

Վայոց ձորի մարզի պատմական Գլաձոր գյուղում մասնագիտությամբ մանկավարժ, աշխարհագրագետ և պատմաբան Նորիկ Մկրտչյանը հիմնադրել է հայկական ավանդական ուտեստներ ճաշակելու «Նորտուրս» գաստրոբակ:
Նորիկ Մկրտչյանը երկար տարիներ դասավանդել է Գլաձորի դպրոցում։ Հայաստանի անկախացումից հետո, երբ զբոսաշրջությունը սկսեց աշխուժանալ, նա ընկերների հորդորով սկսեց զբաղվել զբոսաշրջությամբ։ Սկզբում զբոսավար էր, հետո արդեն ավելացավ հյուրասիրությունը՝ ընտանիքի ներգրավմամբ: «Իմ գիտելիքներով Հայաստանն իր գրավչություններով ներկայացնում եմ աշխարհին։ Ես ունեմ լավ ընկերներ, տուրօպերատորներ, որոնց խմբերը գալիս էին մեր տուն՝ ավանդական հյուրասիրության։ Այդպես մենք սկսեցինք ծառայություններ մատուցել՝ առանց որևէ ենթակառուցվածք ունենալու», - ասաց Նորիկ Մկրտչյանը։
Գլաձորը Վայոց ձորի զբոսաշրջային երթուղիների հանգույցներից է։ Մոտակայքում են Սպիտակավոր վանական համալիրը, Թանահատի վանքը, Պռոշաբերդը, Գլաձորի համալսարանը, Վայոցսարը։ Այս երթուղիները զբոսաշրջիկներին բերում են Գլաձոր՝ այդ թվում՝ Նորիկի գաստրոբակ, ուր վերջինիս ընտանիքը մատուցում է ավանդական ճաշատեսակներ: Այստեղ այցելուները համտեսում են տնական գինի, սեզոնային ուտեստներ, մուրաբաներ, տեղական խոտաբույսերով պատրաստված թեյեր, անցկացվում են պանիր հորելու և օղի թորելու վարպետաց դասեր:
Նորիկ Մկրտչյանը երազում է, որ իր օրինակը վարակիչ դառնա համագյուղացիների համար։ Գլաձորում արդեն գործում է մեկ այլ գաստրոբակ՝ «Թանահատ»-ը, և ինչպես ինքն է նշում՝ նման բիզնեսների զարգացումը մարզում դարձնում է զբոսաշրջության ոլորտը համակարգված և փոխկապակցված։ Բացի այդ, իր մոտ իրականացվող հյուրընկալությունները նպաստում են նաև գյուղի զարգացմանն ու համագյուղացիների եկամուտների ավելացմանը: «Մեր ծառայությունները մատուցելիս օգտվում ենք նաև հարևաններից: Միայն մեր տնտեսությունը չի կարող բավարարել անհրաժեշտ գյուղմթերքով: Մենք գնումներ ենք կատարում հարևաններից, ընկերներից՝ մեկից՝ ձու, մյուսից՝ կաթ, մածուն, լավաշ, սարի սունկ, մանդակ ու բանջար, թեյերի խոտաբույսեր: Մեր բիզնեսն օգնում է բնակավայրին՝ լրացուցիչ եկամուտներ ստեղծելու առումով»,- ասաց նա:
Չնայած տարիների փորձին՝ ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում էր բարձրակարգ սպասարկման ապահովմանը։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ Նորիկի բակում կառուցվեց ամառային խոհանոց, որը նոր որակ բերեց գաստրոբակի ծառայություններին։
Բացի նյութական աջակցությունից, ծրագիրը նաև հարթակ տրամադրեց մասնագիտական աճի համար։ Զբոսաշրջության ոլորտի գիտակ Զարմինե Զեյթունցյանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ անցկացված սեմինարները Նորիկի համար դարձան ոչ միայն հմտությունների զարգացման աղբյուր, այլև նոր համագործակցությունների սկիզբ։ Մարզի խոհանոցի առանձնահատկությունների վերաբերյալ իր գիտելիքներով Նորիկն աջակցեց Վայոց ձորի ավանդական խոհանոցը ներկայացնող գրքի ստեղծմանը:
Նորիկ Մկրտչյանը կարևորեց նաև Ծրագրի միջոցով կարողությունների զարգացման, համագործակցային միջավայրի ձևավորման կարևորությունը: «Ես հատկապես կարևորում եմ այն, որ նման ծրագրերը պատրաստի, համակարգված տեղեկատվություն և համաշխարհային փորձ են բերում մեր ոլորտ։ Եթե մենք միայն մեր ուժերով փորձենք առաջ շարժվել, գործընթացը շատ դանդաղ կլինի։ Իսկ ժամանակակից աշխարհում դանդաղ քայլելը պարզապես սխալ է։ Միայն այն փաստը, որ երկար տարիներ չունեինք մարզային ավանդական խոհանոցների տպագիր տարբերակ, իսկ այժմ՝ ծրագրի աջակցությամբ, արդեն ունենք Սյունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի խոհանոցների գրքեր, մեծ ձեռքբերում է։ Այժմ ամփոփված ձևով մեր ձեռքի տակ ունենք այն խոհանոցային մշակույթը, որը ստեղծվել է մեր պապերի կողմից դարերի ընթացքում։ Սա մեզ օգնում է ավելի լավ ներկայացնել Հայաստանն աշխարհին։
Շատ կարևոր եմ համարում նաև մարզային համագործակցությունների զարգացումը Ծրագրի մյուս շահառուների հետ։ Մենք, «Կրիա» գինիների գործարանը, «Արտչիզ» պանիների արտադրամասն ու մյուս ձեռնարկությունները սկսել ենք համագործակցել, և այս Ծրագրի շնորհիվ միավորվել ենք ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք պատրաստում ենք տարբեր տեսակի մուրաբաներ, սակայն երբ ընտանիքի արտադրած ծավալը բավարար չէ, օգտվում ենք հարևան Վերնաշենում գործող «Փունջ» պահածոների գործարանից»,- ընդգծեց նա:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Մայիս 13, 2025 at 14:36