոն>> ՀԿ-ն հրաժարվում է քննարկմանը մասնակցելուց:

Հարգելի ԿՏԲԿ աշխատակազմ, կցանկանայինք իմանալ, արդյոք նմանատիպ հանդիպումներ նախատեսվում է կազմակերպել նաև <<Ջերմուկ Գրուպ>> ՓԲԸ-ի, Hyat Jermuk առողջարանային համալիրի , Jermuk Resort առողջարանի և այլ խոշոր առողջարանների հետ?

Հարգանքով, 

<<Ջերմուկի զարգացման կենտրոն>> ՀԿ համանախագահ Վազգեն Գալստյան»,- նշված է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակում:

Հոկտեմբեր 29, 2014 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր