

ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծը նիստի քննարկմանն էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա` Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ: «Ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա»,-նշել է Արամ Հարությունյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ օրինագիծը միակողմանի է. այն ուղղված է պահպանելու ջրային ռեսուրսները, սակայն ներկայացված չէ ոլորտի վրա ազդեցության գնահատականը: «Առաջարկվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան ձկնարդյունաբերության ոլորտի վրա, մտահոգություն կա, որ տարիների ընթացքում դժվարությամբ կայացած ոլորտում տեղի կունենա տնտեսվարողների մրցունակության անկում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը :
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ Արամ Հարությունյանին առաջարկել է ներկայացնել ոլորտի վրա ազդեցության մանրամասն գնահատական, հատկապես պարզաբանելով, թե հնարավոր է, որ օրինագծի ընդունմամբ բարձրանա ձկնարտադրանքի գինը:
Դեկտեմբեր 16, 2013 at 16:19
