Նախարար Կարեն Ճշմարիտյանը, հանքարդյունաբերությունը և Ամուլսարի նախագիծը

Նախարար Կարեն Ճշմարիտյանը, հանքարդյունաբերությունը և Ամուլսարի նախագիծը

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային արտադրության նախագիծն իր կողմնակցին է գտել կառավարությունում: Նա Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է: «Ամուլսարի արդյունքում մենք 2016-2017թ-ին կունենանք Հայաստանի մասշտաբով արտադրվող 12-14 տոննա ոսկի ոսկու համաձուլվածքի մեջ` դոռեի մեջ: Այստեղ ծրագիրը միանգամից դառնում է արդյունավետ...», - հայտարարել է նախարարը լրագրողներին:

Կարեն Ճշմարիտյանի ցանկությունը՝ բացել Հայաստանում որքան հնարավոր է շատ ոսկու և պնձամոլիբդենային հանքավայրեր, նորություն չէ: Հենց նրա՝ 2002-2007 թթ. առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար լինելու ժամանակահատվածում, (հետո նախարարությունը դարձավ Էկոնոմիկայի նախարարություն) հանքարդյունաբերությունը հասավ սարսափելի մասշտաբների, իսկ եկամուտը սկսեց ակտիվորեն գնալ օֆշորային գոտիներ:

Այս առումով նշանակալից էր 2004 թ-ին Քաջարանի լեռնամետալուրգիական համալիրի սեփականաշնորհման գործարքը, երբ աշխատող ձեռնարկությունը՝ 2.2 միլիարդ տոննա հանքաքարի պաշարով և միլիարդավոր դոլլարներ արժողությամբ, «վաճառվեց» ընդամենը 132 միլիոն դոլլարով, ընդ որում, 5 տարի մարման ժամկետով: Գերմանական «Chronimet» ընկերությունը, որն այդ ժամանակ այդքան էլ կապ չուներ հանքարդյունաբերության հետ, գործարքից ստացավ 60 տոկոս և գնաց օֆշորային գոտի, որտեղ վերանվանվեց «Cronimet Mining»: Ունենալով ավելի քան 100-ամյա, բայց համեստ փորձ լեռնահանքային արդյունաբերության մեջ` ընկերությունը այդ հրաշալի գործարքից հետո կտրուկ թռիչք կատարեց հանքարդյունաբերության ոլորտ, և արդեն հաջորդ՝ 2005 թ-ին, բիզնես բացեց Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Շվեդիայում և այլն:

Իսկ Հայաստանում ստացված գումարները բավականեցրին հետևյալի համար. 30 տոկոս կամ 32.1 միլիոն դոլլար ուղղվեցին Քաջարան քաղաքի բյուջետային ֆոնդ, 70 տոկոս կամ 74.9 միլիոն դոլլար՝ հատուկ մասնավորեցման հաշվի վրա, իսկ մնացած 25 միլիոն դոլլարը պետբյուջե՝ ոչ հարկային եկամուտի տեսքով:

Սեփականաշնորհման ևս մեկ հրաշալի գործարք է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականաշնորհումը՝ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման հանքային իրավունքով, որն արժեցավ ընդամենը 3 միլիոն դոլլար: Այս գործարքից հետո ձեռնարկությունը վերավաճառվեց և այժմ ակտիվորեն գնահատվում է տասնյակ անգամ ավելի:

Մինչ նախարարի պաշտոնից ՀՀ Ազգային ժողով գնալը Կարեն Ճշմարտիյանը հասցրեց ճանապարհ հարթել նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի համար, և նոր կառավարությանը 2007 թ-ի նոյեմբերին մնում էր միայն հաստատել փաստաթղթերի փաթեթը:

 Միանշանակ, Կարեն Ճշմարիտյանը այս բոլոր կասկածելի գործարքներում ոչ միակ, և անգամ ոչ գլխավոր դեմքն է: Բայց նա դրանց ակտիվ մասնակիցն է, և, կրկին զբաղեցնելով նախարարի պաշտոնը, անցավ լավ ծանոթ գործունեությանը՝ ոլորտի պրոպոգանդային, որտեղ մեր հարստությունները փաստացի նվերի նման գնում են մասնավոր գրպաններ, իսկ մեզ մնում են քայքայված հողերը և աղտոտված գետերն ու աղբյուրները:

Նախարարի մոտեցումներում բացակայում է բնական պաշարներին, շրջակա  միջավայրին հասցված վնասի իրական գնահատականի անգամ շատ փոքր մասը: Բացակայում է նաև երկրի ապագայի տնտեսական տեսլականը 10-15 տարի անց: Նախարարը երևի չգիտի, որ Ամուլսարում մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0.8-0.9 գրամ ոսկի: Եվ նրա նշած 12 տոննա ոսկու դիմաց մենք կունենանք 12 միլիոն տոննա թափոն՝ մկնդեղի, կապարի, կադմիումի բարձր պարունակությամբ: Երևի նա չգիտի, որ Ամուլսարը գտնվում է Ջերմուկի վերևում և կարող է ոչնչացնել այդ յուրահատուկ հանգստյան գոտին: Չգիտի, որ Ամուլսարը կարող է ազդեցություն ունենալ Սևանա լճի վրա: Չգիտի, բայց հաճույքով կիսվում է իր չիմացությամբ՝ ընդունելով ճակատագրական որոշումներ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Սեպտեմբեր 30, 2014 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր