Փորձառական զբոսաշրջային ծառայությունների մատուցման դասընթացներ՝ Իջևանում և Եղեգնաձորում

Փորձառական զբոսաշրջային ծառայությունների մատուցման դասընթացներ՝ Իջևանում և Եղեգնաձորում

Նոյեմբերի 2-3-ը Իջևան և Եղեգնաձոր համայնքներում անցկացվեց «Փորձառական զբոսաշրջային ծառայությունների և LIKE LOCAL թվային հարթակում գրանցվելու ուղեցույցի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց: Նպատակն էր աջակցել տեղական համայնքների ներկայացուցիչներին զբոսաշրջային ծառայությունների զարգացման և ներկայացման նորարարական մոտեցումներով, հասկանալ, թե ինչպես են հաջողությամբ մատուցվում փորձառական զբոսաշրջային ծառայությունները՝ սկսած արտադրանքի մշակման մոտեցումներից մինչև թվային հարթակներում իրենց ծառայությունների ներկայացում:  

Դասընթացը վարել են «LIKE LOCAL» թվային հարթակի ներկայացուցիչ Գևորգ Բաբայանը և փորձագետ Սիրարփի Ֆահրադյանը։ Դասընթացին մասնակցել է ավելի քան 40 մասնակից՝ զբոսաշրջային փորձառության տարբեր մակարդակներով՝ գաղափարի փուլում գտնվող նախաձեռնողներից մինչև փոքր բիզնեսների սեփականատերեր:

Մասնակիցները ծանոթացել են փորձառական զբոսաշրջային արտադրանքի մշակման առանձնահատկություններին: Նրանց ներկայացվել են միջազգային հարթակներում այլընտրանքային զբոսաշրջային ծառայությունները՝ դիտարկելով միջազգային շուկայում ընդունված փորձառական ծառայությունների առանձնահատկությունները: Խոսվել է նաև սպասարկման ստանդարտների, միջմշակութային հմտությունների, հյուրերի հետ հաղորդակցման էթիկայի, հիգիենայի կանոնների պահպանման և սննդի սպասարկման պահանջների մասին:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես կարող են գրանցվել «LIKE LOCAL» թվային հարթակում և թվային գործիքների կիրառմամբ հաղորդակցվել հյուրերի հետ: Ծրագրի շրջանակներում հետաքրքրված մասնակիցներին կտրվի աջակցություն՝ կարողությունների զարգացման և իրենց բիզնեսների տեսանելիության ապահովման համար։ 

Դասընթացների շրջանակում ուշադրություն է դարձվել տեղական արվեստի, արհեստների և փորձառությունների ներկայացմանը, որոնք կարող են նոր զբոսաշրջային հոսքեր ու եկամուտներ ապահովել՝ նպաստելով Հայաստանի մարզերում ներառական տուրիզմի զարգացմանը։ 

Դասընթացը կազմակերպվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակներում։  

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: 

Նոյեմբեր 08, 2024 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր