

Ինչպես է իրականացվում Չեխիայում պահպանվող տարածքների կառավարումը, ինչ խնդիրներ կան, ինչպես են դրանք հաղթահարվում և ինչպես տեղայնացնել չեխական փորձը Հայաստանում: Այս և այլ հարցերի պատասխանները Հայաստանի բնապահպանական ոլորտի 8 ներկայացուցիչներ ստացան 2022թ. մայիսի 24 և 25-ին Չեխիայի Հանրապետությունում գտնվող «Պոդիյի» ազգային պարկ և «Պալավա» պահպանվող լանդշաֆտ իրականացված այցերի ընթացքում:


Այցերն իրականացվել են «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:

«Պոդիյի» ազգային պարկի վարչական շենքը

«Պոդիյի» ազգային պարկը գտնվում է Չեխիայի հարավում՝ սահմանակցում է Ավստրիայի հետ: Պահպանվող տարածքի կարգավիճակ այս տեղանքին տրվել է 1978թ., իսկ արդեն 1991թ. հուլիսի 1-ին կարգավիճակը ավելի է խստացվել՝ դարձնելով ազգային պարկ։ Այդ խստությանը զուգահեռ չեխական իշխանությունները խրախուսում են տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին ազգային պարկ այցերն ավելի հաճախ դարձնել: Պարկն ունի հեծանվուղիներ, ճեմուղիներ, հատուկ երթուղիներ արշավական խմբերի համար: Այն դպրոցականների և ուսանողների՝ արտադասարանային հանդիպումների համար կարևոր միջավայր է կենսաբազմազանության բոլոր շերտերին ծանոթանալու տեսանկյունից:

Պարկի արահետներն առանձնացված նշաններ ունեն. դրանք արվում են ծառերի վրա
Պարկը 77 տեսակի բույսերի աճելավայր է, բնադրում են թռչունների 152, կաթնասունների 65, սողունների 7, ձկների 32 և թիթեռների 12 տեսակ: Պարկի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նրանք ևս փաստեցին, որ, ի տարբերություն Հայաստանի, կենսաբազմազանությունն իրենց մոտ նույնքան առատ չէ, սակայն այն պահպանելու չեխական սկզբունքը մեկն է՝ լիարժեքորեն պահպանել այն, ինչ ունեն:

«Պոդիայի» ազգային պարկում հայաստանցի մասնակիցների համար կազմակերպված քայլարշավի ընթացքում վերջինները ծանոթացան նորագույն տեխնոլոգիաների կիրառման փորձին, ոռոգման խնդիրների լուծման ուղիներին:



Դրենաժ՝ ճանապարհը էրոզիայից պաշտպանելու համար
Օրինակ՝ ազգային պարկի այցելուների քանակը հաշվարկվում է հատուկ լազերային սարքերի միջոցով, որոնք տեղադրված են պարկի երթուղիներից մի քանիսի վրա: Պարկի աշխատակից Լենկա Ռեյտրովան նշեց, որ 2020թ. բռնկված Covid-19 համավարակի ժամանակ մարդիկ սկսեցին ավելի շատ գնալ դեպի բնություն, և այդ տարի պարկը կես միլիոն զբոսաշրջիկ է ունեցել:

Պարկի աշխատակիցներն ընդգծեցին, որ իրենց երկրում մարդիկ բնության նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն՝ կենսաբազմազանությանը վնասելու, որսագողություն իրականացնելու, շրջակա միջավայրն աղտոտելու դեպքեր այս պարկում երկար տարիներ չեն գրանցվել:

Պարկում անգամ ծառերի թափուկներին ձեռք չեն տալիս՝ պահպանելու համար էկոհամակարգի բնական վիճակը: Դրանք պարկից ապօրինի դուրս բերելու փորձեր նույնպես չեն գրանցվել:

Հայ մասնագետների հարցին, թե պարկում վերջին տարիներին գրանցված ամենից մեծ խախտումը ո՞րն է եղել, պարկի աշխատակիցը հայտնեց, թե՝ հեծանվորդների կողմից հետիոտների ճեմուղիներ մուտք գործելը: Չեխ գործընկերները բնության պահպանության նկատմամբ այդ առանձնահատուկ վերաբերմունքն առաջին հերթին բացատրում են կրթությամբ, դաստիարակչությամբ, պետական վարած քաղաքականությամբ:
Հուլիս 25, 2022 at 17:05
