Մոլդովական տուրօպերատորների ճանաչողական այցը Հայաստան՝ ԼԻԼԱ և RECONOMY ծրագրերի շրջանակում

Մոլդովական տուրօպերատորների ճանաչողական այցը Հայաստան՝ ԼԻԼԱ և RECONOMY ծրագրերի շրջանակում

2025թ. ապրիլի 25-ից մայիսի 2-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվեց մոլդովական տուրօպերատորների խումբը։ Ճանաչողական այցի նպատակն էր զարգացնել փոխգործակցությունը մոլդովական և հայաստանյան տուրօպերատորների միջև, ծանոթացնել վերջիններին Հայաստանի բնահեն զբոսաշրջային հնարավորություններին և խորացնել տարածաշրջանային համագործակցությունը։

ԼԻԼԱ ծրագրի`«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող տնտեսական բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները, միջամտությունների ազդեցությունն ու ստեղծված զբոսաշրջային արդյունքները։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև բնահեն զբոսաշրջության զարգացման հաջողված փորձառություններ և մոդելներ։

Հանդիպման ընթացքում ծրագրի գործընկեր տուրօպերատորներ «Nueva Vista»-ն և «AM Travel»-ը ներկայացրին իրենց ներգնա տուրիզմի փաթեթները և համագործակցության հնարավորությունները մոլդովական մասնագետների հետ։ Քննարկման առանցքում էր նաև համատեղ տարածաշրջանային տուրիստական երթուղիների մշակման հեռանկարը՝ միավորելով Հայաստանի և Մոլդովայի եզակի բնական, պատմամշակութային և գաստրոնոմիկ ռեսուրսները։

Բացի գործնական քննարկումներից մոլդովացի հյուրերն այցելեցին նաև ԼԻԼԱ ծրագրի թիրախային բնակավայրեր, հանդիպեցին շահառու զբոսաշրջային նախաձեռնությունների ներկայացուցիչներին։ Այցերն ընդգրկում էին ավանդական հյուրընկալություն, տեղական խոհանոցի համտես, լավաշի թխման ցուցադրական գործընթաց, ինչպես նաև տեղական խմիչքների և մթերքների համտես։

Այցը եզրափակվեց աշխատարանով, որին մասնակցեցին ԼԻԼԱ ծրագրի շահառու հայաստանյան տուրօպերատորները։ Աշխատարանի ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ փաթեթների ստեղծման գործնական հնարավորությունները, ձևավորեցին կապեր, որոնք կարող են վերաճել զբոսաշրջային համագործակցության կայուն հարթակների։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ

Մայիս 14, 2025 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր