2022թ. հունիսի 13-ին տեղի ունեցավ Սևանի իշխանի այս տարվա առաջին խմբաքանակի բացթողումը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ Սևանա լիճ է բաց թողնվել 5,8 գրամ միջին քաշով շուրջ 15,577 հատ Ամառային իշխանի և 1,1 գրամ միջին չափով 150,000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ: Մանրաձկան բացթողումն իրականացվել է Ծակքար և Գավառագետ գետերում:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում իրականացված ձկների բացթողման աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները: «Նախարարի տեղակալը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մանրաձուկն աճեցվում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից, որը 2016թ-ից սկսած ստանձնել է Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման համար լիճ մանրաձուկ բաց թողնելու պարտավորությունը: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ 2020թ. Սևանա լիճ է բաց թողնվել 1.64-112 գրամ քաշով 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ, որից 592,433-ը կազմել է Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակը, իսկ 32,676-ը՝ Ամառային իշխանի, 2021թ.՝ 17 հազար Սևանի իշխանի մանրաձուկ:
Մանրաձկան բացթողումների միջոցառումները չեն լուծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման խնդիրը: Ինչո՞ւ է այդպես: ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ վերականգնված պաշարի կամ պոպուլյացիայի մասին չենք կարող խոսել, քանի դեռ չկա ձկների բնական վերարտադրություն: «Ճիշտ է՝ բավականին թվով մանրաձուկ է բաց թողնվում վերջին տարիներին, ընդ որում՝ բավական կենսունակ ձկնիկներ, նրանց մեծ մասը մեծանում է և նույնիսկ հասունանում: Խնդիրը նրանում է, որ նրանք չեն կարող ձվադրել, իսկ եթե չեն ձվադրում՝ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Նշանակում է՝ մենք չենք կարող համարել, որ Սևանա լճում վերականգնված որևէ տեսակի պոպուլյացիա ունենք»,- ասաց նա:
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ ձվադրման համար մի քանի խոչընդոտ կա: «Առաջինը՝ որսագողությունն է: Անգամ փոքր ձկներին են որսում՝ ափի մոտից գալիս են, դույլերով տանում: Իշխանի երկու ենթատեսակները՝ Գեղարքունին և Ամառային բախտակը գետում ձվադրող են: Երբ պատրաստ են լինում բարձրանալ գետերը, կրկին որսվում են անմիջապես գետաբերաններում: Մյուս կողմից՝ մենք չունենք գետ, որը բարենպաստ պայմաններ ունենա իշխանի ձվադրման համար: Բոլոր գետերում կամ ուղղությունները փոխված են, կամ ջուրը բավարար չէ»,- նշեց նա:
Բարդուխ Գաբրիելյանը խնդրի լուծման մի տարբերակ է տեսնում: «Պետք է պահպանության խնդիրը լուծվի: Պահպանության գործառույթը չի իրականացվում՝ ազգային պարկ, տեսչական մարմին, ոստիկանություն ու մարզպետարանի համապատասխան բաժին կա, որ պետք է դա իրականացնեն: Բացի այդ, անհրաժեշտ է իշխանի ձվադրման համար բարենպաստ որևէ գետում պիլոտոյին ծրագիր իրականացնել, սահմանել խիստ հսկողություն, բացառել որսագողությունը, մաքրել խոչընդոտները, պայմաններ ստեղծել, որպեսզի իշխանը բարձրանա: Այսպիսին կարող է լինել աղբյուրային սնուցում ունեցող Կարճաղբյուր գետը: Գետի բարենպաստ պայմանների և որսագողության բացառման դեպքում միայն կարող ենք ունենալ ձկնապաշարի վերականգնում»,- նշեց նա:
Անդրադառնալով Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնման հարցին՝ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իշխանի արդյունագործական պաշարը կարող է դրա վրա անդրադառնալ, սակայն՝ քանակը խիստ սակավ է: «Ձկները սննդային շղթայի ամենավերին օղակն են: Եթե պատշաճ քանակ լինի, ազդեցություն կթողնեն այդ շղթայի ու լճի էկոհամակարգի վրա: Բայց եթե նրանք չնչին քանակ են, ոչ մի ազդցեություն չեն թողնում՝ իրենք սննդի վրա չեն ազդում, որ դա էլ իր հերթին ազդի մնացած օղակների և համապատասխանաբար՝ ջրի որակի ու էկոհամակարգի վրա: Իշխանի արդյունագործական պաշար գրեթե չկա ու նույնիսկ վերականգնված պաշար չկա՝ գոյատևման քանակ կա: Եթե մի քանի տարի մանրաձուկ բաց չթողնեն՝ կվերանա, քանի որ չի բազմանում»,- ասաց նա:
Նշենք, որ 2019 և 2020թթ. իշխանի պաշարը եղել է 1-1,5 տոննայի սահմաններում, իսկ 2021թ.՝ 4,82 տոննա:
Հունիս 14, 2022 at 15:38