Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտվածությունը նվազել է 15,6%-ով. NABU

Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտվածությունը նվազել է 15,6%-ով. NABU

2020-2024թթ․ ընթացքում առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում: Այս մասին փաստում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված հետազոտությունները: 

NABU-ի հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ 2024թ. Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 42,5% (15,6% նվազում՝ 2023թ. համեմատ): Մասնավորապես՝ Արարատի մարզում սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 56,7% (9,1% նվազում՝ 2023թ. համեմատ), Արմավիրի մարզում՝ 30,6% (21,3% նվազում՝ 2023թ. համեմատ): Աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում, ընդհանուր առմամբ, նվազել է 1%-ով: 

«Նկատվում է նաև մեկ առանձնյակի վրա աղտոտման ինտենսիվության նվազում՝ «շատ աղտոտված»-ից դեպի «թույլ աղտոտված», սակայն դեռևս առկա են բավականին մեծ քանակությամբ «շատ աղտոտված» առանձնյակներ: 2024թ. հաշվառման ընթացքում պարզ դարձավ, որ աղտոտման խնդիրը մասամբ ներառում է նաև Երևանը, Արագածոտնի և Կոտայքի մարզերը: Աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական և մարդածին հանգամանքներով, որոնք ավելի հստակ հնարավոր կլինի ցույց տալ վերլուծության ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ 

Նշենք, որ 2024թ. սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, որը կոորդինացնում է Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։ Միության հայաստանյան մասնաճյուղը, միանալով հաշվառմանը, այս տարի իրականացրել է սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։   

Հուլիս 19, 2024 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր