

2024թ. նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II (ECF) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ նիստը:
Նիստին ներկա էին Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ծրագրերի շահառու համայնքների, ինչպես նաև՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը կարևոր դերակատարում ունի բնության հատուկ պահպանվող տարածքների միասնական ցանցի ձևավորման, այս ոլորտում ռազմավարական ուղղությունների և առաջնահերթությունների մշակման, ինչպես նաև՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների կենսամիջավայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության և զարգացման համար»:
Ըստ նրա՝ պետության կողմից տարվող քաղաքականությունը համահունչ է ծրագրի կողմից տարվող ուղղություններին ու գործընթացներին, և ձգտում է ապահովել դրա իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի առկայությունը: «Այս համատեքստում մշակվում է և շրջանառության մեջ է դրված ԲՀՊՏ-ների մասին օրենքի նախագիծը, որտեղ առանձին դրույթներով հատուկ կարգավորումներ են նախատեսված էկոմիջանցքների զարգացման, դրանց իրավական հիմքերի ամրագրման և կառավարման առանձնահատկությունների, օրենսդրական դրույթների սահմանման ուղղությամբ»,- նշեց Ոսկեհատ Գրիգորյանը:
WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը նշեց, որ Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագրի (ԷՄՀ) առաջին փուլն ընդգրկել է 2015-2020թթ., և այդ ընթացքում իրականացվել է թիրախային կենդանիների ապրելավայրերի ու միգրացիոն ուղիների քարտեզագրում և կենդանիների քանակի գույքագրում։ «Ծրագրում ներգրավված Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի գյուղական բնակավայրերում ձևավորվել են մոտ 37,000 հա ընդհանուր մակերեսով համայնքային բնապահպանական տարածքներ, ընտրված համայնքների հետ ստորագրվել են 7 երկարաժամկետ պահպանության համաձայնագրեր, իսկ համայնքներում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար ներգրավվել է 12 խնամակալ»,- նշեց նա:
Անդրադառնալով ծրագրի երկրորդ փուլին՝ Լևոն Աղասյանը նշեց. «2022թ․ ապրիլից մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրում ներառվել են 15 նոր գյուղական բնակավայրեր Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերից։ Այս փուլում ձևավորվում են ևս 4 նոր համայնքային բնապահպանական տարածք՝ մոտ 50,000 հա տարածքով, ընդլայնվել են նախորդ փուլում ձևավորվածները: Այս գործընթացներում ընտրվել են լրացուցիչ 16 խնամակալներ, որոնք կօգնեն իրականացնել բնապահպանական միջոցառումները: Այս տարածքները կարևորվում են նրանով, որ դրանց հիմնական նպատակը բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և ընձառյուծի համար էկոմիջանցքների ստեղծումն է՝ այդ կենդանիների անխափան տեղաշարժի համար»:
Նրա խոսքով՝ ստեղծված բնապահպանական տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է հանրապետության տարածքի մոտ 3%-ը: «Պետական ԲՀՊՏն-ները 13% են կազմում: Արդեն կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ մոտ 16% բնապահպանական տարածք ունենք, ինչը համահունչ է 2022թ. ընդունված Կենսաբազմազանության գլոբալ շրջանակին, որով կենսաբազմազանության կոնվենցիայի կողմ երկրները պարտավորվել են մինչև 2030թ․ ապահովել ցամաքային և ջրային տարածքների 30%-ի պահպանությունը»,- նշեց Լևոն Աղասյանը:
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագրի համակարգող Արմեն Շահբազյանը հանդես եկավ ծրագրի 2-րդ փուլի ընթացիկ հաշվետվությամբ: «Էկոլոգիական միջանցքների գաղափարը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կենսաբազմանության գերակա տարածքները: Մենք պետք է ընդլայնենք ԲՀՊՏ-ների տարածքները, կամ այլ մոտեցում ունենանք՝ փորձելով ներգրավել մեր համայնքները պահպանության բնագավառում: Եթե համայնքներն ավելի ակտիվ լինեն, ազգային մակարդակի վրա բնապահպանությունը կշահի»,- նշեց նա:
Վերջինս անդրադարձավ ծրագրով նախատեված նոր ինստիտուտի ձևավորման գաղափարին, որը միտված է լինելու մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի առաջացրած խնդիրների մեղմմանը: «Կգոյանա ֆոնդ վայրի կենդանիների հարձակումից առաջացած վնասների փոխհատուցման համար: Այն կոչվելու է Համերաշխության հիմնադրամ: Եթե մենք պահպանում ենք կենդանիներին և վայրի կենդանիների հարձակման պատճառով գյուղացիները տուժում են, մենք դրա մասին ևս պետք է մտածենք: Հիմնադրամին կմասնակցի և՛ ծրագիրը, և՛ գյուղացիները»,- նշեց Արմեն Շահբազյանը:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը ներկայացրեց Հայաստանի էկոլոգիական միջանցքներում բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի մշտադիտարկման արդյունքները:
Ըստ գիտաշխատողի՝ ուսումնասիրության շրջանակում 2023թ. կատարված դիտարկումների ընթացքում մուֆլոն գրեթե չի հաշվառվել: «Այն նկատվել է միայն խնամակալների կողմից: Ձմռան ընթացքում հաշվառված բեզոարյան այծերի ընդհանուր թիվը կազմել է 1173: Դիտարկել ենք նաև զուգավորման շրջանում հաշվառված կենդանիների ընդհանուր գլխաքանակի փոփոխման դինամիկան՝ 2013-2023թթ. ընթացքում: Երկու՝ Արփա և Եղեգ-Հարավ համայնքային բնապահպանական տարածքներում դիտվել է բեզոարյան այծերի գլխաքանակի ավելացում: Արփայում՝ 200-ից դարձել է 739, Եղեգ-Հարավում՝ 144-ից 296»,- ասաց նա:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց ծրագրի՝ WWF-Հայաստանի կողմից իրականացվող բաղադրիչի ընթացիկ հաշվետվությունը:
Նա նշեց, որ համայնքային բնապահպանական տարածքների ստեղծման ուղեցույցը ներկայացվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև էկոնամիկայի նախարարության հետ քննարկվում է Բնական կերհանդակների կայուն օգտագործման ռազմավարություն մշակելու հնարավորությունը։
Նաիրե Երիցյանի խոսքով՝ արևային կայանները, որոնք տեղադրվել էին նախորդ հաշվետու ժամանակաշրջանում արդեն գեներացնում են էներգիա, ինչի շնորհիվ կանխվում են CO2-ի արտանտումները և գոյանում են բյուջեի խնայողություններ։
Նաիրե Երիցյանը նաև ներկայացրեց պետական կառույցների համար իրականացված աջակցության ծրագրերը: «Անտառային հրդեհների դեմ պայքարի շրջանակում մշակվել է կլիմայի փոփոխության գործողությունների ծրագիր 6 շահառու անտառտնտեսությունների համար: Նյութական աջակցություն է ցուցաբերվում էկոպարեկային ծառայությանը: Ինչպես նաև նախատեսվում է անտառտնտեսությունների և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների վերապատրաստում»,- ասաց նա:
Նաիրե Երիցյանն անդրադարձավ նաև ծրագրի շրջանակում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցությանը: ««Էկոլուր» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում ստեղծել ենք հանրային լրագրողների ցանց: Ֆեյսբուք սոցիալական հարթակում ստեղծվել է «Հանրային լրագրողների ձայնը» հարթակը, որը նպատակ ունի առաջ մղել ծրագրի շահառու բնակավայրերի ակտիվ բնակիչներին: Հարթակում ավելի քանի 50 հրապարակում կա բնապահպանական և սոցիալական թեմաներով։ Հարթակն ունի ավելի քան 300 մասնակից: Եվ դեկտեմբերին հանրային լրագրողների ցանցի անդամների համար անց է կացվելու «Լսելի դարձրո՛ւ համայնքի ձայնը» մրցույթը»,- ասաց նա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, LILA ծրագրի խորհրդատու Գագիկ Թովմասյանը ներկայացրեց LILA և ECF ծրագրերում արոտների կայուն կառավարմանն ուղղված գործողությունները: «Ծրագրերի շրջանակում իրականացվել է արոտավայրերի կառավարման ներկայիս վիճակի գնահատում, որի շրջանակում վեր են հանվել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, համայնքային մակարդակում արմատավորված է տարերային և անկանոն արոտօգտագործումը, արոտօգտագործող տնտեսավարողներն ունեն ոչ բավարար կարողություններ և իրազեկվածություն կայուն կառավարումն ապահովող տեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ»,- նշեց նա:
Ըստ Գագիկ Թովմասյանի՝ Ծրագրի շահառու 14 բնակավայրերի համար մշակվել են արոտավայրերի կառավարման պլաններ, որոնցում ներկայացվել են թիրախային վայրի կենդանիների ապրելավայրերի առանձնացումը, արոտավայրերի հիմնական և կայուն օգտագործման գոտիները և կայուն օգտագործման գոտիներում արոտօգտագործման կայուն գործելաձևերը: «Ստեղծվել և բարելավել են հեռագնա արոտների հասանելիության ապահովման և կայուն արոտօգտագործմանն անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Շահառու բնակավայրերում իրականացվել են նաև ՏԻՄ-երի և արոտօգտգործող տնտեսվարողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ»,- նշեց բանախոսը:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Շարունակությունը հաջորդ հրապարակումներում:
Նոյեմբեր 12, 2024 at 17:20