

Վայոց ձորի մարզում գտնվող «Արենի 1» քարանձավը հազարամյակների պատմություն ունի, սակայն այսօր այն նորովի է վերածնվում՝ որպես զբոսաշրջության ու մշակութային ժառանգության պահպանման յուրահատուկ կենտրոն։
Արմինե Ադամյանը, ով արդեն 5 տարի աշխատում է «Արենի 1» գիտահետազոտական հիմնադրամում որպես էքսկուրսավար, պատմեց, որ հնագիտական պեղումները տարածքում բացահայտել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ։ «Գինու արտադրության ակունքները սկսվում են այստեղից՝ «Արենի 1» քարանձավից: Դրա վկայություն են 2007-2014թթ. տևած հնագիտական պեղումներով բացահայտված աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, գինու արտադրական հնձանը և բազմաթիվ արժեքավոր հնագիտական նյութեր, գտածոներ, որոնք մինչ այսօր ուսումնասիրության փուլում են»,- ասաց Արմինե Ադամյանը:
2024 թվականից «Արենի 1» գիտահետազոտական հիմնադրամը համագործակցում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) և«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY) ծրագրերի շրջանակում Արմինե Ադամյանը, ծրագրերի մյուս շահառուների հետ 2024թ. այցելել է Մոլդովայի Հանրապետություն փորձի փոխանակման նպատակով: «Այցելել ենք հայտնի գինեգործարաններ, ծանոթացել զբոսաշրջության ուղիներին, գյուղական տնտեսություններին, գինու արտադրության տեխնոլոգիաներին ու մեթոդներին: Մեզ հետ կիսվել են իրենց զբոսաշրջային փորձառությամբ ու թանգարաններում ներդրված թվային լուծումներով»,- ասաց Արմինե Ադամյանը: Ստացած գիտելիքներն ու հմտությունները Արմինեն իր գործընկերների հետ միասին մտադիր է կիրառել «Արենի 1» քարանձավում, որտեղ նախատեսում են գինու համտեսի սրահ ու թանգարան հիմնել:
5 տարի առաջ հիմնադրամի աշխատակցներն Արենիի կիրճում հայտնաբերել են վայրի խաղողի նմուշներ, որոնք համարվում են այժմյան Արենի խաղողի նախատիպերը։ Այդ եզակի խաղողի տեսակը դառնալու է քարանձավում ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ բացվող գինու համտեսի սրահի գլխավոր գրավչությունը։
«Գինիշիկաձորում մի քանի տարի առաջ գտանք վայրի խաղողի հետքեր: Դրանք ծառերին, ժայռերին, թփերին մագլցած վայրի խաղողի տնկիներ են: Այդ խաղողի տեսակը հնարավոր չէ իր բնական միջավայրից հանել վերաճեցնելու համար: Ցավոք սրտի, քիչ քանակությամբ են, հետևաբար քիչ քանակությամբ գինի է արտադրվում: Այն տարբերվում է ներկայիս գյուղական տնտեսություններում և հայտնի գինեգործարանում հյուրասիրվող գինիներից: Մեր նպատակն է ոչ միայն արտադրել այս գինին, այլև այն ներկայացնել այցելուներին՝ որպես բացառիկ համային փորձառություն: Մտադիր ենք բրենդավորել գինին և որպես պրոդուկտ ներկայացնել մեր այցելուներին հենց այստեղ՝ «Արենի 1» քարայրում»,- ասաց Արմինեն։
Նախատեսվում է ստեղծել քարանձավ-թանգարան, որտեղ կցուցադրվեն «Արենի 1» քարանձավում հայտնաբերված արժեքավոր գտածոներ։ Հատուկ տեխնոլոգիական լուծումների՝ անիմացիոն տեսահոլովակների և թվային վերարտադրությունների շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հին ժամանակների գինեգործության գործընթացները։
Արմինեն վստահ է, որ այս ծրագիրը դրական կանդրադառնա Արենի համայնքի ու հարակից բնակավայրերի զբոսաշրջային ուղղությունների զարգացման վրա: «Դա ոչ միայն կբերի ավելի շատ այցելուներ, այլև կմեծացնի համայնքի ճանաչելիությունը, կխթանի գինու արտադրությամբ զբաղվողների աշխատանքը և կստեղծի նոր աշխատատեղեր», - նշեց նա։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Մարտ 26, 2025 at 17:29