ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ՞ ԵՂԵԼ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ՞ ԵՂԵԼ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ 
 
Արգիճի գետի կամ նրա վտակ Գայլաձոր գետակի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը սպառնում է Սեւանա լճի առանց այն էլ վտանգված էնդեմիկ ձկնատեսակների գոյությանը։ Ընդ որում, նշվածը միակ սպառնալիքը չէ, որ բխում է այդ ձեռնարկից։
  
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության տեղեկացմամբ, իրենց այն ահազանգին, որ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու հետեւանքով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ (Մադինան, Ներքին Գետաշենը, Վերին Գետաշենը, Վաղաշենը, Գեղհովիտը) կարող են մնալ առանց ոռոգման ջրի, պատասխան է ստացվել տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից։
  
Այնտեղից հայտնել են, որ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացվել է դեռ անցյալ ամիս եւ զեկուցել վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Վերջինս բնապահպանության նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, իսկ հունիսի 24-ին նույն մարզում տեղի ունեցած արտագնա նիստում հանդիպել է վերոնշյալ համայնքների ներկայացուցիչների հետ։
  
Համայնքապետերն իրենց մտահոգությունն են հայտնել գետի վերին հոսանքներում իրականացվող հէկ-ի շինարարության կապակցությամբ, ներկայացրել թվային տվյալներ առանց ջուր մնացող բնակչության եւ համայնքների ոռոգվող հողատարածքների վերաբերյալ (Գեղհովիտ՝ 6700 բնակիչ, 900 հա ոռոգելի հողատարածք, Վաղաշեն՝ 4300 բնակիչ, 300 հա ոռոգելի տարածք, 1000 հա ոռոգելի խոտհարքներ, Վ.Գետաշեն՝ 5500 բնակիչ, 1200 հա տարածք, Ն.Գետաշեն՝ 9000 բնակիչ, 2150 հա տարածք, Մադինա՝ 1300 բնակիչ, 1300 հա տարածք)։
  
Անդրադառնանք հէկ-ի կառուցման դեպքում առաջացող էկոլոգիական խնդրին։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում (այն օրենքի ուժ ունի) գրանցված Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների մեծ մասը ձվադրում է Արգիճիի վերին հոսանքներում։ Բնականաբար դրանք մտնում են նաեւ Գայլաձոր ու վերեւ բարձրանում, այսինքն՝ հէկ-ի կառուցման դեպքում հայտնվում ոչնչացման սպառնալիքի տակ։ Էկոլոգիական դաշինքի եւ բնապահպանության նախարարության գիտական խորհրդի անդամ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մեզ հետ զրույցում նույն մտահոգությունը հայտնելով, նշեց Կարմիր գրքում գրանցված եւ հէկ-ի կառուցման դեպքում ոչնչացման սպառնալիքի տակ հայտնվող ձկնատեսակների անունները՝ իշխան, բախտակ, բեղլու։
  
Ըստ «Արմենիանաու» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման՝ «Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները պնդում են, որ չգիտեն, թե ով է շինարարության հեղինակը եւ այն որակում են ապօրինի, քանի որ չեն տվել համապատասխան թույլտվություն, իսկ ՀՀ բնապահպանական տեսչության տարածքային բաժնի պետ Սողոմոն Սողոմոնյանը նշում է, որ մարզպետարանը միշտ էլ տեղյակ է եղել, քանի որ դեռ 2006 թվականից մինչեւ 2009թ. նոյեմբերը այդ ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու թույլտվություն եղել է»։
  
Հենց այստեղ էլ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի ոռոգումը հէկ-ի հետ, չէ՞ որ, ըստ նշված հրապարակման, մարզպետարանի աշխատակիցները հէկ-ի շինարարությունն են որակել ապօրինի։ Եվ եթե այն ապօրինի չէ, նույն պաշտոնյան նույն լրատվամիջոցին ինչու է հավատացրել՝ «Բայց մենք ամեն ինչ կանենք, որ այդ շինարարությունը չշարունակվի»։ Վերոհիշյալ շինարարության առնչությամբ առաջինն ահազանգել են տեղի բնակիչները։
  
«Մենք այդ մասին պատահաբար իմացանք, տեսանք, որ մեծ շինարարություն է գնում»,- «ԷկոԼուր»-ի աշխատակցին ասել է Ներքին Գետաշենի համայնքապետ Կարո Գեւորգյանը։
   Գավառի Օրհուս կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում Գեղարքունիքի փոխմարզպետ Վարդան Ղուկասյանն ասել է.
  
«Սեւանի հարցը շատ սուր է։ Գումարներ են ծախսվում, ճանապարհներ են տեղափոխվում, անտառներ են հատվում։ Ամեն ինչ արվում է, որպեսզի Սեւանա լիճը փրկվի։ Վայոց Ձորից թունել կառուցեցին (Արփա-Սեւան), որպեսզի Սեւանին ջուր տան, իսկ այստեղ ինչ-որ մեկը գետը Սեւանից շեղում է դեպի Կասպից ծով... Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, թեպետ դա մարզի վարչական տարածքն է, եւ շինարարության համար անհրաժեշտ է մարզպետի ստորագրությամբ թույլտվություն ունենալ՚։
  
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի ղեկավար Համբարձում Համբարձումյանի, խնդիրը միայն հիշյալ համայնքներին չի առնչվում, «Ուղիղ ազդեցության օբյեկտը հենց Սեւանա լիճն է եւ 87 համայնքներ, քանի որ Արգիճին կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ ձկնատեսակների՝ իշխանի եւ կողակի ձվադրման համար»։
  
Գեղարքունիքի մարզպետը զանգահարել է բնապահպանության նախարարին, որպեսզի պարզի իրավիճակը, սակայն վերջինս, ըստ «ԷկոԼուր»-ի, ասել է, որ տեղյակ չէ սկսված շինարարության մասին։ Տեղյակ չէ՞... Եթե նույնիսկ դա այդպես է, ապա կատարվածի համար չի կարող արդարացում լինել, քանի որ հարց է առաջանում՝ ո՞ւր է նայել նույն նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչությունը։ Չէ՞ որ ընդամենը 1-2 մետր երկարության առու չեն փորել, այլ մոտ 1,5 կմ երկարության ջրանցք, ավելին՝ արդեն կառուցվել է երկու ամբարտակ։ Այս ամենն ինչպե՞ս չի նկատվել, թե՞ նկատվել է, բայց...
  
Վերոնշյալի կապակցությամբ բնապահպանության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է նույն վայրում կառուցվող հէկ-ին, ապա բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից կայացվել է որոշում շինարարական աշխատանքների դադարեցման մասին՝ մինչեւ «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացնելը՚։
  
Մեջբերված տեղեկատվությունն արդեն իսկ նշանակում է, որ նշված ընկերությունն առանց համապատասխան թույլտվության եւ պահանջվող մյուս փաստաթղթերի, «լավագույն» դեպքում դրանց սոսկ մի մասն ունենալով է սկսել շինարարությունը, այսինքն՝ թույլ է տվել օրինախախտում։
  
Պարզ է նաեւ, որ ընկերությունը, որպեսզի արդեն կատարված իր հսկայական ծախսերը ջուրը չլցվեն, հիմա ամեն ինչ անելու է, որ ձեռք բերի պահանջվող այդ փաստաթղթերը։ Կհաջողվի՞ դա նրան...

Հուլիս 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր