Հայաստանը նպատակ է դրել մինչև 2050 թվականը կրկնապատկել անտառային տարածքները, Նյու Յորքում հայտարարեց Անտառային կոմիտեի նախագահը

Հայաստանը նպատակ է դրել մինչև 2050 թվականը կրկնապատկել անտառային տարածքները, Նյու Յորքում հայտարարեց Անտառային կոմիտեի նախագահը

Անտառների պահպանությունն ու վերականգնումը Հայաստանի Հանրապետության  կառավարության առաջնահերթություններից է։ Նպատակ է դրվել մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառային տարածքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը՝ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի անտառների հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանի ժամանակ։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի անտառածածկը 11․2 տոկոս է, սակայն տարբեր փորձագիտական գնահատումներով այդ թիվը կազմում է 6-8 տոկոս։

«Ցավոք, մեր երկրում ևս առկա է անտառահատումների խնդիրը։ Այս բացասական երևույթի պատճառ են դարձել մի շարք հարցեր, որոնք առաջացել են մեր երկրի անկախության առաջին տարիներին։ Այդ  խնդիրները հատկապես արտացոլված են եղել էներգետիկայի ոլորտում։ Դրանց է գումարվել նաև կլիմայի փոփոխության համաշխարհային միտումը։ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է։ Այս առումով Հայաստանի կառավարությունը մի շարք գործնական քայլեր է ձեռնարկում, որոնք ցույց են տալիս մեր երկրի կառավարության քաղաքական կամքը՝ պաշտպանելու, վերականգնելու անտառները և ընդլայնելու Հայաստանում անտառային տարածքները։ Մասնավորապես, նպատակ է դրվել մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառային տարածքները», - ասել է Վլադիմիր Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի հետ։

Նա առանձնացրել է ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և մի շարք այլ միջազգային դոնորների աջակցությամբ Լոռիում և Սյունիքում իրականացվող 8-ամյա ծրագիրը, որի նպատակն է 2․5 տոկոսով ավելացնել Հայաստանում անտառածածկույթը և գյուղական համայնքներում վառելափայտի կարիքը նվազեցնել ավելի քան 30 տոկոսով։

Նստաշրջանի մեկնարկին ՄԱԿ-ը հայտարարել է, որ  Երկիր մոլորակից ամեն տարի անհետանում է 10 միլիոն հեկտար անտառ ապօրինի ծառահատումների, անտառային հրդեհների, աղտոտվածության, վնասատուների, մասնատման և կլիմայի փոփոխության հետևանքով։ Նշվել է, որ քայքայված անտառների վերականգնումը չափազանց կարևոր է մինչև 2030 թվականը գլոբալ անտառների 3 տոկոսով ավելացման ՄԱԿ-ի նպատակին հասնելու համար: Սա կօգնի երկրներին ստեղծել նոր աշխատատեղեր, կանխել հողի էրոզիան, պաշտպանել ջրային ավազանները, մեղմել կլիմայի փոփոխությունը և պահպանել մոլորակի կենսաբազմազանությունը:

Անտառները կարևոր դեր են խաղում կլիմայի փոփոխության մեղմման գործում: Անտառները զբաղեցնում են ցամաքի 31 տոկոսը։ Մոլորակի կենսաբազմազանության ավելի քան 80 տոկոսը կենտրոնացած է անտառներում։ Անտառներում կուտակված է 662 միլիարդ տոննա ածխաթթու գազ, ինչը կազմում է հողի և բուսականության մեջ պարունակվող համաշխարհային պաշարների կեսից ավելին: Ավելի քան 1,6 միլիարդ մարդու համար անտառներն ապահովում են սնունդ, ապրուստ, աշխատանք և եկամուտ:

Մայիս 12, 2023 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր