

2024թ. նոյեմբերի 6-ին Երևանում կնքվեց եռակողմ բնապահպանական համաձայնագիր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Իջևան համայնքի և «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ-ի միջև «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II (ECF) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» LILA ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ նիստի ժամանակ:
Համաձայնագիրը ստորագրեցին WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը, Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրանտ Ներսեսյանն ու «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ-ի նախագահ Դավիթ Վիրաբյանը:
Համաձայնագրի հիման վրա ստեղծվում է «Օկոն» բնապահպանական տարածքը Իջևան խոշորացված համայնքի Ենոքավան և Սևքար բնակավայրերի տարածքում։ Այն կազմելու է էկոմիջանցքների մաս, որն ապահովելու է վայրի կենդանիների ապահով տեղաշարժն ու պահպանությունը: Համայնքային զարգացմանն ու վայրի կենդանատեսակների պահպանությանը միտված նոր տարածքը կընդգրկի 6000 հեկտար տարածք: Նշված տարածքից 1000 հեկտարը հիմնական գոտին է, որտեղ պահպանությունն ավելի խիստ ռեժիմով է իրականացվելու, իսկ 5000 հեկտարը՝ կայուն կառավարման գոտին է, որը կծառայի տնտեսական նպատակներին:
Համայնքային բնապահպանական տարածքում վայրի կենդանիների մոնիթորինգն ու պահպանությունն իրականացնելու են ընտրված երկու խնամակալները: Տարածքի պահպանության և կառավարման համար ծրագրով կտրամադրվի 200 հազար եվրո դրամաշնորհ, որից 3000-ական եվրո կստանան Ենոքավան և Սևքար բնակավայրերը՝ համայնքային փոքր ծրագրերի իրականացման համար:
«Օկոն» բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է WWF-Հայաստանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: ԷՄՀ II փուլի ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի կողմից:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Շարունակությունը հաջորդ հրապարակումներում:
Նոյեմբեր 13, 2024 at 12:11