Սիգի որսի արգելքը ձկնորսների սրտով չէ, մինչդեռ Սևանա լիճը կարիք ունի ձկնապաշարների վերականգնման ի շահ բոլորի

Սիգի որսի արգելքը ձկնորսների սրտով չէ, մինչդեռ Սևանա լիճը կարիք ունի ձկնապաշարների վերականգնման ի շահ բոլորի

Գեղարքունիքի մարզում 26 անձ է ձերբակալվել սիգի որսի արգելքի ժամանակահատվածում լճում հսկողություն իրականացնող Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների նկատմամբ զանգվածային խուլիգանության համար։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացել են հաղորդումներ, ըստ որոնց՝ Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ սիգի արգելքը սահմանված է 2023թ․ նոյեմբերի 25-ից մինչև 2024թ․ հունվարի 20-ը՝ պայմանավորված սիգի ձվադրման շրջանով։

Սակայն արգելքից դժգոհ ձկնորսները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով սիգի որսի արգելքի վերացում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Լուրերին տված հարցազրույցում նշել է, որ ձկնորսների հետ քննարկումներ են եղել։ Վերջին քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Բավականին լավ առաջարկ է արել պարոն Սիմիդյանը. առաջարկել է, որ մինչև դեկտեմբերի 24-ն իրենք հնարավորություն կունենան զբաղվելու ձկնորսությամբ, այնուհետև, մեկ օր կունենան ժամանակ լողամիջոցները և ցանցերը դուրս բերելու համար: Այնուհետև, ամսի 26-ից «Սևան» ազգային պարկի հսկիչ նավը դուրս կգա լիճ, և ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերը դուրս կբերվեն: Այդ պահին միանշանակ չի ընդունվել այդ առաջարկը, առաջարկել ենք, որ իրենք մեկ անգամ ևս միասին քննարկեն և մեկ հայտարարի գալով ասեն, թե ի՛նչ կարծիք ունեն մեր առաջարկի մասով: Ստացել ենք արձագանք, որ միանշանակ չի. որոշները չեն համաձայնվում և չեն ուզում այդ ժամանակահատվածում դադարեցնել ձկնորսությունը: Դրան հետևել է միջոցառումների մեր շարքը, ծրագիրը, ինչի արդյունքում եղել են նմանատիպ խնդիրներ: Դա է եղել ընդհանուր պատկերը»,- ասել է Գեղարքունիքի մարզպետը:

Գերորսի և ձվադրավայրերի ոչնչացման արդյունքում Սևանը կորցրել իշխանի 2 ենթատեսակ՝ ձմեռային բախտակը և բոջակը, անհետացման եզրին են ամառային բախտակը, Գեղարքունին։ Վերացել է կողակը։ Խիստ նվազել են խեցգետնի պաշարները։

Վերջին տարիներին առկա է սիգի կենսազանգվածի աճի միտում, սակայն դեռևս չի ապահովվում այս ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։

Ձուկը լճում օրգանական նյութերի յուրացնողն է, խեցգետինը՝ սանիտարը։

Խիստ կարևոր է Սևանա լճում ձկնապաշարների վերականգնումը և կայուն օգտագործումը, ինչը կնպաստի լճի էկոլոգիական վիճակի բարելավամանը։ Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները պետք է գտնեն բոլորիս աջակցությունը՝ ի շահ Սևանա լճի, ի շահ բոլորիս։

Դեկտեմբեր 20, 2023 at 21:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր