Շատինում տեղադրվեց 40 ԿՎտ դրվածքային հզորությամբ համայնքային արևային կայան

Շատինում տեղադրվեց 40 ԿՎտ դրվածքային հզորությամբ համայնքային արևային կայան

2023թ. նոյեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին  գյուղում համայնքային արևային կայանը միացվեց ՀԷՑ-ի համակարգին: 40 ԿՎտ դրվածքային հզորությամբ կայանի գործունեության շնորհիվ համայնքում տարեկան կխնայվի շուրջ 3 մլն դրամ գումար, որը կուղղվի մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի մեղմմանը: Կայանը հոսանքով կապահովի նաև տարածքում կառուցվող մանկապարտեզը:

Կայանը տեղադրվել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանի) կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: Կայանի տեղադրումն իրականացրել է «Արփի Սոլար» ՍՊԸ-ն:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոնին ժամանել էր Շատին` տեղում ծանոթանալու ԼԻԼԱ ծրագրի ընթացքին և մասնակցելու կայանի բացմանը: «Հարավային Կովկասը մեծ կենսաբազմազանություն ունի, ինչը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար: Այս ծրագրով հնարավոր է բարելավել մարդկանց կենսապայմանները, և միևնույն ժամանակ հասնել բնության պահպանությանը կայուն և յուրահատուկ ճանապարհով, իր հերթին բնապահպանական կայունությունը կնպաստի տնտեսական զարգացմանը: Այս գործունեությունը կօգնի պահպանել կովկասյան ընձառյուծին, բեզոարյան այծին, հայկական մուֆլոնին և այլ կենդանիների»,- ասաց Բարբարա Բոնին: 

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց. «Կայանի տեղադրմամբ Եղեգիս համայնքը հնարավորություն կունենա արտադրել իր սեփական էլեկտրաէներգիան, լրացուցիչ տնտեսումներ ունենալ, այն գումարը, որ պետք է վճարեր էլեկտրաէներգիայի համար, կօգտագործի ի շահ համայնքին »:

«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց. «Ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն զուգահեռ անհրաժեշտ է համայնքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծել: Շատինում լուրջ խնդիր են արջերի հարձակումները գյուղացիների տնտեսությունների վրա: Տարեկան վնասը տատանվում է 5-6 միլիոն դրամի սահմաններում: Արևային կայանի շահագործման արդյունքում գեներացված գումարները կուղղվեն այդ վնասները փոխհատուցելուն կամ մեղմացման միջոցառումներ իրականացնելուն»:

Ծրագրի շրջանակում համայնքում կստեղծվի նաև ապահովագրական հիմնադրամ՝ համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Հիմնադրամի աշխատանքները կհամակարգի «Եղեգ» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ն, որը երկարաժամկետ համաձայնագիր էր կնքում WWF-Հայաստանի և Եղեգիս համայնքի հետ «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

«Ապահովագրական հիմնադրամի նպատակը շահառու բնակիչների տնտեսությանը հասցված վնասների հաշվարկն ու փոխհատուցումն է: Պետք է հասկանալ, թե մեկ կենդանու՝ խոշոր եղջերավոր, մեկ մեղվափեթակի, մեկ ծառի վնասն ինչքան պետք է կազմի, նախնական գնահատում ենք անելու: Մնացած տարբերությունը կվճարեն արևային կայանից ստացած միջոցների հաշվին»,- ասաց Վայոց ձորի մարզի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:

Վայոց ձորի Եղեգնաձոր և Եղեգիս համայնքները հայտնի են հարուստ կենսաբազմազանությամբ, և պատահական չէ, որ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների պահպանման էկոմիջանցնքները անցնում են այս համայնքների գյուղերի տարածքով: «Եղեգ» ՀԿ-ի հիմնադիր Վարդան Հարությունյանն ասաց. «Մեր գործունեության ընթացքում հաճախակի հանդիպել ենք բեզոարյան այծերի, արջերի, կաքավների, որոնց քանակը շատ է մեր տարածաշրջանում: Որսորդների հետ տանում ենք բացատրական աշխատանք, հսկողություն ենք սահմանում: Ծրագիրն օգնում է մեր պայքարին, կարողանում ենք հենվել ծրագրի կողմից ընձեռված հնարավորություններին և ավելի ակտիվ հսկողություն սահմանել»:

Նշենք, որ ստացիոնար կայանից բացի համայնքը ծրագրի շրջանակներում ստացել է նաև 5 հատ 2 կիլովատ հզորությամբ շարժական հիբրիդային արևային կայան, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում:

«Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից:

Նոյեմբեր 24, 2023 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր