Կովկասյան ազնվացեղ եղջերուները` Դիլիջանի ոլորանններում

Կովկասյան ազնվացեղ եղջերուները` Դիլիջանի ոլորանններում

Փետրվարի 16-ին Դիլիջանի ոլորաններում զբոսանքի էին դուրս եկել Կովկասյան ազնվացեղ եղջերուները: Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հորդորելով հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ «Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։ Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։

Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 միլիոն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Դիլիջանի ոլորաններում հայտնված եղջերուները «Դիլիջան» ազգային պարկի Եղջերուների բազմացման կենտրոնից բնություն են բաց թողնվել 2022թ. հոկտեմբերի 14-ին՝ երկու արու և մեկ էգ՝ Զագրոսը, Նադալ և Զինան: Բաց թողնված կենդանիների վրա տեղադրված են հատուկ ռադիովզկապներ, ինչը թույլ է տալիս առցանց հետևել կենդանիների տեղաշարժին:

Երևույթը մեզանում անսովոր է, ինչն էլ համացանցում որոշ օգտատերերի շրջանում կասկածի տեղիք տվեց, թե գուցե ինչ-որ խնդիր կա, որ կենդանիները հայտնվել են փողոցում: Այս մտահոգությունների կապակցությամբ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն արձագանքեց. «Այսօր արդեն ուղիղ 4 ամիս է, ինչ կենդանիները ապրում են բնության գրկում։ Հայաստանում չկան մեծ տարածքներ, որտեղ չկան ենթակառուցվածքներ, գյուղեր և այլն։ Ամռանը բարձր լեռնային արոտավայրերում անասունների, շների և մարդկանց առկայության հետ կապված այլ ռիսկեր կավելանան։ Իհարկե, ռիսկեր կան, բայց ինչպես ասում են՝ «գայլերից վախենալ, անտառ չգնալ»։ Նրանք ծանոթանում են տարածքին, Աստված տա, նրանց մոտ ամեն ինչ կարգին լինի։ Դե թող մարդիկ վարժվեն, որ Դիլիջանում, ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում, արդեն կարող են տեսնել ազատ տեղաշարժվող եղջերուներին։ Ինչ վերաբերում է ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրին, ապա կենդանիների վերադարձի նման նախագծերը միշտ ունեն իրենց ռիսկերը, և պլանավորելիս այդ ռիսկերը պարտադիր հաշվի են առնվում։ Կենդանիներն ունեն ռադիովզկապներ, և մենք հետևում ենք նրանց տեղաշարժին, գումարած՝ տեղում մեր աշխատակիցներն ու ազգային պարկի աշխատակիցներն են, ովքեր, եթե կենդանիները հայտնվում են վտանգի վայրերում, հեռացնում են նրանց այդտեղից։ Հիշեցնեմ, որ սա փորձարարական խումբ է, և այս խմբի տվյալների վերլուծության հիման վրա հաջորդ խումբը բաղկացած կլինի 6-8 եղջերուներից և բաց կթողնվեն այս տարի»:

Եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է 2013թ. մեկնարկած «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում 2018թ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ, որոնցից 3-ը նվիրաբերություն էր, իսկ 11-ից յուրաքանչյուրի համար վճարվել է 5000-ական դոլար: 2022թ. դրությամբ կենտրոնում ծնվել է 21 ձագ։ Բնություն բաց թողնված առանձնյակներից բացի կենտրոնի 10 հա մակերեսով ազատավանդակում 2022թ. տվյալներով բնակվում է 27 եղջերու:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության



Փետրվար 17, 2023 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր