Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2000թ. դեկտեմբերի 20-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված իր ուղերձում կարևորել է կայուն էկոհամակարգերի առկայությունը: «Օդը, որ մենք շնչում ենք, սնունդը, որից քաղում ենք էներգիա և դեղամիջոցները, որոնք բուժում են մեզ, այս ամենն ու մեր կյանքն ամբողջությամբ կախված է էկոհամակարգերի առողջությունից», - նշել է նա՝ ընդգծելով, որ մարդկանց գործողություններն աղետալի հետևանքներ են ունենում մոլորակի համար:

Կենսաբազմազանությունը հաճախ դիտարկվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգնաիզմերի տեսակների հարստության տեսանկյունից: Մինչ այժմ նկարագրված է մոտ 1,75 միլիոն տեսակ, որոնց մեծ մասը մանր արարածներ են, ինչպիսիք՝ միջատները: Ըստ գիտնականների՝ տեսակների իրական թիվը կազմում է մոտ 13 միլիոն, սակայն այս ցուցանիշը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 3-100 միլիոնի սահմաններում։

Չնայած այն բանին, որ կենսաբազմազանությունը ներկա և ապագա սերունդների համար գլոբալ մեծ արժեք է ներկայացնում, մարդկային գործունեության հետևանքով վայրի ֆլորայի և կենդանական աշխարհի թիվը շարունակում է արագ տեմպերով նվազել: 

2023թ. առանձնահատուկ է կենսաբազմազանության պահպանման առումով: 2022թ. դեկտեմբերին ստորագրվել է Կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակը (Կունմին-Մոնրեալ): Սա ուղենշային մի համաձայնագիր է, որը սահմանում է նպատակներ և կոնկրետ գործողություններ՝ դադարեցնելու կենսաբազմազանություն կորուստը մինչև 2050 թվականը: Շրջանակի նպատակները ներառում են էկոհամակարգերի 30 տոկոսի վերականգնում, սննդի թափոնների կիսով չափ կրճատում և տարեկան առնվազն 200 միլիարդ դոլարի ներդրում կենսաբազմազանության պահպանման ռազմավարություններում:

«Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության շրջանակի վերաբերյալ նախորդ տարվա համաձայնագիրը կարևոր քայլ էր, բայց ժամանակն է համաձայնությունից գործի անցնելու», - ընդգծել է Անտոնիու Գուտերեշը: 

Նա կոչ է արել անցում կատարել արտադրության և սպառման կայուն մոդելներին, դադարեցնել բնության համար վնասակար գործունեության սուբսիդավորումը, միջոցների վերաուղղորդում կանաչ լուծումներ փնտրելու համար:

Անտոնիո Գուտերեշը կառավարություններին և գործարարներին կոչ է արել վճռականորեն գործել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու և կենսաբազմազանության կորուստը դադարեցնելու համար։ «Եկեք միասին աշխատենք՝ համախմբելով կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը՝ ապահովելու կայուն ապագա բոլորի համար», - եզրափակել է նա իր ուղերձը։

Մայիս 23, 2023 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր