


Մարտի 4-6-ը Բեռլինում կայացավ ITB-Berlin 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացվեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ միասնական մեծ տաղավարով։ Հայաստանը ներկայացրին նաև «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցած «Նուեվա վիստա» և «Ռուբենտուրս» տուրօպերատորները։

ITB Berlin-ը, որը գործում է 1966 թվականից, համաշխարհային զբոսաշրջության և ճանապարհորդության ոլորտի առաջատար միջոցառումներից է։ 2025թ. ցուցահանդեսն անցկացվեց «Այստեղ է ապրում ճանապարհորդության աշխարհը» կարգախոսի ներքո։ Միջոցառմանը ներկայացված էին զբոսաշրջության տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արկածային տուրիզմը, բիզնես ճանապարհորդությունը, բժշկական զբոսաշրջությունը և ճամփորդական տեխնոլոգիաները։
ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորները և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը մասնակցել են տարբեր ձևաչափի հանդիպումների՝ ներկայացնելով Հայաստանի արկածային զբոսաշրջային գրավչությունն ու բնահեն փորձառությունները։ Բացի այդ, այցելուներին և ոլորտի մասնագետներին ներկայացվել են ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն և ներառական զբոսաշրջային արդյունքները։
Հայաստանի մասնակցության հիմնական նպատակն էր ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում, ինչը հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ զբոսաշրջիկներ և նպաստել համայնքային կայուն զարգացմանը։
«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց նաև «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանը ճանաչվեց հաղթող «Արկածային զբոսաշրջություն» անվանակարգում։

Վերջին մեկ տարվա ընթացքում ԼԻԼԱ ծրագրի շահառու տուրօպերատորները մասնակցել են հինգ խոշոր միջազգային ցուցահանդեսի՝ Դուբայում, Լոնդոնում, Սինգապուրում, Մադրիդում և վերջապես Բեռլինում։ Ալլա Ղազարյանի խոսքով՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս տուրօպերատորներին տեսանելի դարձնել իրենց զբոսաշրջային արտադրանքները, խթանել և վաճառել ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված փորձառություններն ու ծառայությունները։

«Ցուցահանդեսներին մասնակցությունն էական նշանակություն ունի ծրագրի շահառու բիզնեսների համար, քանի որ տուրօպերատորները ձեռք են բերում նոր գործընկերներ, կնքում պայմանագրեր, մշակում նոր փաթեթներ, որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի ավելացմանը դեպի Հայաստան։ Այս ամենն ուղղակի ազդեցություն է թողնում մարզերում գործող ԼԻԼԱ ծրագրի գործընկեր բիզնեսների զարգացման վրա։
Բացի վաճառքի հնարավորություններից, ցուցահանդեսները մեծ նշանակություն ունեն նաև տեղեկատվության տարածման և շուկայի արդի միտումներին ծանոթանալու տեսանկյունից։ Տուրօպերատորները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու համաշխարհային զբոսաշրջային թրենդերը, ինչը կարևոր է մրցունակ զբոսաշրջային առաջարկներ մշակելու համար»,- ընդգծեց նա։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի
Մարտ 26, 2025 at 15:31
