

ԷկոԼուր
Թեժ քննարկումները Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանիդի միջոցով ոսկու կորզման ծրագրի շուրջ շարունակվում են: Հերթական քննարկումը տեղի ունեցավ մայիսի 6-ին` Երևանի Օրհուս կենտրոնում, որին մասնակցում էին պետական, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, բնապահպաններ, փորձագետներ, իրավաբաններ, լրագրողներ, ինչպես նաև հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենը և ընկերության այլ ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում էկոլոգ-իրավաբաններ Արթուր Գրիգորյանը և Նազելի Վարդանյանը ներկայացրեցին Ամուլսարի ծրագրի իրավական խախտումներն ու բացթողումները: Երկրաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Հարություն Մովսիսյանը խոսեց Ամուլսարի ծրագրի արտադրական թափոնների՝ ցիանային կույտային տարրալվացման հարթակում կուտակվող նյութերի մասին: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ին ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած դրական եզրակացության մեջ նշված պարտադիր պահանջների վերլուծությունը:
«Պահանջ 1.
Քանի որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է, նշված գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս, անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» 26.06.2009թ. թիվ 792-Ն և «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» 11.12.2003թ. թիվ 1787-Ն որոշման պահանջներով:
Պահանջ 2.
Նախատեսվող գործունեությունն իրականացնելիս` ապահովել ՀՀ կառավարության 18.07.2013թ. թիվ 746-Ն որոշման պայմանները` կապված Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Սպանդարյան-Կեչուտ 22 կմ երկարությամբ ՀՏԿ-ի (թունելի) շահագործման համար նախատեսվող տարածքի պահպանման հետ:
![]() |
Այս պահանջներով բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ Ամուլսարի նախագծի տարածքը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու տարածք է: Առաջին հակասությունն այն է, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով արգելված է ցանկացած գործունեություն, որը կարող է վնասել կամ խախտել Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը, սակայն Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ում չկա Սևանա լճի ջրհավաք ավազանի վրա ազդեցության գնահատականը, նշված է միայն, որ Սպանդարյանի ջրամբարը ջրանցքով միանում է Կեչուտի ջրամբարին, և ջրանցքը երբեք չի օգտագործվել, և, հետևաբար, ազդեցություն այս ջրանցքի վրա չկա: Ինչ վերաբերում է կույտային տարրալվացման հարթակին և դատարկ ապարներին, ապա նրանք լինելու են Սևանի ջրհավաք ավազանի ազդեցության գոտուց դուրս: Այսինքն, ՇՄԱԳ-ում Սևանի ավազանի վրա ազդեցության գնահատականը չկա, և դա հակասում է նախարարության եզրակացության առաջին երկու պայմաններին:
Ճանաչելով Սևանա լիճը անմիջական ազդեցության գոտի` բնապահպանության նախարարությունը չի սահմանում ափամերձ 41 համայնքների կարգավիճակը, որոնք գտնվում են Ամուլսարի նախագծի անմիջական ազդեցության ներքո: Մենք հանդիպել ենք նրանց հետ, և նրանց ներկայացուցիչները, ծանոթանալով եզրակացության հետ, դիմեցին Ամուլսարի նախագծի երկու ներդրողներին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին /EBRD/ և Միջազգային ֆինանսական կորպորացիային /IFC/` պահանջելով ճանաչել իրենց համայնքները ազդակիր և անցկացնել այնտեղ հանրային լսումներ: Այսինքն, 41 համայնք կարող է պահանջել փոխհատուցում կամ անգամ տարաբնակեցում: Սա առանձին լուրջ ներդրումային ծրագիր է, որը նախագծում հաշվի չի առնված:
Պահանջ 3. ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունն իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ. N781-Ն որոշման` նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը:
Կարծում եմ` մեր իրավաբանները գնահատել են այս որոշումը որպես անօրինական, քանի որ այն հակասում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքին:
Հատված ՀՀ կառավարության 31 Հուլիս 2014, 781 - Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման հավելվածից:
![]() |
ՀՀ ընդերքի օրենսգրքի 26-րդ հոդված:
![]() |
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված:
![]() |
Եթե իրականում կառավարությունը՝ ի դեմս նախարարության, դնում է նման պահանջ, ապա նախագծում պետք է գնահատվի այս ողջ ծրագիրը՝ որքան արժե այդ տեղափոխումը, տարածքի գնահատումը, այլ տարածքներ գտնելը...նախագծում դա բացակայում է, և, հետևաբար, նախագծում պետք է ներկայացվի բիզնես-պլան կամ որևէ պլան գնահատականով:
Պահանջ 5. «Նախքան գործունեության իրականացումը օրենքով սահմանված կարգով կարգավորել գործունեության տարածքում գտնվող համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերի խնդիրը»:
![]() |
Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն Գնդեվազ համայնքի վրա: Մոտ 145 հեկտար այնտեղ ընկնելու է ցիանային ֆաբրիկայի և դրա օբյեկտների կառուցման տակ, և 280 տնտեսություն այս տարածքում ունեն իրենց շահերը: Սա շատ լուրջ հարց է տեղի բնակիչների համար: Մենք մասնակցել ենք անցյալ տարի Գնդեվազ համայնքում հանրային լսումներին, և ընկերությունը հաստատեց, որ ինքը պատրաստ է վճարել փոխհատուցում, որը հասնում էր մեծ գումարների՝ 100, 200, 300 հազար դոլլարի: Բնակիչները շատ ոգեշնչված էին, բայց հետո մեզ բնակիչները ասել են, որ ընկերությունը պատրաստ է վճարել 10 տոկոսը՝ մնացած 90 տոկոսը թողնելով հետագա գործունեության ժամանակ: Բանակցություններն ավարտված չեն, ես ուզում եմ ասել, որ այս հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, որովհետև մենք ունենք օրինակ, երբ կառավարությունը ճանաչում է բացառիկ գերակա շահ, և այս ձևակերպման տակ մարդկանց տալիս են իրենց հողերի դիմաց կադաստրային կամ շուկայական գներ: Բայց այն, ինչ խոստացել է ընկերությունը և ինչ նշված է այս պայմանում, փաստացի բացառում է կառավարության միջամտությունը և պատասխանատվությունը դնում է ընկերության վրա: Սա լուրջ խնդիր է, և այստեղ, անխոս, կան ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի հարցեր, նաև ճնշում ընկերության վրա, և ընկերության կողմից ճնշում բնակիչների վրա: Անցյալ տարի` հանրային լսումների ժամանակ, Գնդեվազի բնակիչներն ուղղակիորեն մեղադրեցին համայնքապետին, որ նա ունի իր շահերը: Մենք կարծում ենք, որ փոխհատուցման հարցը այս շահերի մեջ կոռուպցիոն ռիսկերի առումով շատ վտանգավոր է...
Եղել է հակասական եզրակացություն Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը 2012 թվականին տվել էր բացասական եզրակացություն: Այդ ժամանակ ցիանային ֆաբրիկայի հարցը չկար, քննարկվել է միայն բացահանքի հարցը և լցակույտերի տեղադրումը: Հանձնաժողովը, հաշվի առնելով այդ տարածաշրջանի բարձր սեյսմիկությունը, տարբեր ռիսկերի առկայությունը, տվել է բացասական եզրակացություն: Այս մասը փաստացի նախագծում եթե փոխվել է, ապա փոխվել է միայն հանքի ընդլայնման առումով: Բայց 2014 թվականին հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ փաստացի հակասելով ինքն իրեն:
Ընկերությունն անցկացրել է շատ տարբեր հանրային քննարկումներ՝ հայտարարելով, որ ինքը համապատասխանում է իր գլխավոր ներդրողների միջազգային պահանջներին և ստանդարտներին:
Հենց առաջին իսկ օրը Գնդեվազ համայնքում լսումներն ընթացան ոստիկանների մասնակցությամբ, ովքեր գտնվում էին դրսում: Այնտեղ սկանդալային վիճակ էր: Երբ Երևանում անցկացվեց մասնագիտական հանրային քննարկում, մասնակցել ցանկացողներին ներս չթողեցին կրկին ոստիկանության մասնակացությամբ: Ջերմուկ քաղաքի բնակչության մասնակցությունը, որը համարվում է անմիջական ազդեցության գոտի, բացառվել է: Դա հանրության իրավունքների խախտում է: Ամուլսարի նախագիծը ներկայացնում է բարձր ռիսկեր, և հանրությունը պետք է ունենա մասնակցության լիարժեք իրավունք:
Մեր կարծիքով, այս հակասություններից ելնելով, եզրակացությունը պետք է լիներ բացասական», - իր ելույթում ասաց Ինգա Զարաֆյանը:
«Lydian International» ընկերության Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանն արձագանքեց ծիրանավոր մատնունի (Potentilla porphyrantha) բուսատեսակի տեղափոխման հետ կապված հարցին.
Արմեն Ստեփանյան.
- Potentilla porphyrantha բուսատեսակի համար կա ծրագիր, որը, որպես հավելված, կցված է եղել ՇՄԱԳ-ին, որը դուք ասում եք, որ կարդացել եք և որ այնտեղ ոչ մի գումար նշված չէ, ինչն ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ ուզում վիրավորել, ասել սուտ է, դա ապատեղեկատվություն է, գումարը նշված է:
Ինգա Զարաֆյան.
- Ես ընդունում եմ ձեր բոլոր նկատողությունները՝ պայմանով, եթե դուք ասեք, որ տեղն է տված բուսատեսակի տեղափոխման համար:
Արմեն Ստեփանյան.
- Կառավարության որոշումը կարդացել ե՞ք, ընդամենը երեք տեղ կարող ենք տեղափոխել. կամ այդ նույն տարածքում առանձնացված տարածքում, կամ բուսաբանական այգի, կամ հատուկ պահպանվող տարածք: Այս պարագայում մենք մտածում ենք Սևանի բուսաբանական այգին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այդտեղ իսկապես աշխատում է տեղափոխման ծրագիրը, ինչպես նաև, եթե ծանոթ եք ծրագրին, մեջը նշված է հատուկ առանձնացված տարածքի մասին հենց Ամուլսարի գագաթին:
Ինգա Զարաֆյան.
- Դուք ուզում եք ասել, որ ձեր ծրագրում նշվա՞ծ է հենց Սևանի բուսաբանական այգին:
Արմեն Ստեփանյան.
- Այս պահին քննարկվում է Սևանը, օրենքի համապատասխանության փաստով կա առանձնացված տարածք, որտեղ պահպանողական աշխատանքներ են կատարվում, և նախատեսված է գումար՝ 404 հազար բրիտանական ֆունտ ստերլինգ, մոտ 700 հազար ԱՄՆ դոլար, 1500 բուսատեսակ: Ասեմ ավելին, հենց հիմա կարող եք ինտերնետում գնել այդ բուսատեսակը, 8-10 դոլարով մի բուսատեսակը: Մենք այդ փորձն իրականացրել ենք, մեր տնօրեններից մեկը` Lydian-ի, ինքնակամ գնել է: Բույսի այդ սերմը հասել է Կոլորադո, և ինքn իր բնակարանի հետնամասում տնկել է: Դա իրականություն է:
ԷկոԼուրի դիտարկում. «Գեոթիմ»-ի ներկյացուցչի Potentilla porphyrantha –ի վերաբերյալ նշված ծրագիրը և գումարը իրականում նախատեսված է միայն հետազոտությունների համար, որտեղ գումարի ամենամեծ մասը ներկայացնում է հենց ընկերության ծախսերը: Ինչ վերաբերում է բուսատեսակի տեղափոխման ծրագրին, ապա այն նշված հավելվածում չկա, քանի որ, վայրը, ինչպես պարզվեց տվյալ երկխոսությունից, ընտրված չէ /հավելված/ :
Ինգա Զարաֆյան.
- Բուսաբանական այգին արհեստական ստեղծած հատուկ պահպանվող տարածք է, պարզ է, որ կառավարության որոշումն անօրինական է: Դուք ասում եք, որ կարո՞ղ եք կուսական տարածքը տեղափոխել արհեստական ստեղծված տարածք:
Արմեն Ստեփանյան.
- Տարածքը չենք տեղափոխում, այդտեղ աճող բուսատեսակը: Կարմիր գրքում նշված չէ ի սկզբանե Ամուլսարը որպես արգելավայր, եթե լավ կարդացել եք կառավարության ձեր լեզվով անօրինական որոշումը, այնտեղ նշված է, որ այն աճելավայրերը, որոնք գրանցված չեն Կարմիր գրքում, այնտեղից թույլատրվում է տեղափոխում: Ամուլսարը երբևիցե նշված չի եղել ՀՀ Կարմիր գրքում որպես ոչ միայն Potentilla porphyrantha –ի, մեկ այլ բուսատեսակի կամ կենդանատեսակի աճելավայր կամ ապրելավայր: Չի եղել նման բան հենց ի սկզբանե:
Ինգա Զարաֆյան.
- Երևի կառավարության որոշումը եղավ հենց ձեր թելադրանքով:
Արմեն Ստեփանյան.
- Դա ձեր անձնական եզրակացությունն է:
Ինգա Զարաֆյան.
- Մենք 4 պայման ենք քննարկել և տեսել ենք շատ լուրջ հակասություններ, մեկը վերաբերում է Սևանի համայնքներին, երկրորդը` փոխհատուցմանը, երրորդը՝ հասարակության մասնակցությանը, չորրորդը՝ Potentilla porphyrantha-ին... Մասնագետները, որոնք ներկայացրել են դրական կարծիք, նրանք ընկերության կողմից վարձատրվող մասնագետներ են, նրանք շահագրգիռ կողմ են: Բայց անկախ մասնագետները բացասական կարծիք են հայտնել բազմիցս:
Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Lydian International» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենը՝ իր առաջին իսկ խոսքում նշելով.
«Սա փորձագիտական քննարկում է, բազար չսարքենք»: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը արձագանքեց. «Բազարը ո՞րն է, կարո՞ղ է այստեղ երրորդ դասի երկիր ենք»:
Այնուհետև Դիդյե Ֆոլենը շարունակեց՝ դիմելով Ինգա Զարաֆյանին:
Դիդյե Ֆոլեն.
- Ուզում եմ բոլորը տեղյակ լինեն, որ «Lydian»-ը արժեքների շուկայում ցուցակված ընկերություն է: Ես Հայաստանի ինչ-որ օլիգարխ չեմ, ես Ֆրանսիայի սովորական քաղաքացի եմ, և եթե հանկարծ դուք ինձ նման բանի մեջ մեղադրում եք /կոռուպցիայի/, հնարավոր է, որ ինձ և իմ տնօրենին բանտ ուղարկեն: Դուք էլ ՀԿ եք, ձեզ էլ են աշխատավարձ վճարում, և այստեղ ոչ ոք անվճար չի աշխատում, բոլորս էլ աշխատավարձ ենք ստանում, և եկեք նման մեղադրանքներ չհնչեցնենք: Ինչ վերաբերում է հանրային լսումներին, ես մի բան եմ ուզում ասել, կներեք, բայց գյուղերում հանրային լսումների վերաբերյալ իմ կարծիքը ձեզանից տարբերվում է, որովհետև, ինչքան հասկացա, ձեր կարծիքով խորհրդատվությունները պետք է դադարեն և բոլորը լսեն ձեր կարծիքը: Իմ պատկերացումն այն է, որ պետք է բոլորին հնարավորություն տալ իրենց կարծիքը հայտնել: Ամուլսարի կոնտեքստում ես երեք օրինակ եմ ուզում բերել: Անցյալ սեպտեմբերին Գնդեվազում դուք փորձեցիք ընդհատել հանրային լսումը: Այդ օրը դուք ամեն ինչ արեցիք լսումն ընդհանրապես ընդհատելու համար: Երկրորդը, Գորայքում կայացած լսումներին ըստ ՇՄԱԳ օրենքի դուք ընդհանրապես չներկայացաք, ինչպե՞ս կարող եք բողոքել, եթե դուք ձեր կարծիքը հայտնելու հնարավորությունը չեք օգտագործել: Հոկտեմբերին Երևանում դուք դարձյալ փորձեցիք ընդհատել հանրային լսումը, և դա էր պատճառը, որ հյուրանոցի ղեկավարությունը ոստիկանությանը ներգրավեց, որպեսզի ձեզ թույլ չտան խաթարել լսումները: Դուք ինձ անձամբ խոստացաք, որ կգաք, կներկայանաք, բայց չեկաք: Հիմա եթե հանրային քննարկում է մասնագետների հետ, մենք չենք փորձում որևէ մեկի վրա ազդել, մենք լսում ենք բոլորի կարծքիները և այնուհետև փորձում ենք որոշում կայացնել: Ուզում եմ նաև ասել, որ հողի ձեռքբերման հետ կապված դուք սխալ տվյալներ եք ներկայացրել: Դուք նշեցիք, որ մենք փորձում ենք կաշառել Գնդեվազի ժողովրդին: Մեր ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիոն, և մոռացաք` նշեք, որ հողի ձեռքբերման մեր ծրագիրը հասանելի է բոլորի համար, մենք ոչ մի գաղտնիք այստեղ չունենք: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք հողի ձեռքբերման մասին հրապարակել ենք շատ մանրամասն 100 էջանոց փաստաթուղթ, խնդրում եմ` գնացեք, կարդացեք, հետո կքննարկենք: Նաև ասացիք, որ կադաստրային արժեքներ ենք մենք վճարում, բայց այդ դեպքում անհամապատասխանություն կա: Ինչպես կարող եք ասել կադաստրային արժեք և հետո ասեք, որ 200 միլիոն ենք վճարում: Վերջում ասեմ, որ մենք միշտ պարտավորություն ենք ստանձնել կատարել բնապահպանական և սոցիալական ազդեցությունների բոլոր վերլուծությունները, որոնք պահանջվում են միջազգային փաստաթղթերով: Առաջիկա շաբաթներին մենք կհրապարակենք այդ փաստաթուղթը, ամեն ինչ հայերենով, անգլերեն տարբերակ ևս կլինի: Այնուհետև հուսով եմ, որ փորձագետների հետ միասին ազդեցության գնահատման վերաբերյալ մենք քննարկում կունենանք: Ես չեմ կարծում, որ որևէ այլ ընկերություն մեզ նման ծախսել է 5 միլիոն ընդամենը բնապահպանական և սոցիալական խնդիրները ուսումնասիրելու վրա: Մենք հսկայական գումարներ ենք ծախսել այս բոլոր գործընթացների վրա և միշտ համաձայն ենք, և եթե դուք ուզում եք երկրորդ ուսումնասիրություն Ջերմուկի ջրերի վրա ազդեցության, եթե դուք ուզում եք մոնիտորինգի ծրագրեր ներմուծենք, մենք համաձայն ենք, ես ձեզ 18 ամիս առաջ եմ ասել, որ ոչ մի նման բանի ես դեմ չեմ: Բողոքներ ունեք, խնդրեմ, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր բողոքները, քանի դեռ հարգում ենք բողոքի ամբողջականությունը, և վերջերս օրինակ կա, երբ դուք` ինքներդ, չեք համապատասխանել բողոքողին ներկայացրած պահանջներին: Ուզում եմ ասել այն բողոքի մասին, որ պետք է ներառել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, դուք պնդում եք, որ դա ազգային պահանջ է Հայաստանում: Հետաքրքիր է նշել, որ այն ընկերությունը, որը անկախ փորձագիտական ուսումնասիրություն է իրականացնում, մերժել է այս բողոքը` նշելով, որ տեխնիկապես անհնար է, որ ընկերության գործունեությունն ազդի այս հեռավոր մարզի բնակչության վրա: Հիմա ձեր աչքերին նայելով ես կարող եմ ասել, որ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մերժվել է այս բողոքը: Եթե դուք ուզում եք լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ և քննարկումներ, խնդրեմ, եկեք կազմակերպենք, բայց Ինգա ջան, երբ ձեզ հրավիրում ենք, եկեք, ոչ թե փորձեք խաթարել, ընդհատել մեր հանդիպումները:
Հնչեցնելով մեղադրանքները և չլսելով հակառակ կողմի պատասխան արձագանքը՝ Դիդյե Ֆոլենը հեռացավ քննարկման դահլիճից:
Ինգա Զարաֆյան.
- Ես ուզում եմ հայտարարել, որ բազմիցս «Գեոթիմ» ընկերությունը փորձում է ներկայացնել ակտիվ լայն հասարակության մասնակցությունը և ընդվզումը Ամուլսարի ծրագրի դեմ որպես ԷկոԼուրի դիրքորոշում: Դա չի համապատասխանում իրականությանը, ինչպես չեն համապատասխանում իրականությանը այն բոլոր մեղադրանքները, որոնք հենց նոր լսեցինք:
Քանի որ պարոն Ֆոլյենը դուրս եկավ սենյակից` չսպասելով իր կողմից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատասխանին, ապա ԷկոԼուրը ստիպված է ներկայացնել պատասխան մեկնաբանությունները գրավոր:
Բազմիցս «Գեոթիմ» ընկերությունը («Lydian»-ի դուստրը) ընդլայնված հասարակական բողոքը Ամուլսարի ծրագրի դեմ փորձում է ներկայացնել մեկ կազմակերպության` «ԷկոԼուր»-ի մակարդակով: Մեր կարծիքով` հենց սրանով է բացատրվում պարոն Ֆոլյենի մեղադրանքը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հասցեին, մասնավորապես այն, որ նա խաթարել և ընդհատել է երեք հասարակական լսումները:
Առաջին լսումների վերաբերյալ: Գնդեվազ գյուղում բնակիչները բողոքեցին 2014թ-ի օգոստոսի 25-ի հասարակական լսումների ժամանակ, դուրս եկան դահլիճից և մեղադրեցին գյուղապետին և ընկերությանը, որ ընկերությունը Գնդեվազ է բերել սեփական լսարանը, իսկ նրանց համար, ովքեր դեմ են ծրագրին, դահլիճում տեղ չի մնացել: Գյուղապետի կողմնակիցների և բողոքողների միջև տեղի ունեցավ կոնֆլիկտ:
![]() |
Երկրորդ լսումների վերաբերյալ: ԷկոԼուրը նախագծի վերաբերյալ ուղարկել է կարծիք «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, և դրանով սահմանափակել իր մասնակցությունը Գորայք համայնքում 2014թ-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հասարակական լսումներին: Մեր կարծիքով` դժվար է դա լսումների ընդհատում անվանել:
Երրորդ լսումների վերաբերյալ: ԷկոԼուրը մի շարք հասարակական շարժումների և կազմակերպությունների հետ միասին հրաժարվեց մասնակել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկմանը: Հասարակայնության ներկայացուցիչները պաշտոնապես իրենց կարծիքը հայտնեցին, որ, օրակարգից դատելով, այդ քննարկումը Ամուլսարի ծրագրի PR-ն է (ՀԲՃ-ն կոչ է անում մերժել Ամուլսարի հանքավայրի հետ կապված քննարկումների հրավերները, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հրաժարվեց մասնակցել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի առաջարկած քննարկմանը, Բողոքի ակցիա «Այլեևս ոչ մի նոր հանք Հայաստանում», Ակցիայի մասնակիցներին եւ լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Ամուլսարի ծրագրի վերաբերալ քննարկման սրահ, S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը):
![]() |
Օրակարգում ներկայացված էին ընկերության ելույթները, իսկ հասարակայնությանը հնարավորություն չէր ընձեռնված ելույթի համար` բացառութամբ ընդհանուր հարցերի ու պատասխանների: Քննարկումները փակ էին հասարակայնության այն ներկայացուցիչների համար, որոնք կազմակերպիչների կողմից չէին հրավիրվել: Թե ինչի հիման վրա էր արված հասարակական կազմակերպությունների ընտրությունը, հասկանալի չէ, քանի որ ոչ մի հրապարակային հայտարարություն չի եղել: Սակայն եղել է նախազգուշացում, որ քննարկման ընթացքում չեն թույլատրվում տեսախցիկներ և ֆոտոխցիկներ: Մենք կարծում ենք, որ, անխոս, ընկերությունն իրավունք ունի փակ քննարկումներ անցկացնել, սակայն այս դեպքում պետք չէ այն հանրային անվանել:
Ինչ վերաբերում է IFC և EBRD ուղարկված բողոքներին, ապա հայտարարում ենք, որ EBRD-ի Օմբուդսմենի գրասենյակը մերժեց բողոքը ոչ իրավաչափ կերպով` ցուցաբերելով անհանգստացնող տարբերակում սեփական առաքելության և կանոների և բողոքատուների միջև: Սակայն IFC-ի Օմբուդսմենի գրասենյակն ընդունեց, որ բողոքին պետք է ընթացք տալ, և այժմ բողոքը դիտարկման փուլում է:
Եվ վերջապես կոռուպցիայի մասին: Կոռուպցիան ՀՀ կառավարող կառույցներին բնորոշ երևույթ է: Այս փաստը հաստատում է նաև ՀՀ կառավարությունը և «Lydian»-ի բաժնետեր միջազգային ֆինանսական ինստիտուտները: Այս դեպքում ընկերությունը կարող էր կոռուպցիայի ռիսկի մասին հայտարարությունը դիտարկել որպես հարց, որը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և միջոցառումներ, որոնք կզգուշացնեն այդ ռիսկերի մասին և չհայտարարել, որ որ մեր վերլուծությունը կարող է ղեկավարությանը բանտ ուղարկել: Եթե դա կատակ էր, ապա մեր կարծիքով, կոռուպցիայի ռիսկերը ծիծաղելի չեն, այլ խոց են, որ ուտում են մեր երկիրը:
Մայիս 11, 2015 at 14:33