Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը

Մարտի 25-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հարթակը հիմնադրվել է 2018թ. Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), բնապահպանական ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության CARMAC II ծրագրի կողմից: Ստեղծման պահից հարթակն ընդլայնել է իր կազմը՝ ընդգրկելով ավելի քան 20 կազմակերպությունների, տեղական և միջազգային կառույցների, ծրագրերի և պետական կառավարման մարմինների:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց. «Հիմնադրեցինք այս հարթակը, որպեսզի մեկ սեղանի շուրջ հավաքվեն բոլոր այն կառույց-կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում արոտների արդյունավետ կառավարման ասպարեզում՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների քննարկման համար»: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության կերհանդակները, արոտներն ու խոտհարքները զբաղեցնում են ավելի քան 1 միլիոն հա տարածք կամ երկրի տարածքի ավելի քան 1/3-ը, և, բնականաբար, գյուղատնտեսական հողատեսքերի այս սեգմենտի հետ կապված ցանկացած նախաձեռնություն խրախուսվում է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարարության կողմից առանձնանում են մի շարք առաջնահերթություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի արոտների և խոտհարքների կայուն կառավարման ընդհանուր ռազմավարությանը։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ստանում բնական կերհանդակների կայուն կառավարման համաշխարհային փորձի ուսումնասիրումը և առավել հաջողածների կիրառման հնարավորությունների բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում։

Հաջորդ կարևոր առաջնահերթություններից է արոտների և խոտհարքների կայուն կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը, ինչը թույլ կտա բնական կերհանդակների կառավարման գործընթացում հստակ սահմանել հիմնական դերակատարների լիազորությունները և դրանցից բխող որոշումների կայացման շրջանակը, ինչպես նաև բացահայտել ոլորտում առկա օրենսդրական և իրավակիրառ բնույթի խնդիրները, բացերը և տեղ գտած հակասությունները։ Կարևոր առաջնահերթություններից է նաև կոնկրետ միջոցառումների սահմանումը, իսկ հետագայում նաև դրանց գործնական կիրառումը, որոնք ուղղված են անմիջականորեն արոտների և խոտհարքների արդյունավետ, իսկ բնապահպանական տեսանկյունից նաև անխաթար օգտագործումը»։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց անասնապահության զարգացման, արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ ՌԶԳ-ի կողմից իրականացված գործողությունները: Ըստ նրա՝ 189 գյուղական բնակավայրեր կիրառում են արոտավայրերի կառավարման արդյունավետ մոտեցումներ, կառուցվել է 221 ջրխմոց և 70 մակատեղի, վերականգնվել է 216.5 հա գերարածեցված արոտավայր, ինչպես նաև դիվերսիֆիկացվել են ֆերմերների կողմից մշակվող կերային մշակաբույսերը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ հարթակի մյուս անդամ-կառույցների կողմից իրականացվող ծրագրերը: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում արոտավայրերի կայուն կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Լուսանկարը՝ WWF Հայաստան-ի

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF Հայաստան)՝ հարթակին անդամակցելու հուշագրի ստորագրումը։ WWF-Հայաստանը ստորագրեց անդամակցության հուշագիր՝ նպաստելով համագործակցության ամրապնդմանը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և արոտավայրերի վերականգնման ու կայուն կառավարման ոլորտի այլ շահագրգիռ կողմերի միջև: WWF-Հայաստանը նպատակ ունի ներդնել իր փորձագիտական ներուժը, խթանել կայուն արոտավարման մեթոդները և աջակցել այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք կնպաստեն տնտեսական աճին և կբարելավեն բնական էկոհամակարգերը:

Ապրիլ 01, 2025 at 13:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր