Գայլի խոշտանգումը հանցագործություն է

Գայլի խոշտանգումը հանցագործություն է

ԷկոԼուր

ՀՀ քաղաքացիներ Գոհար Սարոյանը եւ Բայանդուր Պողոսյանը հանցագործության մասին հայտարարություն են ուղարկել ՀՀ ոստիկանություն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գառներին հոշոտած գայլին տանջամահ անելու առնչությամբ: Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում մարդիկ դաժանաբար խոշտանգում են գայլին եւ սպանում:

Տեսանյութը առաջացրեց հասարակության վրդովմունքը, ինչից հետո տեսանյութը հանվեց Youtube-ից: «…Գայլը, որ գայլ է, երբեք նման սադիստական վերաբերմունք չունի իր զոհի նկատմամբ... Նա միանգամից սպանում է, որ հագեցնի իր քաղցը, որպեսզի ուղղակի ապրի, ինչպես ցանկացած այլ կենդանի արարած... Իսկ այստեղ չգիտեմ, թե այդ «մարդիկ» ինչով են զբաղված... Մի՞ թե հոգեվարքի ցնցումները որևէ մեկին դուր են գալիս: Ենթադրում եմ,  որ յուրաքանչյուրս այդ ցնցումները կտանենք մեր հոգում` այս տեսանյութը նայելիս... Ու փորձենք հասկանալ, թե մարդ ասածը ինչ է, ինչու է նա այդքան դաժան...,  ՀՀ բնապահպանության նախարարության սխալ ռազմավարությունը տալիս է իր պտուղները: Գայլին դարձրեցին բոլոր չարիքների մեղավոր և մի բան էլ վճարում էին սպանդի համար: Species management concept և plan չկա դրա համար էլ սրան է հասել....»,- գրեցին Facebook սոցիալական ցանցի օգտատերերը:

Հանցագործության մասին հայտարարության մեջ ասված է. «ՀՀ տարածքում գտնվող Վահան գյուղում  տեղի է ունեցել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով դատապարտվող գործողություն՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը»: Գործողությունը պատկերված է կցված տեսանյութի վրա: Տեսանյութի վերնագրում նշված է նաև ամսաթիվը՝ 27 դեկտեմբերի, 2014 թ.: Պահանջում ենք`
* պարզել կենդանուն խոշտանգած անձանց ինքնություններն ու ներգրավել որպես մեղադրյալներ
* որպես վկա ներգրավել տեսանյութը Youtube համակարգում տեղադրած ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Թամար Դարբինյանին (Youtube-ին կցված Google+ սոցիալական ցանցի տվյալներով)
* մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի ամբողջական տեքստը՝
Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:



Հուլիս 17, 2015 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր