

Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերը ներգրավվում են բնության պահպանությանը և բնական պաշարների կայուն օգտագործմանը։
Սա հնարավոր է դարձել «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրերի իրականացման շնորհիվ։
«Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագրի միջոցով համայնքներն ակտիվորեն ներգրավվում են էկոլոգիական միջանցքների ձևավորման և պահպանման մեջ: Հայաստանում այն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան): Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով ապահովել գյուղական բնակչության կենսապայմանները։ Լեռնային գյուղական համայնքներում զարգացնելով բնութահեն տուրիզմը և դրա հետ կապակցված արժեշղթաները՝ ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ և նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Բացի դրանից, թիրախային բնակավայրերում ծրագիրը կստեղծվի հանրային լրագրության ցանց, որը կզբաղվի բնակավայրերի սոցիալ-էկոլոգիական խնդիրների, իրադարձությունների, զարգացումների մասին իրազեկմամբ։
LILA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով: Այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ գործընկերությամբ։
Սույն թվականի նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ այս երկու ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի երկրորդ նիստը, որի ընթացքում ներկայացվեցին արդեն իսկ իրականացված միջոցառումները և արդյունքները, խոսվեց ապագա պլանների մասին։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց. «Կենդանական և բուսական աշխարհն անմիջականորեն կապված է մարդու գործունեության հետ: Եվ եթե այդ ամենին ավելացնում ենք կլիմայի փոփոխությունը և դրա հետևանքները, վերջին տարիների պատերազմները, վիճակն էլ ավելի է սրվում: Այդ առումով ծրագիրը կարևոր դեր է կատարել՝ ապահովելով էկոմիջանցքներով կենդանիների տեղաշարժն ու պահպանությունը: Բնապահպանությունը դնելով կենտրոնում և դրա շուրջ կառուցելով մեր համայնքների զարգացումը՝ կարողանում ենք ունենալ ավելի դիմակայուն համայնքներ: Երբ խոսք է գնում մարդու և կենդանիների միջև պայքարի մասին, պարզ է, որ կենդանիների նկատմամբ տարած հաղթանակը, դա մեր պարտությունն է»:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն ասաց. «Բնության պահպանությունը չի կարող հաջողել, եթե մենք հաշվի չառնենք տեղի բնակչության կարիքներն ու հնարավորությունները: Հարավային Կովկասի եզակի կենսաբազմազանությունը մեծ հեռանկարներ է ստեղծում տեղի բնակչության համար: Այս առումով ամենահեռանկարային գաղափարն էկոզբոսաշրջության զարգացումն է Հայաստանի գյուղական վայրերում: Մյուս կարևոր գործոնը տարածաշրջանում համագործակցության և խաղաղության հաստատման հեռանկարն է։ Այս առումով LILA-ն կարևոր և ոգեշնչող օրինակ է: Մենք պետք է պահպանենք տեսակները և նրանց ապրելավայրերը՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից: Կարևոր է ամրապնդել տարածաշրջանային միջսահմանային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից»: Խոսնակը նաև ընդգծեց, որ ծրագրի շրջանակում պատրաստակամ են աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին: «Ավելի քան 100 հազար փախստականների ժամանումով Հայաստանում մարդասիրական իրավիճակը կրիտիկական է և համակարգված օգնության կարիք կա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով»,- նշեց նա: Ի պատասխան՝ հանդիպմանը ներկա համայնքապետարանների ներկայացուցիչները նշեցին գյուղերում հաստատված փախստականների թիվը, խոսեցինգյուղատնտեսական տեխնիկա և ընտանի կենդանիներ հատկացնելու անհրաժեշտության մասին, ինչը նրանց համար եկամուտի աղբյուր կդառնա և կկապի նրանց գյուղին։
ԷՄՀ ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթիհը նշեց. «Ծրագրի գաղափարը եկել է նրանից, որ ոչ բոլոր կենդանիներին է հնարավոր պահպանել բնության հատուկ պահպանվող տարածքներում: Խոշոր կենդանիներն իրենց գոյատևման համար մեծ տարածքների կարիք ունեն: Մենք փորձում ենք էկոմիջանցքների միջոցով լուծել այդ խնդիրը»: Ներկայացնելով ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը և նախանշված նպատակները՝ Յերնի Սթրիթիհն առանձնացրեց համայնքներին դեպի կայուն զարգացում գնալուն աջակցելը և պահպանվող տարածքների փոխկապակցմանը նպաստելը, բնական ռեսուրսների կառավարումը`բարելավելու համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:
ԷՄՀ ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը ներկայացրեց, թե ծրագրի շրջանակում ինչ նախաձեռնություններ են իրականացվել համայնքների զարգացման ուղղությամբ, ինչ արդյունքներ ունեն և թե առաջիկայում ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել: «Մեր գործունեության արդյունքում կենդանիների քանակները կրկնապատկվել են: Դիտարկումների համաձայն Արենիում բեզոարյան այծի քանակը 100-ից դարձել է 200, արջը՝ 1-ից 4, ընձառյուծը 1-2: Նման պատկեր կա նաև մյուս համայնքներում»,- նշեց նա:
Ըստ Արմեն Շահբազյանի՝ իրականացվել է ֆինանսական մասնակցային մոտեցման ծրագիրը, որի շրջանակներում ընդհանուր 18 գյուղ մասնակցել է տարբեր մրցույթների, առաջարկել գաղափարներ կայուն զարգացման համար և արժանացել մրցանակների։ Ծրագրի շրջանակներում կընտրվեն գյուղեր երկարաժամկետ բնապահպանական միջոցառումների իրականացման համար, որոնց հետ աշխատելու համար խոշորացված համայնքների հետ կկնքվեն համագործակցության համաձայնագրեր ։ Համաձայնագրերի ստորագրմամբ կստեղծվի համայնքային բնապահպանական ինստիտուտ, համայնքային հենքի վրա նոր կարողություն, ինչի շնորհիվ համայնքները կպահպանեն իրենց բնությունը և դրանով իսկ եկամուտներ կգեներացնեն։ Համայնքները կմշակեն բնապահպանական ծրագրեր: Կիրականացնեն իրենց տարածքի թիրախային կենդանիների մշտադիտարկում, կկանխեն ապօրինի գործունեությունը։
LILA ծրագրի տնտեսական բաղադրիչն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից: ՌԶԳ-ից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է դիվերսիֆիկացնել գյուղացիների եկամուտները՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած կախվածությունը և նպաստելով զբոսաշրջության, հյուրընկալության և զբոսաշրջության մատակարարման ոլորտների զարգացմանը: Ներկայացնելով Ծրագրի շրջանակներում շահառու համայնքներում կատարված ներդրումների և աշխատանքների մասին՝ նա նշեց․ «Ստեղծվել է 5 գործող տեղական բիզնես, 14 բիզնես դեռ զարգացման փուլում է, ստեղծվել է 36 հիմնական աշխատատեղ, որից 26-ում ներգրավված են կանայք, 50 շահառու մասնակցել է կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացների»:
Խոսելով ակնկալվող վերջնարդյունքների մասին՝ Ալլա Ղազարյանը նշեց. «Թիրախային գյուղերում առնվազն 300 գյուղացիական տնտեսություններ կբարելավեն իրենց եկամուտները բնական ռեսուրսների կայուն օգտագործման շնորհիվ: Առնվազն 600 մարդ, որոնցից 35 %-ը կանայք են, կունենան զբաղվածություն/ինքնազբաղվածություն՝ կապված բնական ռեսուրսների և էկոհամակարգերի կայուն օգտագործման հետ: Առնվազն տեղական 10 փոքր բիզնեսներ և գյուղացիական տնտեսություններ կունենան եկամուտներ: Նախատեսվում է առնվազն 20 նոր կամ ընդլայնված տուրիստական ծառայություն: Առնվազն 17.000 զբոսաշրջիկ սպառելու է գործընկեր տուրօպերատորների կողմից առաջարկվող կայուն և ներառական զբոսաշրջային փաթեթներն ու փորձառությունները»:
LILA ծրագրի WWF-Հայաստանի կողմից համակարգող Նաիրե Երիցյանն ամփոփեց բնապահպանական բաղադրիչի շրջանակում իրականացված աշխատանքները և ներկայացրեց և 2024թ. նախատեսվող աշխատանքները: Ըստ նրա՝ մշակվել է Համայնքային բնապահպանական տարածքների հիմնման ուղեցույց, որն առաջիկայում կներկայացվի Շրջակա միջավայրի նախարարություն: «Մշակվել են արոտավայրերի կառավարման պլաններ 14 շահառու բնակավայրերի համար, ընթանում են արոտավայրերի ենթակառուցվածքների հիմնման/վերանորոգման աշխատանքներ։
Նա նշեց, որ Ծրագրի ընթացքում իրականացվել են նաև կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումներ: Մասնավորապես, շահառու 9 բնակավայրի հանրային շենքերի տանիքին տեղակայվել են արևային ֆոտովոլտային համակարգեր։ Շատինում տեղադրվել է 40 կՎտ հզորությամբ արևային կայան։ Վերանորոգվել և ջերմամեկուսացվել է 3 բնակավայրի վարչական կենտրոնների տանիքները, վերանորոգվել և ջերմամեկուսացվել է Դսեղի վարչական կենտրոնի երկրորդ հարկը, տեղադրվել էներգարդյունավետ ջեռուցման համակարգ։ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի հետ համատեղ 4 բնակավայրի տրամադրվել են շարժական հիբրիդ արևային կայաններ:
Նաիրե Երիցյանի խոսքով՝ տեղադրված արևային կայանների ու համակարգերի ընդհանուր հզորությունը կազմում է 152 կՎտ, որի շնորհիվ, համաձայն կանխատեսումների համայնքներում ընդհանուր տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 11,000,000 դրամ: Ածխաթթու գազի արտանետումները տարեկան կկրճատվեն ավելի քան 100 տոննայով:
Նաիրե Երիցյանն նշեց նաև, որ Ծրագրի շրջանակում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից շահառու համայնքներում իրականացվում են հանրային լրագրողների ցանցի ստեղծման աշխատանքներ:
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզում մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հետևանքները։ «Առաջացել է միջտեսակային պայքար սննդի համար: Այդ պայքարում կարող է մարդը հաղթել, բայց եթե սննդի շղթայում կենդանին ոչնչանա, բոլորիս համար պարզ է, թե դա ինչ վտանգներով է հղի», ասաց նա: Գեղամ Մարգարյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացնում են գորշ արջի կողմից տնտեսություններին հասցված վնասների գույքագրում: «2019թ. Վայոց ձորին հասցված վնասը կազմել էր մոտ 12 միլիոն դրամ: Առաջին հերթին վնասը հասցվում է անասնաբուծությանը, երկրորդ տեղում է մեղվաբուծությունը, այնուհետ՝ պտղաբուծությունը: 2020թ. հասցված վնասը կազմել էր 10 միլիոն, նախորդ տարի՝ շուրջ 6-7 միլիոն դրամ: Տարեցտարի վնասը նվազում է, ինչը պայմանավորված է բնապահպանական ծրագրերի իրականացմամբ»,- ասաց նա: Մարզպետարանի աշխատակիցն ընդգծեց, որ անկախ վնասների ծավալից, դրանք փոխհատուցման կարիք ունեն և ներկայում ծրագրերի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների միջոցով այդ վնասների փոխհատուցման ու մեղմման մեխանիզմներ են մշակվում:
Միջոցառման վերջում WWF-Հայաստանը եռակողմ բնապահպանական համաձայնագրեր կնքեց Սիսիան, Վայք, Եղեգիս ու Արարատ համայնքների ղեկավարների և համայնքահեն «Շահապոնք», «Ազատեկ», «Եղեգ» և «Գնդասար» բնապահպանական ՀԿ-ների ղեկավարների հետ:
Նոյեմբեր 29, 2023 at 17:35