Ապրիլի 1-ն աշխարհում նշվեց Թռչունների միջազգային օր։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Տարվա թռչուն 2024՝ Սպիտակապոչ արծիվ» արշավի շրջանակներում նախաձեռնել էին թռչնադիտարկում, որին միացել էին թռչնաբան-թռչնադիտարկողներ, ուսանողներ և կամավորներ։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը «Տարվա թռչուն» արշավի, Սպիտակապոչ արծվի կենսամիջավայրի վերաբերյալ՝ միավորելով ոլորտում գործող կազմակերպություններին։
Մասնակիցներն ուսումնասիրություններ կատարեցին Սպիտակապոչ արծվի կենսամիջավայրին հատուկ տարածքներում, հաշվառեցին տեղանքում բնակվող թռչնատեսակներին՝ նպատակ ունենալով ստուգել նաև տարվա թռչնի հնարավոր առկայությունը։ Օհանյան կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտների հետ Ծիծեռնակաբերդի այգում իրականացվեց թռչնադիտարկում։ Աշակերտները դիտարկեցին տարածքում առկա թռչնատեսակներին, ծանոթացան նրանց առանձնահատկություններին։
Այս մասին հայտնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
Ապրիլ 03, 2024 at 11:21