

ԷկոԼուր
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում` մասնավորապես «Զանգեզուր» արգելավայրում, «Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է երկու փոքր ՀԷԿ-ի կառուցում` «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը եւ «Քաջարանց» ՓՀԷԿ-ը: Քաջարանցի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դրական է վերաբերվում նոր «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցմանը: Եւ այս կարծիքը հայտնեց ապրիլի 30-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ:
Հիմնական պատճառը, որի համար գյուղապետը կողմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, աշխատատեղերի ստեղծումն է: «Մեզ վնաս չի տա բացի օգուտից: Մարդիկ գետի հունը չեն փոխելու, ոչ մի վնաս չեն հասցնելու, մենք էլ գետից չենք օգտվում, գետը գյուղից շատ ցածր է», - ասաց Ռաֆիկ Աթայանը:
ՓՀԷԿ-երի կառուցման տարածաշրջանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, առաջավորասիական հովազը, գորշ արջը: Այս կենդանատեսակների համար երկու փոքր ՀԷԿ-երի նախագծերում նշվում է, որ չեն մտնում ՀՀ Կարմիր գրքի կամ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի մեջ եւ հանդիսանում են Կապանի տարածաշրջանի համար ֆոնային լայն տարածված տեսակներ: Փոխարենը որպես կարմիրգրքյան կենդանատեսակներ թվարկվում են` Սյունաձև խխունջը, Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկը, Կապանյան երկարաμեղիկը, Ապոլոնը, Բրենթիս Ինոն, Ալկոն կապտաթիթեռը, Արիոն կապտաթիթեռը, Հուբերտի կապտաթիթեռը, Պրոզերպինա իլիկաթիթեռը, Հարավային պայթաքիթը:
Ողջիի վտակ Քաջարանց գետում, որի վրա կառուցվելու է «Քաջարանց» ՓՀԷԿ-ը, հայտնաբերվել են քուռի բեղլու, քուռի կողակ, գետային կրաբեր: Նույն տեսակները հայտնաբերվել են նաեւ Ողջիի Կապուտջուղ վտակում, որի վրա նախատեսվում է «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցումը:
ՓՀԷԿ-երը կարող են բացասական ազդեցություն ունենալ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր էկոհամակարգի վրա, որի մասն են Կապուտջուղ եւ Քաջարանց գետերը, բուսական ու կենդանական աշխարհը:
Այս ռիսկը չի բացառվում փոքր ՀԷԿ-երի կառուցման հայտերում: Այս կապակցությամբ հայտերում մասնավորապես նշված է.
«1. ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ գետի ջրային հոսքի նվազեցման արդյունքում փոփոխության կարող է ենթարկվել գետի էկոհամակարգը, իսկ գերնորմատիվային ջրառը կարող է առաջացնել զգալի վնաս:
- Հնարավոր ազդեցությունները գետային էկոհամակարգի վրա կարող են արտահայտվել.
- ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում ջրի ելքերի զգալի նվազմամբ և վերջինիս պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ,
- տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխմամբ
- գետի հունում անմիջական շինարարական աշխատանքներ կատարելիս (պատվարի և ՓՀԷԿ-ի շենքի կառուցում),
- գետի ջրի աղտոտմամբ` կախված նյութերով, առարկաներով և նավթամթերքներով,
- ջրի որակի հնարավոր վատացմամբ՝ շինհրապարակներում կուտակված շինարարական աղի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով»:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մայիս 04, 2015 at 14:05
