Հաստատվել են 2023թ. համար սիրողական ձկնորսության կենդանիների ցանկը, թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները

Հաստատվել են 2023թ. համար սիրողական ձկնորսության կենդանիների ցանկը,  թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023թ. հունվարի 27-ին ստորագրել է «2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 23-Ն հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից

Ըստ հրամանի՝ 2023թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը թույլատրվում է սիրողական ձկնորսության նպատակով որսալ կարմրախայտ, ծիածանախայտ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, բրամ, լոքո և խեցգետին: Այս ձկնատեսակների նկատմամբ որսն արգելվում է դրանց ձվադրման ժամանակատվածում, իսկ խեցգետնի համար՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածում:

Սիրողական ձկնորսությունը կարելի է իրականացնել մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով՝ կարթերով, յուրաքանչյուրը ոչ ավել, քան երկու կեռիկով: Իսկ խեցգետնի որսը կարելի է իրականացնել առավելագույնը երեք խեցգետնորսիչով՝ մինչև 70 սմ տրամագծով և 22 մմ ոչ պակաս խորշերով:

Կենդանատեսակների որսի թույլատրելի չափաքանակների ու բազմացման ժամանակատվածի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է՝ այստեղ:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։ Կենսաթոշակային տարիքի հայտատուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը և անձնագրի պատճեն։

2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը,  որի համաձայն՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար սահմանվել է բազային տուրքի չափ՝ 1000 դրամ։ 

Միաժամանակ Գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է «Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար» 900005002606 հաշվեհամար:

Հունվար 31, 2023 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր