Վայրի կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու համար մինչև ապրիլի 1-ը պետք է թույլտվություն ստանալ

Վայրի կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու համար մինչև ապրիլի 1-ը պետք է թույլտվություն ստանալ

Վայրի կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր կլինեն դիմել լիազոր մարմին՝ կենդանիների պահման թույլտվություն ստանալու համար: Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռությամբ, որը կկանոնակարգի և վերահսկելի կդարձնի անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացը։ Նախագիծը հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ՝ www.e-draft.am կայքում:
 
Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից, մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։ 
 
Ըստ նախագծի՝ թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը, իսկ թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
 
Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կստեղծվի անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով։ Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազորված մարմին պետք է ներկայացնեն թույլտվության տրամադրման մասին հայտ: Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է թույլտվություն կամ մերժում է հայտը: Թույլտվության տրամադրումից հետո հայտատուն պետք է սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարի և վճարման անդորրագիրը լիազորված մարմնին ներկայացնելուց հետո՝ ստանա թույլտվությունը, որը տրվում է 15 տարի ժամկետով: Ըստ նախագծի՝ թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվության ժամկետի ավարտից հետո կարող են դիմել այն երկարաձգելու նպատակով: Այդ դեպքում լիազորված մարմինը թույլտվությունը երկարաձգում է ևս 5 տարի ժամկետով: 
 
Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
 

Փետրվար 22, 2023 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր