Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2023թ․ նոյեմբերի 25-ից մինչև 2024թ․ հունվարի 20-ը Սևանա լճում արգելվում է սիգի որսը։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ այդ օրերին հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Մասնավորապես, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ կիրականացնեն հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ և բացատրական աշխատանքներ կտարվեն միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ։
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս կբերվեն լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ։ Կարգելվի բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն կսահմանվի։ Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր։ «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։
Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Հիշեցնենք, որ 2023թ․ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը սահմանվել էր 600 տոննա։ Որսի իրականացման ժամկետը մինչև նոյեմբերի 15-ն էր։
Նոյեմբեր 27, 2023 at 18:27