

ԷկոԼուր
Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հետաքրքրվեց՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքի շահագործումը տեղի խմելու ջրի որակի վրա:
«Մենք մյուս տարի տարածաշրջանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ մեկնարկելու ենք մեծ ներդրումային ծրագիր: Արդյո՞ք վստահ եք, որ խմելու ջրի որակի վրա որևէ ազդեցություն չեք ունենալու, որովհետև ըստ մեր վարկային պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությունը կրում է ողջ պատասխանատվությունը, եթե խմելու ջրի որակը տատանվի», - հարցրեց Զառա Չատինյանը:
Ի պատասխան՝ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերության ներկայացուցիչն ասաց. «Աշխատող ջուրը պատյանի մեջ է կրկնակի, երբեմն նաև եռակի: Այսինքն, ինքը փակ համակարգով, խողովակներով շարժվում է, և որևէ արտահոսք չպիտի լինի: Եթե հանկարծ լինի արտահոսք, ապա երկրորդ պատյանը դա կպաշտպանի: Որոշ պատասխանատու տեղերում նույնիսկ պատյանը եռակի է: Այսինքն, ինչ վերաբերում է խմելու ջրի որակին՝ որևէ կերպ որևէ ազդեցություն մենք դրա վրա չենք ունենալու: Ջերմուկի ջրատարը և Ամուլսարը իրարից տարանջատված են, և որևէ կերպ Ջերմուկ քաղաքի խմելու ջրի վրա մենք չենք կարող ազդել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: «Lydian International»-ի գլխավոր բաժնետերերն են Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Սեպտեմբեր 02, 2014 at 16:41