

Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ, շուտով կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղը՝ հայտնելով, որ փետրվարի 17-ին WWF-Հայաստանը Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ քննարկում էր նախաձեռնել այդ հարցի շուրջ:
«Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները: Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։
Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
WWF Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանի նշել է, որ անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ «Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշել է նա:
Փետրվար 20, 2023 at 10:59