ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներ` եզրակացություններ եւ առաջարկություններ

ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներ` եզրակացություններ եւ առաջարկություններ

ԷկոԼուր

Մասնագետները պրոֆեսիոնալ գնահատական են տալիս Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին, որը Հայաստանում իրականացնում է «Lydian International» ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) աջակցությամբ:

Այս անգամ Օրհուս կենտրոնների պաշտոնական www.aarhus.am կայքում  գնահատական է ներկայացրել երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մովսիսյանը: «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներ» աշխատության մեջ ասված է.

«Ուսումնասիրելով ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ նախագծային փաստաթղթերն ու դրանց հիման վրա տրված եզրակացությունները, կարող ենք ասել, որ այդ փաստաթղթերը կազմված են ամենայն մանրամասնությամբ՝ փորձելով բաց չթողնել որեւէ հարց, որը կարող է ինչ-որ կերպ բացասաբար անդրադառնալ հանքավայրի շահագործման ծրագրի վրա: Ամեն ինչ ծրագրում ներկայացված է եւ նկարագրված է ՇՄ վրա զրոյական ազդեցությամբ: Այնուամենայնիվ, խորը եւ մի քանի անգամ ծանոթանալով նախագծային փաստաթղթերին, կարելի է հանդիպել որոշ բացթողումների: Ինչ վերաբերվում է ԲՆ եզրակացությունների ՇՄԱԳ նախագծերի վերաբերյալ, ապա կարելի է ասել, որ դրանք կարծես թե մակերեսային դիտարկումների վրա արված եզրակացություններ են, որոնք փաստում են նախագծում նշված որոշ հնարավոր դրական կողմեր: Համաձայն ներկայացված նախագծի, հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով, իսկ մեծածավալ հանքաքարից ոսկու կորզումը՝ ցիանացման կույտային տարրալվացման եղանակով:

Ողջ փաստաթղթային փաթեթում նախագծողների կողմից նշվում է միայն կույտային տարրալվացման հարթակի (ԿՏՀ) գոյության մասին իր համապատասխան չափերով (մոտ 106 մլն տ) եւ, բնականաբար, անգամ խոսք չի գնում վերջինումս կուտակված զանգվածի ծավալների եւ դրանց, որպես հարստապոչեր անվանելու կամ որպես թափոններ ընդունելու մասին: ԿՏՀ-ում կուտակված ամբողջ զանգվածը իրենից ներկայացնում է թափոն եւ կուտակված է պոչամբարում (թափոնակույտում), որի համար անհրաժեշտ է ունենալ կառուցման տեխնիկական պահանջներ, նախագիծ, վտանգավորության դաս եւ անձնագիր:

ԿՏՀ-ի կառուցման մասին խոսք գնալիս` նախագծում նշվում է միայն հատակի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ թե ինչպես են կառուցվելու պոչամբարի պատնեշները` ոչինչ չկա: ԿՏՀ-ի կառուցման համար, բացառելով վնասակար նյութերի թափանցումը դեպի ՇՄ, նախատեսված չեն նաեւ հարթակի հատակում, պաշտպանիչ շերտից ներքեւ, համապատասխան գրանցման ցուցիչների (датчик) տեղադրումը, որոնց միջոցով կարելի է միայն վերահսկել եւ իրականացնել մշտադիտարկումներ ԿՏՀ-ից վնասակար նյութերի ներթփանցումը դեպի ՇՄ, ինչպես նաեւ վերջիններիս օգնությամբ կարելի է կանխել եւ հետագայում խուսափել մեծ աղետներից: Հարթակների հիմքում շարժի գրանցման ցուցիչները, տեղեկատվությունը ժամ առաջ հաղորդելով վերահսկման կայան, նպաստում են խոշոր վթարների կանխմանը, կամ նրանց ազդեցության նվազեցմանը: Ինչպես հասկանում ենք, նման միջոցառումներ ծրագրով նախատեսված չեն:

Հաջորդ խնդիրը վերաբերվում է լեռնահանքային արդյունաբերական համալիրի (ԼՀԱՀ) տարածքի սեյսմիկ ակտիվության գնահատմանը: Համաձայն առկա փաստաթղթերի` մանրամասն ուսումնասիրության, լեռնահանքային արդյունաբերության ողջ տարածքին վերագրվել է ընդհանուր առմամբ միջին աստիճանի սեյսմիկ վտանգ (Հանքի ՎՓՎ ՀՊ, 2014, էջ 26): Պոչամբարի (ԿՏՀ) կառուցման պատվարի սեյսմիկ շինարարության մասին չի խոսվում կարծես թե նախագծում, եւ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է գնահատել վտանգավոր օբյեկտի ՇՄ վրա ազդեցություն եւ նրա համապատասխանություն շինարարական նորմերին ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ կողմից, առանց կառույցի շինարարության տեխնիկական նորմերի առկայությանը: Խոսք է գնում ԿՏՀ 5-6 բալ սեյսմակայունության վերաբերյալ, ինչը, մեր կարծիքով, այդ տարածաշրջանի համար շատ քիչ է հաշվարկված: Համաձայն իրենց իսկ ուսումնասիրությունների (Երկրաշարժի վտանգի գնահատում եւ սեյսմիկ պարամետրեր Հաշվետվություն, 2014) ԼՀԱՀ տարածքի համար ԳԱԱ միջին արժեքները տատանավում են 0.2-0.3 g միջակայքում, երբեմն էլ ավելի բարձր: Համաձայն ՀՀ ՍՊԱԾ «ՀՀ Սեյսմիկ շրջանացման քարտեզի»` Երեւան 1998, Ամուլսարի հանքարդյունաբերական համալիրի տարածքը ընկնում է սեյսմիկ գոտիավորման 0.2-0.3 g ներառյալ հորիզոնական արագացումների դաշտում, որոնց համար սպասվող երկրաշարժերի ուժգնությունն ու ավերվածությունների հետեւանքները համապատասխանաբար տատանվում են 8-9 բալի սահմաններում[1]: ԿՏՀ կառուցման եւ հանքարդյունաբերության ՇՄԱԳ նախագծում հաշվի չի առնվել թափոնների հնարավոր վնասակար ազդեցությունները` պայմանավորված բնական աղետներով եւ/կամ կառուցման, շինարարական նորմերի չպահպանման հետեւանքով առաջացած վթարներով, ինչպիսին օրինակ կարող է լինել պատվարների պատռումը: Վերջիններս կարող են իրենց անդառնալի վնասակար ազդեցությունն ունենալ ինչպես մոտակայքում գտնվող բնակավայրերի, այնպես էլ ջրհավաք ավազանի ամբողջ ազդեցության գոտում:

Նախագծային փաստաթղթերում, ԼՀԱՀ տեղադիրքը բնութագրելիս, բնակավայրերի հեռավորությունները տրվում են որպես կենտրոն` վերցնելով բացահանքը եւ նրա հեռավորությունը, այնինչ չպետք է մոռանալ, որ ԼՀԱ համալիրում կա նաեւ առավել մեծ վտանգավորության դաս ունեցող օբյեկտ, ինչպիսին ԿՏՀ-ն է ԱԴՎ կայանով: ԿՏՀ-ն տեղակայված է Ամուլսար լեռան արեւմտյան կողմում՝ Գնդեվազից մոտ 1.2 կմ դեպի հարավ, իսկ նախատեսված բացահանքերից 6կմ դեպի արեւմուտք: Ընդհանուր խախտված տարածքի տարածման գոտին կազմում է 160հա, որում ներառված են կուտակման ավազանները եւ ԱԴՎ Ադսորբցիոն-Դեսորբցիոն Վերականգնում կայանի տարածքը:

Որպես պաշտպանություն ԿՏՀ-ի բնակավայրերից հեռու տեղադրման հանգամանքին, բերվում է Գնդեւազ գյուղի բնակավայրի սանիտարական պահպանման գոտին 1.0 կմ շառավղով, եւ ստացվում է, որ ԿՏՀ բնակավայրերից տեղադրված է դեռ մի բան էլ 200 մ-ով ավելի հեռու: Սակայն վերջինս այդքան էլ ճիշտ հաշվարկված չէ եւ սանիտարապաշտպանական գոտու չափերն ընտրված են սխալ: 1.0 կմ-ը դա այն գոտին է, որտեղ գյուղի բնակչությունը իրականացնում է իր անմիջական գործունեությունը, իսկ սանիտարապաշտպանական գոտին պետք էր վերցնել գյուղի բուֆերային գոտուց 1.0 կմ հեռու, այլ ոչ թե անմիջապես շենք-շինություններից: Այսինքն 1.0 կմ-ի փոխարեն գոնե 2.0 կմ այս դեպքում: Սակայն, համաձայն միջազգային նորմերի, որի ընդունմանը մասնակից է նաեւ ՀՀ, նման կարգի գործունեություն ծավալող օբյեկտների համար, որոնք համապատասխանում են I կարգի ձեռնարկություններին, սանիտարապաշտպանական գոտու նվազագույն չափերի պահանջներում սահմանված է ոչ պակաս քան 2.0 կմ (որպես հնարավոր վնասակար ազդեցության գոտի): Ստացվում է, որ այս դեպքում ԿՏՀ-ն ԱԴՎ կայանով մոտակա բնակավայրերից պետք է տեղադրված լիներ 3.0 կմ հեռավորության վրա՝ 2.0կմ ֆաբրիկայի սանիտարապաշտպանական գոտին + 1.0 բնակավայրի բուֆերային գոտին:

Նախագծային փաստաթղթերում բավականին թերի են նկարագրված հանքի, ԴԱԼ (Դատարկ ապարների պահեստավորման) հանգույց եւ ԿՏՀ Կույտային տարրալվացման հրապարակ (պոչամբարներ այս դեպքում) փակման աշխատանքների ծրագրերը: Նախագծային փաստաթղթերում գնահատված չէ նաեւ ՇՄ վրա Արփա գետից վերցվող ջրի ազդեցությունը, ինչի մասին նշված չէ նաեւ եզրակացության մեջ: Ինչքան էլ տարրալվացման գործընթացը գործի փակ շրջանառու համակարգով, միեւնույն է` նման տեխնոլոգիական գործընթացները, ինչպես նաեւ ԼՀԱՀ ողջ գործունեությունը պահանջում է ջրի բավականին մեծ քանակությունների ծախս: Հաջորդ բացթողումը, ինչը շատ հաճախ նկատվում է բոլոր ՇՄԱԳ նախագծերում, վերաբերվում է հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական եւ տեխնիկատեխնոլոգիական նախագծերին, որոնց ՇՄԱԳ-ից անկախ դիտարկումը երբեմն բերում է սխալ եզրահանգումների:

Այսպես, օրինակ, նախագծում նշվում է, որ Էրատոյի բացահանքի դատարկ ապարներն օգտագործվելու են հանքարդյունաբերական աշխատանքների վերջնահատվածում Տիգրանեսի եւ Արտավազեսի հանքափոսերը մասամբ լցափակելու համար, այսինքն կուտակվելու են առաջի բացահանքում: Սա բնապահպանական տեսանկյունից շատ դրական քայլ է համարվում, սակայն լեռնաերկրաբանական եւ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսանկյունից այդքան էլ դրական չէ:

ՀՀ ԷԲՊՆ ՕՀՊԳ թիվ 211 որոշման մեջ (23.02.2009), որը վերաբերվում է հանքավայրի կոնդիցիաների պարամետրերի եւ պաշարների հաստատմանը, 3-րդ կետում նշվում է Ամուլսարի հանքավայրի 40-50 մլն. տ քանակով հանքաքարի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների իրատեսականությունը, ոսկու 0.75 գ/տ պարունակությամբ: Նման ձեւով Փորձագիտական եզրակացություն թիվ 76-ում նշվում է. Հանքային մարմինը հորատանցքերով հետամտվում է մակերեւույթից մինչեւ 100-150 մ խորությունը, սակայն պաշարների հաշվարկման ժամանակ ներքին սահմանը վերցվել է 2830 մ, այսինքն` մոտ 100 մ: Վերջինս պայմանավորված է բացահանքի ստորին նիշով, եւ հասկանալի է, որ դրանով հանքավայրի պաշարները, առավել եւս ռեսուրսները չեն սահմանափակվում, եւ նվազագույնը 50 մ դեպի խորքը դեռեւս առկա են հանքաքարի պաշարներ (ըստ կարգի` դրանք ենթակա էին

հաշվարկման, թեկուզ որպես արտահաշեկշռային պաշարներ, սա պաշարների հաշվարկման սխալ է):

Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի` հանքավայրի արդյունահանումից հետո հանքի փակման աշխատանքները թույլատրվում են, եթե ապացուցված է հանքավայրի տարածքում, նրա խորը հորիզոններում հնարավոր ռեսուրսների բացակայությունը եւ վերջիններս հետագայում չեն խոչընդոտի հանքավայրի շահագործումից հետո ընդերքում մնացած օգտագար հանածոների հետագա արդյունահանմանը: Այստեղ ընդունելի կլիներ, եթե հանքավայրը շահագործողների կողմից նախատեսված լիներ արդյունահանմանը զուգահեռ խորը հորիզոնների հետախուզական աշխատանքների իրականացումը եւ հանքավայրի պաշարների ավելացումն ու ԼՀԱՀ կյանքի տեւողության երկարացումը:

Հանքի արդյունահանման եւ փակման ծրագրերում ոչ մի կերպ չի նշվում կանխատեսումային ռեսուրսների պաշարների վերածման աշխատանքների եւ դրանց հետագա շահագործման հանձնման աշխատանքների մասին: Ի դեպ, կանխատեսումային ռեսուրսներ են գնահատված նաեւ Էրատո տեղամասի համար պաշարների հաստատման համապատասխան որոշման մեջ, իսկ Արտավազես եւ

Տիգրանես տեղամասերի պաշարները, իմ կարծիքով, անհրաժեշտ էր մինչեւ շահագործման հանձնելը, վերագնահատել, քանի որ այնտեղ եղած ոչ տնտեսագիտական (արտահաշվեկշռային) պաշարները հանքի շահագործման ծրագրում ընդունված են որպես հաշվեկշռային պաշարներ եւ շահագործման արդյունքում ենթակա են պետական հաշվեկշռից պարտադիր դուսրգրման»:


[1] Հայաստանի տարածքը բնորոշվում է բարձր սեյսմիկ վտանգով: Համաձայն սեյսմիկ շրջանացման հավանականային քարտեզի (Բալասանյան եւ ուրիշն. ՀՀ ՍՊԱՔ, 1998) Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացվում են չորս սեյսմիկ վտանգի գոտիներ 0.2g, 0.3g, 0.4g եւ 0.5g գրունտի առավելագույն հորիզոնական արագացումներով, 8-10 բալ, ըստ MSK=64 ուժգնության սանդղակի (Баласанян С.Ю., Назаретян С.Н, Амирбекян В.С. Сейсмическая защита и ее организация. Гюмри. Эльдорадо, 2004)

Մարտ 23, 2015 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր