Զբոսաշրջությունը՝ որպես Լճաշենի զարգացման կանաչ ճանապարհ

Զբոսաշրջությունը՝ որպես Լճաշենի  զարգացման կանաչ ճանապարհ

Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ Լճաշեն համայնքը «կանաչ» տնտեսության զարգացման ուղին է բռնել: Համայնքում «կանաչ» ծրագրեր է իրականացնում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» (ՏԶՀԿ) ՀԿ-ն: Ձկնագողությունը բացառելու, «Սևան» ազգային պարկ հատուկ պահպանվող տարածքը պահպանելու և տեղի բնակիչների ներուժը համայնքի զարգացմանն ուղղելու նպատակով կազմակերպությունն ընդլայնում է միջոցառումների շրջանակը, համայնք հրավիրում է գիտնականների, տարբեր ստարտափներ կյանքի կոչում:

2021թ. հուլիսի 2-4-ը Լճաշենում «Լճաշենը պատմության հոլովույթներում․ Լճաշենի ֆենոմենը» խորագրով այլընտրանքային զարգացման ուղղված եռօրյա աշխատաժողով անցկացվեց և մշակվեց համայնքի զբոսաշրջային զարգացման ռազմավարությունը:

Աշխատաժողովին մասնակցեցին  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտականներ,  Լճաշեն համայնքի բնակիչներ ու բիզնեսի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց 17 գիտական զեկույց Լճաշեն հնագիտական հուշարձանի ու լճաշենյան բացառիկ գտածոների վերաբերյալ։ Լճաշենի երիտասարդները առաջարկ ստացան մասնակցելու հուշարձանի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներին։

«Լճաշեն՝ թանգարան բաց երկնքի տակ» ծրագրի համակարգող Սաթիկ Բադեյանն ասաց, որ Լճաշեն մտնող ցանկացած զբոսաշրջիկ պիտի ստանա միայն գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն: «Հետևաբար, գիտնականների այս համագործակցությունը համայնքի հետ պիտի լինի շարունակական և նրանց աջակցությամբ միայն համայնքը կարող է հասնել իր առջև դրված տեսլականին՝ դառնալ հնագիտական տուրիզմի կենտրոն տարածաշրջանում»,- նշեց նա։

Աշխատաժողովի ընթացքում համայնքի ավագանու որոշմամբ Լճաշեն համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց գիտնական, հնագետ, պատմական գիտություների թեկնածու Լևոն Պետրոսյանին, ով մեծ ներդրում ունի Լճաշեն հնագիտական հուշարձանի ուսումնասիրության և այն աշխարհի հնագիտական շրջաններին հասու դարձնելու գործում։ Իսկ «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն էլ հուշամեդալ շնորհեց հնագետներ Լևոն Պետրոսյանին և արժանահիշատակ Հարություն Մնացականյանին, ով առաջիններից էր, որ սկսել էր զբաղվել Լճաշեն հնագիտական հուշարձանի ուսումնասիրությամբ՝ հայտնաբերելով ու բացահայտելով Հայաստանի պատմության թանգարանի զարդը հանդիսացող 3500 տարեկան փայտյա սայլերն ու լճաշենյան բացառիկ մշակույթը։

Աշխատաժողովն իրականացվել է «Լճաշեն՝ թանգարան բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՏԶՀԿ-ի կողմից՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Նորարարություն հանուն փոփոխության» Հայաստան ծրագրի ենթադրամաշնորհով՝ Թայդս կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Հուլիս 06, 2021 at 18:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր