LILA ծրագրի շրջանակներում մեկնարկել են հանրային լրագրողների ցանցի ստեղծման աշխատանքները համայնքներում․ առաջին կանգառը՝ Շաղատ

LILA ծրագրի շրջանակներում մեկնարկել են հանրային լրագրողների ցանցի ստեղծման աշխատանքները համայնքներում․ առաջին կանգառը՝ Շաղատ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում ԷկոԼուրը կստեղծի հանրային լրագրության ցանց Ծրագրի թիրախ համայնքների ակտիվ բնակիչների մասնակցությամբ։ Բնակիչներին ծրագրին ծանոթացնելու և պոտենցիալ հանրային լրագրողներ ընտրելու նպատակով  2023թ. հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Շաղատ բնակավայր էին այցելել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և WWF-Հայաստանի թիմերը։

«Շաղատի տարածքի կենսաբազմազանությունը պահպանելու և բնական պաշարները կայուն օգտագործելու նպատակով ստեղծվում են էկոմիջանցնքներ, և ձեր օժանդակությունն է անհրաժեշտ: Այդ աշխատանքներն իրականացվում են « Հարավային Կովկասում Էկոլեգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում։ LILA ծրագիրը սերտորեն փոխկապակցված է էկոմիջանցքների ծրագրի հետ և նպաստելու է, որպեսզի մարդը կարողանա բնության մասին հոգ տանել՝ ունենալով եկամտի աղբյուր, տնտեսական նոր խթաններ»,- ողջույնի խոսքում ասաց LILA ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը։ 

Նա նշեց, որ ծրագրի աջակցությամբ կլիմայակայուն գործողությունների շրջանակներում, Շաղատի մանկապարտեզի տանիքին 8 կՎտ հզորությամբ արևակայան և ջրատաքացուցիչ է տեղադրվել, ևս 2 կՎտ հզորությամբ շարժական արևային կայան էլ հատկացրել են բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվին: 

Ձմռանը կայանի արտադրված էլեկտրաէներգիան կօգտագործվի չորանոցի, աղացի, ջերմոցների աշխատանքների համար, իսկ ամռանը՝  հոսանքով կապահովի հեռագնա արոտները: 

«Հանրային լրագրության միջոցով բնակիչները կարող են լսելի դարձնել իրենց ձայնը ինչպես խնդիրների հաղթահարման, այնպես էլ գյուղը հանրության համար ավելի ճանաչելի դարձնելու համար»,- հանդիպման մասնակիցներին ասաց«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։ 

Շաղատը սահմանամերձ գյուղ է: Գյուղի կանանց հոգսերն ավելացել են: Այս մասին խոսում էին հանդիպման մասնակիցները, ովքեր բոլորը կանայք էին: «Արոտների խնդիր կա: Բնությունը գնում է դեպի ամայացում, արոտները պետք է ըստ հերթականության արածեցվեն, բայց այդպես չի արվում», - նշեցին բնակիչները: 

Ըստ գյուղացիների՝ վերջին տարիներին կլիմայի փոփոխությունն ազդում է գյուղի կյանքի վրա: «Ձմեռը ձյուն չի գալիս, դա ազդում է բերքատվության վրա... Հիմա ձյուն չկա, կլիման փոխվել է, եղածը կլանում է ընդերքը, ջուրը քիչ է լինում: Գյուղում ջրի 3-4 աղբյուր ունեինք, այլևս ոչ մի կաթիլ ջուր չկա, աղբյուրները վերացել են... Խմելու ջուրն էլ բոստանների վրա բացում ենք, համարյա ջուր չենք ունենում... Մյուս կողմից ներքին ցանցի քայքայվածության պատճառով մենք ջրի 40% կորուստ ենք ունենում: Կարևոր է ցանցը վերանորոգել ջուրը ռացիոնալ օգտագործելու համար»,- նշեցին բնակիչները: Ըստ շաղատցիների՝ ներկայում իրականացվում են բնակավայրի ջրամբարի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսում են ավարտին հասցնել հաջորդ տարվա գարնանը:

Հանդիպման ակտիվ բնակիչները ցանկություն հայտենցին դառնալու հանրային լրագրության ցանցի անդամ՝ անձամբ իրազեկելու իրենց բնակավայրերի սոցիալ-էկոլոգիական խնդիրների, իրադարձությունների, զարգացումների և հաջողությունների մասին:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ։

Նոյեմբեր 06, 2023 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր