2024թ. նոյեմբերի 1-ին Երևանում Հայկական ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հայեցակարգին նվիրված համաժողովին կայացավ Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի խոհանոցների երկլեզու (հայերեն-անգլերեն) գրքերի շնորհանդեսը։
Գրքերի բաղադրատոմսերի հավաքչությունն իրականացվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից և հրատարակվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ/LILA) ծրագրի շրջանակում։
LILA ծրագրի ՌԶԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց․ «Գրքերի տպագրության առանձնահատկությունն այն է, որ ինտենսիվ և պետական մակարդակով Հայաստանում խթանելու ենք գաստրոզբոսաշրջության զարգացումը: Իսկ մեր մարզերում այն բավականին կաղում է, որովհետև ազգային խոհանոցը բավարար չափով ներկայացված չէ, իսկ գրքերը կարող են որոշ չափով լրացնել այդ բացը։ Գրքերը եզակի ուղեցույցներ են խոհարարների համար և կարող են նպաստել կարողությունների զարգացմանը, հարստացնել գիտելիքներն ու թարմացնել ճաշացանկը»։
Վերջինս նաև նշեց, որ գրքերում հնարավոր է ոչ միայն բաղադրատոմսեր գտնել, այլև՝ հետաքրքիր պատմական, մշակութային ակնարկներ՝ բաղադրատոմսերի վերաբերյալ: «Որոշ բաղադրատոմսեր ուղեկցվում են նաև QR կոդերով, որոնք ընթերցողներին հնարավորություն են տալիս սքանավորել դրանք և ուտեստներ պատրաստել Սեդրակ Մամուլյանի հետ՝ ունենալով գրքի հետ ինտերակտիվ շփում»,- հավելեց նա և ասաց, որ գրքերի տպագրությունը հնարավորություն է տալիս ազգային խոհանոցը ներկայացնել տարբեր միջազգային հարթակներում, ինչպես նաև պաշտպանել հեղինակային իրավունքները։
Գրքերը վաճառքում չկան, դրանք կնվիրվեն Զբոսաշրջության կոմիտեին, զբոսաշրջային գործակալություններին, միջազգային կառույցներին, քոլեջներին ու պետական հաստատություններին:
Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեց Հայկական ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգը, որը մշակվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի և «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից:
Հայ ազգային խոհանոցի զարգացման հնգամյա ռազմավարական հայեցակարգի նպատակն է պահպանել, զարգացնել և հանրահռչակել հայկական խոհանոցը, նպաստել ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, ՀՀ բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանն ու հանրահռչակմանը:
Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
«Մենք հաճախ բողոքում ենք, որ մեր այս կամ այն կերակրատեսակը գողացան։ Մեր խոհանոցն աշխարհում լավ ներկայացված չէ, հանրահռչակված չէ, խոհարարների կրթությունը բավարար չէ։ Այս նախաձեռնությունը խոսքից գործի անցնելու մասին է»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նա նշեց, որ փաստաթղթում նաև կրթության, լուսաբանման խնդիր է դրված։ «Հայկական խոհանոցի մասին ֆիլմեր, հաղորդումներ գրեթե չունենք։ Մեր հարևանները բոլոր առիթներն օգտագործում են իրենց խոհանոցն աշխարհում ներկայացնելու համար: Ունենալով հզոր Սփյուռք՝ բավարար ներկայացված չենք», - նշեց Սեդրակ Մամուլյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Մեր ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ սովորում են խոհարարություն, որն ամենապահանջված մասնագիտություններից է քոլեջներում և ուսումնարաններում: Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջև զարգացնելու խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Բոլորին հայտնի է, որ վերջերս ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շրջանակում բազմաթիվ անելիքներ ունենք, մասնավորապես, աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ համատեքստում խոհարարությունն ամենակարևոր մասնագիտություններից է, որը հենց տեղում գործնական հմտություններ ձևավորելու հնարավորություններ է ընձեռում մեր ուսանողներին և տալու է հնարավորություն ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա»:
Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին նշեց. «Իրականում ես շատ եմ սիրում հայկական խոհանոցը։ Գրքերում ինձ շատ է դուր եկել այն, որ այնտեղ շատ լավ ներկայացված են հայկական ուտելի բանջարեղեններով հարուստ ուտեստների բաղադրատոմսեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, այնինչ դրանք նաև շատ առողջարար են: Հատկապես մեր օրերում զբոսաշրջիկները նախընտրում են թեթև կերակուրներ ուտել: Հայկական խոհանոցում կան բազմաթիվ ուտելի կանաչիներ և տարբեր կերակուրներ նախատեսված այն մարդկանց համար, որոնք կենդանական ծագման մթերքներ չեն օգտագործում»:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը հանդես եկավ «Ազգային խոհանոցը և զբոսաշրջությունը» զեկույցով: Նա իր խոսքում ընդգծեց հայեցակարգի կարևորությունը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: «Շատ դժվար է պատկերացնել զբոսաշրջությունն առանց խոհանոցի, ինչպես նաև զբոսաշրջության կայուն զարգացումն առանց հայկական խոհանոցի զարգացման հայեցակարգի և դրա իրականացման: Խոհանոցն ինչպես մեր կյանքի անբաժան մասն է, այնպես էլ մեր մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների, այն ունի նաև կարևոր քաղաքական, դիվանագիտական նշանակություն: Հայկական խոհանոցը նաև համաշխարհային ժառանգություն է, որը մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ներկայացնել»,- նշեց նա:
Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզային խոհանոցների բաղադրատոմսերից պատրաստված կերակրատեսակներ և աղանդներ։ Ներկաները հյուրասիրության ընթացքում ծանոթացան և համտեսեցին նաև LILA ծրագրի շահառու-գործընկեր «Կրիա» գինիների տեսականուց:
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի խոհանոցների գրքերի տպագրությունը կատարվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի, իսկ Սյունիքի խոհանոցի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Նոյեմբեր 06, 2024 at 16:23