

2024թ. հոկտեմբերի 23-25-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ ծրագրի գործընկեր «Էյ Էմ Թրավել» և «Նուեվա Վիստա» տուրօպերատորները մասնակցեցին Սինգապուրում անցկացված ITB Asia-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ընկերությունները ներկայացված էին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի միասնական տաղավարում:
LILA ծրագրի «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց, որ Ասիան Հայաստանի համար կարևոր ու հեռանկարային զբոսաշրջային ուղղություն է: «Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տուրօպերատորներին նոր շուկաներ մտնել, ապահովել զբոսաշրջային հոսքեր դեպի Հայաստան, ինչպես նաև մեր երկիրը ներկայացնել պոտենցիալ ունեցող ասիական մեծ շուկաներին»,- ասաց նա:
ITB Asia-2024 ցուցահանդեսն այս տարի միավորել էր ավելի քան 85 զբոսաշրջային կազմակերպությունների և կոնվենցիայի բյուրոների ամբողջ աշխարհից, որը հայաստանյան ներկայացուցիչների համար միջազգային հարթակում փորձի փոխանակման հնարավորություն էր։
Տուրօպերատորները ցուցահանդեսի այցելուներին, գործընկերներին ու ոլորտի փորձագետներին ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և բնության վրա հիմնված փորձառությունները, LILA ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի
Հոկտեմբեր 29, 2024 at 09:54