

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ www.belaviaservice.am կայքի
Հուլիս 06, 2021 at 12:47
