Եղեգնաձոր համայնքի բնակիչները Վայոց ձորի մարզպետին են ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը

Եղեգնաձոր համայնքի բնակիչները Վայոց ձորի մարզպետին են ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ստեղծված Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ նախաձեռնող խումբը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին ներկայացրել է համայնքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը՝ կապված «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Գլաձորի բազմամետաղային հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների և հետագա շահագործման ծրագրի հետ։

Նշենք, որ կոնֆլիկտն առաջացել է դեռ 2013 թվականին, երբ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագիծը շրջանառեց «Վայք Ռեսուրս» ընկերությունը, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին։ Այնուհետև, 2016 թվականին նույն նախաձեռնությամբ հանդես եկավ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն։ Այդ ժամանակ ազդակիր Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերը դեմ արտահայտվեցին նախագծին՝ նշելով, որ հանքավայրի շահագործումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Բնակիչներին միացան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այդ ժամանակ ևս ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին։ Հարցը հասավ դատարան։ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն բողոքարկեց բացասական եզրակացությունը, ՀՀ վարչական դատարանն այդ ժամանակ անվավեր ճանաչեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը Գլաձորի հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Վերնաշեն համայնքը բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը։ Բնակիչները բոլոր հանրային լսումներին մերժեցին ընկերությանը։ 2019 թվականին Գլաձոր համայնքի բնակիչները ներկայացրին «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» հանրագիր, որին համայնքի ավագանին հավանություն տվեց։ 2 տարի անց՝ 2021 թվականին, հանքավայրի հանդեպ հավակնություններ ներկայացրեց «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն՝ ցանկանալով երկրաբանական ուսումնասիրություն կատարել, սակայն Գլաձորի բնակիչները թույլ չտվեցին ընկերությանը հանրային լսումներ անցկացնել։ Ընկերությանը մերժեց նաև Եղեգնաձորի համայնքապետարանը, որի կազմում խոշորացվել է Գլաձոր բնակավայրը։

2023 թվականի վերջին Եղեգնաձորում ստեղծվեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ աշխատանքային նախաձեռնող խումբը։ «Մենք համոզված ենք, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեպքում, ինչպես մնացած հանքավայրերում, ջրերը կհարստացվեն ծանր մետաղներով, կաղտոտվեն շրջակա տարածքները թունավոր ասպարներով, ինչն անհամատեղելի կլինի Արփա-Եղեգիս գետերի ավազանի և ողջ բնակչության համար։ Անհրաժեշտություն է առաջացել շրջակա միջավայրի, բնակչության առողջության պահպանման և անօրինակությունները կանխելու համար կազմավորել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրության և շահագործման դեմ աշխատանքային նախաձեռնող խումբ», - նշված է խմբի ստեղծման մասին որոշման արձանագրության մեջ։

Վերջերս այս խումբն իր դիրքորոշումը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին։ Դիրքորոշման արձանագրության մեջ նշված է․ «Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է Թեք Սարի վրա՝ ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա։ Թեք Սարը և հարակից ջրբաժան լեռնաշղթաները հանդիսանում են Եղեգիս, Արփա գետերի ջրհավաք ավազանը, որտեղից սկիզբ են առնում Վերնաշենի, Մալիշկայի, Գլաձորի և Եղեգիսի կիրճ թափվող գետերը։ Այդ ջրային ավազանից սկիզբ են առնում Վերնաշենի, Գլաձորի, Մալիշկայի, Վայքի խմելու ջրի ակունքները։ Հարևանությամբ անցնում է Արփա-Սևան ջրատարը։ Թեք Սարը և հարևան տարածքները հանդիսանում են արոտավայրեր և խոտհարքի սեփականաշնորհված տարածքներ։

1971 թվականին ստեղծվել է Եղեգնաձորի պահպանվող  բնապահպանական  արգելոցը, որը հարուստ է վերը նշված բուսատեսակներով և կենդանական աշխարհով և ամրագրվել է նաև ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 25  1059-Ա որոշմամբ:

Թեք Սարը գտնվում է ուրանային հանքավայրերի լեռնաշղթայի վրա։

1950-1970 թվականներին հետազոտման համար կատարված աշխատանքների հետևանքով պակասել են տարածաշրջանի խմելու և ոռոգման ջրերի ծավալները և շեշտակի ավելացել են բնակչության մոտ քաղցկեղային հիվանդությունները, որը շարունակվում է մինչև օրս։

Ձեռնարկել միջոցներ ՀՀ կառավարության կողմից խոստացված «Կորեկի ձոր» ջրամբարի նախագծման շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Մենք գտնում ենք, որ հանքի ուսումնասիրությունը և շահագործումն անհամատեղելի են Թեք Սարի հարևանությամբ ապրող բնակչության համար և այն համայնքների համար, որտեղով անցնում են վերը նշված գետերը։ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հետագա ճակատագիրը պետք է որոշեն ազդակիր համայնքների բնակիչները հանրաքվեի միջոցով։

Դիմել լիազոր մարմնին ազդակիր համայնքներ ճանաչել Եղեգնաձորի խոշորացված համայնքը, Եղեգիսի խոշորացված համայնքը, Արենի խոշորացված համայնքը և Վայք խոշորացված համայնքը»։

Նշենք, որ սույն թվականի հուլիսի 26-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հարցով նախատեսված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանդիպումը շահագրգիռ կողմերի հետ։

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հուլիս 25, 2024 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր