Նախատեսվում է Սևանի իշխան բազմացնել Ղրղզստանի Իսիկ Կուլ լճում

Նախատեսվում է Սևանի իշխան բազմացնել Ղրղզստանի Իսիկ Կուլ լճում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է Սևանի իշխանի Գեղարքունի ձկնատեսակի ձկնկիթները Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլ լիճ ներմուծել: Այս մասին ասաց  Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այս պահին քննարկվում են ձկնկիթի ինկուբացիայի հարցերը: Աշխատանքներում ընդգրկված են Ղրղզստանի գիտությունների ակադեմիան, իսկ Հայաստանի կողմից՝ այս գործընթացներում մասնակցում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը»,- նշեց նա:

Ոսկեհատ Գրիգորյանի խոսքով՝ մեկ այլ ծրագրով էլ Սևանի ավազանից հավաքվել են Սևանի իշխանի տարբեր տարիքային խմբի առանձնյակներ և տեղափոխվել լճակային բնական պայմաններ՝ հետագայում բնական վերարտադրության ընթացք ապահովելու համար:

Անդրադառնալով Սևանա լճում ձկան պաշարի համալրմանը՝ նա ասաց, որ 2020թ. Սևանա լիճ բաց է թողնվել 625 հազար Սևանի իշխանի մանրաձուկ, իսկ 2021թ.՝ 17 հազար:

Խոսելով սիգի արդյունագործական որսի այս տարվա աշխատանքների մասին՝ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ արդյունագործական նպատակներով տրամադրվել է 250 տոննա ձուկ որսալու չափաքանակ, որի շրջանակներում կնքվել է 303 պայմանագիր: «Արդյունագործական որսը կտևի մինչև սեպտեմբերի 1-ը: Ձկնորսության նկատմամբ հսկողության մեխանիզմները խստացնելու և ավելի հետևողական լինելու, մասնավորապես, մանրաձկան որսը բացառելու նպատակով «Սևան» ազգային պարկում ստեղծվել է արագ արձագանքման բաժին: Թվով 32 աշխատակից ունենք, 4 հերթափոխով, 8-ական տեսուչով աշխատելով ապահովում են 24-ժամյա հսկողություն»,- ասաց նա:

Հուլիս 07, 2021 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր