ԱՄԵՆԻՑ ՄԵԾ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ՝ 250 ՀԱԶԱՐ ՄԱՆՐԱՁՈՒԿ

ԱՄԵՆԻՑ ՄԵԾ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ՝ 250 ՀԱԶԱՐ ՄԱՆՐԱՁՈՒԿ

Գալուստ Նանյան

Սեւանի մակարդակը 1898,84 մետր է


2007 թվականի համեմատ Սեւանա լճի մակարդակն այս տարի բարձրացել է 0,05 մետրով, իսկ Սեւանից բաց է թողնվել 303 մլն խմ ջուր։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերով՝ լճի մակարդակը դեկտեմբերի 24—ի դրությամբ կազմում է 1898,84 մետր. «Անցյալ տարի՝ նույն օրվա տվյալներով, այն 1898,79 մետր էր»։ Ա. Հարությունյանը, մանրամասնելով Սեւանի ջրերի թեման, հայտնեց, որ 2008 թվականին Արփա—Սեւան ջրատարով լիճ է լցվել 188,842 մլն խմ ջուր։

«Շատ ենք կարեւորում լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքները, որոնց իրականացման համար այս տարի տրամադրվել է 42 մլն դրամ։ Դրանց շրջանակներում մաքրվել է 95 հեկտար տարածք։ Աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել, կան թերություններ, որոնք պետք է վերացնեն կապալառու կազմակերպությունները»,–ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ 2009 թվականին այս ծրագրով պետբյուջեով նախատեսված է մոտ 257 մլն դրամ. «Հաջորդ տարի կկատարվեն նաեւ նախագծային եւ նախահաշվային աշխատանքները, որից հետո մաքրման աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվելու են շուրջ 600 հա տարածքում»։

ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2009 թվականի տարեկան ծրագիրը։ Իսկ մինչ այդ, 2008 թվականին, իրականացվել են ձկան պաշարների ավելացման աշխատանքներ. «Սկսած 5 գրամից, մինչեւ 50, 60,100 գրամանոց 250 հազար մանրաձկներ ենք բաց թողել լիճ, ինչը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի»։

Պահպանվող  տարածքները  կհամալրվեն երկուսով

Գալիք տարում մեր երկրում առկա պահպանվող տարածքների թիվը կավելանա մեկ ազգային պարկով եւ մեկ պետական արգելավայրով։ Ստեղծվելու է «Արփի լիճ» ազգային պարկը՝ Շիրակի մարզում եւ Սյունիքի մարզում՝ «Զանգեզուր» պետական արգելավայրը։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ արդեն մշակվել եւ շահառուների հետ քննարկման փուլում են «Արփի լճի ազգային պարկ ստեղծելու», «Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ—ի կանոնադրությունները հաստատելու մասին», «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու» եւ «Զանգեզուր պետական արգելավայրի կանոնադրությունն հաստատելու մասին», «Արեւիկ ազգային պարկ ստեղծելու» եւ «Արեւիկ ազգային ՊՈԱԿ—ի կանոնադրությունն հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերը»,– ասաց նախարար Հարությունյանը։

Բնապահպանական տեսչության  հայտնաբերած  խախտումները

Այս տարվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն իր ստուգումների արդյունքում, որը, ի դեպ, իրականացվել է 1548 տնտեսավարող սուբյեկտներում, հայտնաբերել է 1111 խախտում։ Նախարար Հարությունյանը նշեց, որ բուսական եւ կենդանական աշխարհի ոլորտում գրանցվել է 418 խախտում, կազմվել է 970 վարչական ակտ՝ 66.3 մլն դրամ գումարի չափով, ինչպես նաեւ վնասի փոխհատուցման 391 արձանագրություն՝ 108.2 մլն դրամ գումարի չափով։

Բնապահպանական տեսչության կիրառած պատժամիջոցներից այս տարի պետբյուջե է մուտքագրվել 112,8 մլն դրամ։ Ջրային ռեսուրսների պահպանության եւ բնական օգտագործման ոլորտում հայտնաբերվել է ավելի քան 196 խախտում, որի հիման վրա կազմվել է 131 վարչական տուգանքի ակտ՝ 12,95 մլն դրամի չափով, 17 վնասի հատուցման արձանագրություն՝ 10,15 մլն դրամի չափով։ Իսկ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում տեսչությունն արձանագրել է 364 խախտում՝ 12,8 մլն դրամի 128 վարչական տուգանքի ակտ է կազմվել։ Իսկ 32 վնասի հատուցման արձանագրության գումարի չափը կազմել է 6,2 մլն դրամ։

2008 թվականին 6 կազմակերպության եւ առանձին անհատների է տրամադրվել 1935 արտոնագիր՝ սիրողական որս կատարելու նպատակով։

«Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում իրականացրած ամենօրյա շրջայցերի եւ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 100 խախտում, որի արդյունքում կազմվել է 65 վարչական տուգանք, 27 վնասի հատուցման արձանագրություն։ Իսկ բույսերի պահպանության ոլորտում իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերվել է 317 խախտում եւ կազմվել է 317 վարչական տուգանքի ակտ եւ 303 վնասի հատուցման արձանագրություն։ Մի շարք անտառտնտեսություններում կատարած մասնակի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 866 ծառ։ Տավուշի եւ Արարատի մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքի տարածքում գործող 58 փայտամշակման արտադրամասերում ստուգումների ժամանակ նույնպես հայտնաբերվել են խախտումներ, որոնց համար կազմվել են 1,66 միլիոն դրամի վարչական տուգանքի ակտեր եւ պարտադիր կատարման 11 հանձնարարականներ»,–ասաց բնապահպանության ոլորտը համակարգող նախարարը։

Հ. Գ. Նախարար Հարությունյանը նախարարության այս տարվա աշխատանքներում բացթողումը համարեց պահպանվող տարածքների սահմանների ճշգրտված, վերջնական տեսք չունենալը։ Իսկ այլ բացթողումների մասին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ասաց, որ ամենից մեծ բացթողումը եղել է Սեւանա լիճ բաց թողած 250 հազար մանրաձուկը։

Հունվար 15, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր