Ինչու վրդովվեցին գնդեվազցիները

Ինչու վրդովվեցին գնդեվազցիները

ԷկոԼուր

Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում անցկացված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումների ժամանակ Գնդեվազ գյուղի բնակիչներն անկոչ հյուրի կարգավիճակում էին:

Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի հասարակական լսումները կազմակերպվել էին Գնդեվազ գյուղում: «Գեոթիմ» ՓԲԸ-ն Գնդեվազ էր հրավիրել Սարավանի, Գորայքի և Ջերմուկի համայնքապետերին և այդ համայնքների հիմնականում այն բնակիչներին, ովքեր աշխատում են վերոնշյալ ընկերությունում:  Նաև հրավիրվել էին մասնագետներ, ովքեր աշխատում են նախագծի վրա:

Գնդեվազցիները վրդովվեցին այն փաստից, որ, չնայած նրան, որ լսումները անցկացվում են Գնդեվազ գյուղում, որտեղ պետք է կառուցվի ցիանային արտադրությունը, հենց Գնդեվազի բնակիչների համար լսումների դահլիճում անգամ կանգնելու տեղ չկար: Նրանք հնարավորություն չունեցան արտահայտելու իրենց բողոքը Ամուլսարի նախագծի դեմ լսումների դահլիճի ներսում:

Երբ նախագծի հեղինակ Վռամ Թևոսյանը սկսեց ներկայացնել նախագիծը, բնակիչները վրդովվեցին. «Մենք համաձայն չենք, Գնդեվազի ըսկի հինգ տոկոսը չկա դահլիճում…հարյուր ժողով են արել, ո՞ր գնդեվազցին է մասնակցել… ձեռք են առնում, ինքը իրա համար խոսումա…»: Գնդեվազցիներն ամբոխով լքեցին լսումների դահլիճը: Նրանց հետևից դուրս եկան Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը և իր կողմնակիցները:

Հայրապետ Մկրտչյան. «Դուք պրովոկացիա եք անում, սրա համար նախատեսված էր, խոսացված էր, ամեն ինչը պայմանավորված էր: Դուրս կգային ուրիշ համայնքի բնակիչները, մենք իրանց մեր հարցերը կտայինք, իսկ դուք շատ վատ բան արեցիք, սա կապվածա չորս համայնքի հետ»:  

Բնակիչ. «Բա Գնդեվազից ոչ ոք այնտեղ չնստի։ Ըսկի մի էլ գնա դու, մեր կողքին կանգնի, նրանք թող իրանց որոշումը կայացնեն բազարչայցիների և սարավանցիների հետ»:

Գյուղապետ. «Սպասեք հարցին լուծում տանք, ոչ թե բունտ արեք»:

Բնակիչ. «Ոչ թե Գնդեվազն են շարքից հանում, ամբողջ Վայոց ձորն են թունավորում…դրանք մասսայական թշնամի են»:

Այնուհետև կրքերը թեժացան, բայց Ջերմուկի ոստիկանության միջամտությունից հետո գնդեվազցիները մնացին դրսում, իսկ գյուղապետը վերադարձավ լսումների դահլիճ: Գյուղապետը նաև հայտարարեց, որ ընկերությունը համաձայն է հանդիպել գնդեվազցիների հետ առանձին, երբ լսումները ավարտվեն: Սակայն, երբ լսումներից հետո գնդեվազցիները հավաքվեցին դալիճում, գյուղապետն ասաց, որ հանդիպում չի լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:



Օգոստոս 26, 2014 at 08:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր